Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂԱՆԴԱՀԱՐ



Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՂԱՆԴԱՀԱՐԻնքնաթիռը, որի մեջ հայտնվեցի աշնան վերջին,  պատերազմի սկզբից ի վեր Քառասուներորդ բանակում «Սեւ կակաչ» անունով էին  կնքել։  Եվ ինչպես յուրաքանչյուր ժողովրդական ավանդություն, այս մեկն էլ իր ծագման նախապատմությունն ուներ։ Համաձայն որի, երբ հերթական ուղերթից հետո բեռնատար ինքնաթիռի միջից սկսել էին ցած իջեցնել  աֆղանական պատերազմի առաջին զոհերին,  օդաչու հորը  դիմավորելու եկած մի աղջնակ ուրախ-ուրախ բացականչել էր.

-Մայրի՜կ, մի տե՜ս, հայրիկի ինքնաթիռից քնած մատնաչափիկներ են դուրս գալիս։

Փոքրիկի տարօրինակ, անսպասելի համեմատությունից հանկարծակիի եկած մայրը զարհուրով ակամա հաստատել էր.

-Դու ճիշտ նկատեցիր, աղջի՛կս, մեր հայրիկի ինքնաթիռը մի մե՜ծ, շա՛տ մեծ կակաչ ծաղկի է նման…

Եվ ասում են՝ իբրեւ թե այն օրից զոհվածներին տեղափոխող բեռնատար ինքնաթիռը Քառասուներորդ բանակի շարքերում ձեռք էր բերել «հեքիաթային ծաղկի» համարում, մակդիրը՝ Սեւ, իսկ չվերթը  անվանել էին «Մատնաչափիկների»։ Մինչդեռ, ըստ բանավոր աղբյուրի մեկ այլ հիշատակման,  պատերազմական ավանդապատումը ծնունդ էր առել  խորհրդային զինվորի եւ անապատական մի քուշանուհու միջեւ ծագած  անհույս սիրո հետ։

…Աղջիկը խաշնարած էր եւ շատ համակրելի, ինչպես տափաստանի մատղաշ եղնիկ։  Ռուս տղան, որ ուղեկալում հերթապահելիս մի օր  հանդիպել էր այծերի հորանը արածեցնելու քշող աֆղանուհուն, նայել էր նրա սեւորակ  աչքերի խորքը եւ անդարձ կորցրել էր քունը։ Ու սկսել էր զինակիցներից թաքուն երբեմն-երբեմն ծլկել վրանից, հենց որ մանկամարդ քուշանուհին անցնում էր ուղեկալի մոտով՝ տանելով հորանը Փանջշերի* հովիտը՝ արոտի։  Սիրահար զինվորը, արհամարհելով ամեն վտանգ ու մահվան  սպառնալիք,  ինքնամոռաց քայլում էր չքնաղ  հովվուհու անցած ճանապարհով եւ հեռվից հետեւում, հիանում էր  նրա ճարպիկ շարժուձեւով, ճկուն նազանքով։ Աղջիկը նկատել էր շիկամազ օտարականին եւ սաստիկ քաշվում-խուսափում էր նրա հետ մեղսալի առերեսումից՝ թուխ երեսը առնելով չադրայի տակ…  Քիչ-քիչ վարժվեց խենթ պատանու համառ հետապնդումներին, ընտելացավ նրա անչար ներկայությանը՝ հմայված-հրայրքոտ հայացքներին, անհասկանալի խոսվածքին ու մի օր էլ ամոթխած ժպիտ պարգեւեց անվնաս անծանոթին, որ ամեն անգամ իր զինվորական օրապահիկից խտացրած կաթ, շոկոլադ եւ շաքար էր բերում  սիրածի համար. «Վերցրու, քույրի՛կ,  անուշ արա, քեզ համար է,- քուշանուհուն էր տալիս քաղցր նվերները եւ տրտմագին թախանձում։ -Ինձ քիչ մնաց, հարյուր օր, շուտով կզորացրվեմ, իսկ ես նույնիսկ քո անունը չգիտեմ, բայց ոչինչ, կզորացրվեմ, ծնողիս կարոտը կառնեմ ու էլի քեզ մոտ կգամ, քո հետեւից, խոստանում եմ, ինչ գնով էլ լինի, քեզ մենակ չեմ թողնի, դու իմ կինը կլինես, ես քեզ թագուհու պես կպահեմ, իմ ձեռից ամեն բան գալիս է, երբեք ու երբեք նեղություն չես քաշի, խոստանում եմ, միայն թե՝ դու իմ ջահել սրտի փափագը մի մերժի, թե չէ առանց քեզ կյանքս կխավարի…»։

