Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՀայ զինվոր, թանկագինս, երբեք չէի մտածի, որ այն աղջնակը, որը մանկապարտեզում առաջին անգամ զինվոր էր տեսել և հիացել նրա համազգեստի փայլուն ուսադիրներով, պիտի այսքան շուտ մեծանա, հասկանա, թե ով է հայ զինվորը, ինչ սուրբ առաքելություն ունի, ապա և ցանկանա նամակ գրել` նրան գոտեպնդելու, աջակցելու, նրա կողքին լինելու մեծ ցանկությամբ:

Հա՛յ զինվոր, սիրելի՛ս, Երևանում հիմա համատարած ձյուն է: Մեր դպրոցում տոն է` նվիրված Հայոց բանակի 25-ամյակին: Ես որոշեցի քեզ նամակ գրել, աշխարհի ամենագեղեցիկ նամակը: Կանգնած եմ տխուր-երջանիկ ու փորձում եմ պատկերացնել քո դեմքը: Տեսնում եմ քո արծվային իմաստուն հայացքը, կանոնավոր դիմագծերիդ ազնվականությունը: Կեցվածքդ խրոխտ է, աչքերիդ մեջ վրեժ կա, կա նաեւ լուսավոր ժպիտ: Զինվո՛ր: Դու հայի ամենալավ տեսակն ես: Հավատացած եմ՝ դու հեռվից տեսնում ես ինձ և զգում, որ ես անկեղծ զրուցակից եմ: Գիտեմ, որ հիմա հայացքդ ուղղել ես քեզ վստահված տեղամասին, որ սոսկ տարածք չէ, այլ իմ ու քո հայրենիքը: Մտովի թռչում եմ Արցախ, ոտք եմ դնում սրտիս պես փոքրիկ այդ հողին ու ինձ շատ մոտ եմ զգում քո հայացքը` արևոտ հավատքով ողողված: Ես հավատում եմ, որ ոչ մի ապերասան հողմ քեզ չի կարող կտրել այս հողից, այս երկրից, այս աշխարհից, որի անխոնջ պահապանն ու տերն  ես դու, հարազատ Զինվոր:

Շուրթերդ վճռական սեղմել ես ու ամուր բռնել ինքնաձիգդ: Քո հպարտության մեջ տխրություն կա: Մի քանի ամիս առաջ դու տեսար քո ամենամոտ ընկերոջ մահը: Աշխարհը արձագանքեց դրան մի զուսպ ձևակերպումով՝ ապրիլյան քառօրյա պատերազմ: Քեզ համար դա այդպես չէ. դու դեռ քո հաշիվներն ունես պարզելու: Վստահի՛ր ինձ. ես ու դու միասին ենք, ես ու դու խիղճն ենք աշխարհի ու ուժը մեր հողի: Խաչդ ծանր է, Զինվո՛ր, կամքդ` անսպառ: Դու հզոր ես անգամ քո տխրության մեջ…

Զինվո՛ր, սիրելի՛ս, քեզ ասացի ամեն ինչ: Բայց դեռ չասացի ամենակարևորը: Ուզում եմ քնել ու քեզ համար երազ տեսնել, ուզում եմ, որ ձյան մեջ աստղեր ընկնեն, որ ձյունը տաքանա, ու դու չմրսես: Համոզված եմ` ամենադժվար պահերին կշոշափես գրպանդ, որում խնամքով թաքցրել ես իմ արևոտ երազը, և հոգիդ կցնծա, ոգիդ կամրանա, ու ահեղաձայն կորոտաս. «Քոնն եմ, հայրենի՛ք, քո հաղթանակած զինվորն եմ ես»:

Միշտ քո` Շողիկ ԳԱԼՈՅԱՆ

Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Բանակ և հասարակություն


15/02/2017