Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ



ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸԱպրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրության փոփոխության հանրաքվե: Թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրենսդրական այս նախաձեռնությամբ հանրապետությունը խորհրդարանականից դառնալու է նախագահական:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փետրվարի 10-ին ստորագրել է խորհրդարանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը և ուղարկել վարչապետին: Փետրվարի 25-ին կմեկնարկի հանրաքվեի քարոզարշավը:

Փոփոխվող սահմանադրությամբ Թուրքիայի նախագահն ունենալու է նոր, բացառիկ իրավունքներ: Մասնավորապես՝ նրան խորհրդարանը ցրելու, արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է տրվում: Արդարադատության նախարարը նշանակվելու է նախագահի կողմից, սահմանադրական դատարանի 22 դատավորների թիվը կկրճատվի մինչև 13 հոգի, որոնցից 4-ին կնշանակի նախագահը, 7-ին կընտրի խորհրդարանը, 2-ը կլինեն մշտական անդամներ՝ արդարադատության նախարարը և նախագահին կից արդարադատության խորհրդի մեկ անդամ:

Հատկանշական է, որ հանրաքվեն տեղի կունենա 2016թ. հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում: Շատերը կարծում են, որ հեղաշրջման փորձը բեմականացված է եղել հենց Էրդողանի կողմից՝ նպատակ ունենալով մաքրել քաղաքական դաշտը անցանկալի անձանցից:

Թուրքիայում 2016թ. հուլիսի 16-ից մինչ օրս ձերբակալվել է ավելի քան 100 հազար մարդ, որոնք մեղադրվում են «Ֆեթուլլահիստ» շարժման կամ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու համար: Ձերբակալվածները զրկվում են մեղադրանքը կամ դատավճիռը բողոքարկելու իրավունքից, նրանք կարող են միայն դիմել նախագահին ներում ստանալու համար: Թուրքիան սահմանադրական փոփոխությունների շնորհիվ ցանկանում է բարձրացնել Էրդողանի դերակատարությունը:

Միայն պաշտոնական տվյալներով 330 ակադեմիկոսի հեռացրել են աշխատանքից և չեն թույլատրել զբաղվելու ուսումնադաստիարակչական աշխատանքով: Աշխատանքից զրկվել են նաև 4464 պրոֆեսոր-դասախոսներ, 11 000 ուսուցիչներ, շատերը զրկվել են հետագայում դասավանդելու հավատարմագրից: Ձերբակալվել կամ կալանավորվել է 154 լրագրող:

Այսպիսով՝ Էրդողանը կերտում է երկրի միակ առաջնորդի, «փրկչի» իր կերպարը, և նոր սահմանադրությունը համահունչ է այդ տեսլականին: Սակայն, փաստ է, որ հենց թուրք հասարակությունն է դրան պատրաստ եղել:

Թուրք հասարակությունը կարիք ունի միանձնյա ուժեղ ղեկավարման, ներքին կայունության և անցյալի փառքի: Պատահական չէ, որ շատ համայնքներում արդեն չկա Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի ոչ մի արձան: Թուրք հանրությունը հոգնել և հիասթափվել է թերի ժողովրդավարացումից, Թուրքիան աշխարհիկ երկիր դարձնելու արհեստական փորձերից: Ավելի քան 30 տարի Թուրքիան թակում է Եվրամիության դուռը, բայց ապարդյուն: Նաև այդ պատճառով իսլամիստական, պահպանողական «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը կարողացավ այդքան ամրացնել իր դիրքերը: Թուրք հասարակությունը Էրդողանին հնարավորություն է տալիս երկիրը դարձնելու տարածաշրջանային առաջնորդ՝ վարելով անկախ և անկանխատեսելի արտաքին քաղաքականություն: Էրդողանը փորձում է վերադարձնել նախաքեմալական Թուրքիան:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Տարածաշրջան


15/02/2017