Խաշնարած աղջիկը իր դեռատի, հուզաթրթիռ էությամբ՝ հոգու եւ մարմնի բոլոր հյուսվածքներով հասկացել, խոնարհել էր հեզիկ հայացքը տագնապած սրտի զարկերից եւ իր ցեղի լեզվով աղերսել էր. «Դու բարի շուրավի** ես, օտարական, շնորհակալ եմ քո բերած բախշիշների*** համար, որոնք ես ու եղբայրս ուտում ենք ծածուկ, որ հայրիկը չիմանա ու մեզ չծեծի… Ինձ համար չէ, որ անհանգստանում եմ, բարի շուրավի, խնդրում եմ, էլ մի գա, վտանգավոր է, եթե ինձ ու քեզ միասին տեսնեն, երկուսիս վերջն էլ կգա… Մեղք ես, չի կարելի, չեմ ուզում, որ իմ երեսից… խղճա ինձ ու քեզ, հեռացիր, լսո՞ւմ ես, չփորձես գտնել ինձ… հեռացիր, մոռացիր…»։ Այսպես խոսելով ու խրատելով՝ մանկամարդ քուշանուհին այծերի հորանի հետ անհետացել էր անհայտ ուղղությամբ՝ թողնելով ռուս զինվորին քոռ ու փոշման։ Օրեր էին անցել, սակայն խաշնարած աղջիկը, որ սովորականի նման վազում-անցնում էր դաշտային ուղեկալի մոտով, ոչ մյուս, ոչ էլ մնացած օրերին ոչ մի տեղ այլեւս չէր երեւացել՝ ավելի ու ավելի պղտորելով սիրահար զինվորի սիրտն ու հոգին, որ շարունակում էր անհաղորդ լինել հնամենի այս երկրի վարք ու բարքին։ Գլուխը կորցրած շուրավին նետվել էր Փանջշերի հովիտը, որտեղ առաջին անգամ իր կյանքում սիրո անպտուղ խոստովանություն էր արել… եւ չգտնելով իր փերիին՝ ետդարձի ճանապարհին ընկել էր մոլեռանդ մի ցեղի մոջահեդների ծուղակը…

Եվ երբ խոշտանգված զինվորի մարմինը աֆղանական  պատերազմի ուրիշ զոհերի հետ ճանապարհում էին տուն, բեռնատար ինքնաթիռի մեջ հանկարծ ինչ-որ հրաշքով հառնում է ոտից գլուխ սեւազգեստ աֆղանուհու կերպարանքը, որ կարծես ամբողջովին մթարքից էր հյուսված։ Ցինկե արկղերի նեղլիկ լուսանցքներում փնտրելով ու գտնելով իր բարի շուրավիի կապույտ-կիսախուփ աչքերը՝  ծնրադիր հակում է գլուխը  անմեղ զոհի վրա, քարանում է մի պահ, ապա իսկույն էլ հեռանում է, ինչպես որ հայտնվել էր անապատի տեսիլքի նման։

Պատմում են նաեւ, որ քուշանուհու հեռանալուց հետո հետախուզական գնդի մարտիկները հազվագյուտ, սեւաթույր կակաչների մի փունջ էին տեսել սպանված սիրահարի դագաղին, որից էլ մեկական ծաղիկ բաշխելով մյուս անմեղ զոհերին՝ ոչ ավել-ոչ պակաս, հարյուր հատ լեռնային վայրի վարդակակաչ էին  հաշվել։ Ուղիղ այնքան, որքան օր էր մնացել խեղճ զինվորին մինչեւ զորացրում… «Սեւ կակաչը թռավ իր սերմերը ցանելու…»,- կանչելու էին հետայսու չարագուշակ օդանավի հետեւից։

♦♦♦

Հարմար տեղավորվելով Սեւ կակաչի տարողունակ սալոնում՝ թռչնի ճախրանքի բարձրությունից մի վերջին անգամ նայեցի գումարտակի տարածքին՝ փոշեկուր վրաններին, կանաչ գույնով ներկված օրապահի հսկայական «սնկերին», որոնց թիթեղյա վեղարների տակ կանգնածներին ես մտովի մաղթեցի. «Չտխրեք, տղե՛րք, ձեր հերթն էլ կգա…»։ Ինքս էլ հաճախ կարոտած հայացքս հառել էի գլխավերեւովս թռչող հսկա ինքնաթիռին, որի ներսում մի օր հայտնվելը յուրաքանչյուր զինվորի նվիրական երազանքն էր, միայն թե ոչ ոք չգիտեր՝ ի՞նչ հարգ ու պատվով։ Տեսա գրադարանի շեմքից  ձեռքով անող Սաշա Նեվիննիին, որի հանդեպ խղճահարությունս գնալով վերաճում էր հարգանքի: Վերջապես տուն եմ թռչում՝ ներքեւում թողնելով աղվամազ շապիկս… Անընդհատ խեղաթյուրման քսաներկու ամիս։ Ավելի ճիշտ՝ ոչ թե թողնում, այլ ընդմիշտ տանում եմ ինձ հետ՝ իբրեւ մշտարթուն հիշատակներ։

Ինքնաթիռի բեռնախցիկում, ինձնից բացի, կային եւս չորսը. չորսն էլ տարբեր ազգությունների։ Ի՞նչ «լավ բանի» կամ «խիզախման համար» էին նրանք «արժանացել արտահերթ զորացրվելու իրավունքին». դատելով նրանց տեսքից՝ առիթը բացառիկ էր։ Այդուհանդերձ, վերջիններիս նկատմամբ իմ առավելությունն անուրանալի էր, որովհետեւ ես թռչում էի, իսկ նրանք՝ տեղափոխվում։ Տղերքի առնչությամբ կիրառելի էր նաեւ «ճամփորդել» բայի անկատար ներկան, քանի որ երբեմն, իրենց կամքից անկախ, դեպի տուն ընկած ճանապարհին երկրեերկիր  թափառելուց հետո է, որ հանգրվանում էին հարազատ հարկի տակ, ներկայանում իրենց սիրելիներին՝ նորից ճանաչման։

Թռիչքից առաջ պարետատան զինվորները օդանավ բարձեցին չորս մեծ արկղ, որոնց կողեզրին արգելական հրամայականով գրված էր՝ «Չբացել», եւ դրոշմված էր՝ Բեռ-200-ը, որ ենթադրում էր հատուկ ուղեկցում մինչեւ հասցեատեր։ Ես համաձայնել էի նրանցից մեկի ուղեկցողը լինել, որի հետ նույն վաշտում էի ծառայել եւ կարող էի վկայել զինվորի հարազատներին նրա երկրային կյանքի վերջին վայրկյանները… Երբ այլանդակված մարմինը, նախ, զոդում էին ցինկի մեջ, ապա, կավարե  ծանրոցի տեսք տալով, կնքում էին գաղտնիության դրոշմով։ Ինձ հենց այս չարաբաստիկ առաքելությունը ստանձնելու պայմանով է նաեւ (գլխավորապես), որ զորացրում էին ժամկետից շուտ՝ Արտահերթ չվերթով։

…Խե՜ղճ ծնողներ… Նրանք ինձ, թվաց, հավատացին, հենց որ նկարագրեցի իրենց հաղթանդամ որդու բարեբախտաբար անվնաս մնացած «փափուկ տեղի» ծննդյան նշանը։ Բարձրահասակ, ոսկրոտ արտաքինով սգավոր կինը շարունակ իր երկար, փոցխի պես ձեռքերով կառչում էր ուսերիցս՝ պահանջելով իր մինուճարին՝ իր «դանդալոշիկին», «շատակերիկ դմբոյին»… Ինձնից քիչ հունար չպահանջվեց՝ համոզելու զոհվածի հարազատներին, որ արտաշիրմում չանեն։ Այնինչ հուղարկավորության ժամանակ մի մոլեգնած, կատաղի գուցուլուհի  մինչեւ իսկ իրեն գերեզմանափոսը նետեց՝  չհաշտվելով առանց իր սիրեցյալի ապրելու մտքի հետ… Ի վերջո՝ տնական բարկօղին խլացրեց ընտանիքի հոր ահարկու վիշտը, իսկ իմ՝ հանգուցյալ ընկերոջ մասին պատմող իրական-հորինովի դեպքերն ու դիպվածները թմրեցրին գեղջկուհի մոր եւ տաքարյուն գեղեցկուհու անօգուտ ընդվզումն ու ինքնաձաղկումը…

Ես չգիտեմ, թե ինչ ընծաներ կմատուցեին այն «չորսը» իրենց սիրելիներին, եթե զորացրվեին  ճիշտ ժամանակին, մինչդեռ ես ինքս ինձ եմ նվեր տանում սեփական ոտքերիս վրա։ Ինքս ինձ նվիրաբերում եմ իմ հարազատներին, հարազատ քաղաքի հասարակությանը, որի հետ երես առ երես հանդիպելիս առաջվանից ավելի համարձակ կլինեմ, որովհետեւ ես հիմա «աֆղանական պատերազմի հերո՜ս եմ…», որովհետեւ հաղթելու (ինքդ քեզ) կեսն էլ պատերազմում չզոհվելն է։ Ու թեպետ բնությունից հուսահատության աստիճան ամոթխած եմ, բայց ես այլեւս չեմ  շլմորի աղջիկների չքնաղ-չափող հայացքներից, մի բուռ չեմ դառնա նրանց պչրուն-սեթեւեթ ներկայությունից, քանի որ այնքան սիրուն, մեռած աչքեր եմ տեսել: Մահը որ կա, ամոթն էլ ո՞ւմ շունն է։ Ես ողջ եմ։ Ինձնից պրծում չկա… Ուստի Աստծու կամոք «լույս աշխարհ գալս» երկրորդելով` մորս նվիրեցի արյան ճնշումը կարգավորող նռնաքարե մի ապարանջան, քրոջս՝ վիլյուրե սվիթր, իսկ հորս, որ Միջին Արեւելքի սովորություններն ու հավատալիքները ուսումնասիրած անձնավորություն է, ընծայեցի քաշմիրյան վարպետների պատրաստած մի փղոսկրյա մունդշտուկ, ինչն էլ իսկույն եւեթ արժանացավ նրա զգուշավոր գնահատանքին.

-Սա, հո, կանտրաբանդա՛ է (շեշտելով բանդա բաղադրիչը), ո՞նց ես հաջողացրել,- անտեսելով  ողջ-առողջ տուն գալուս իրողությունը՝ հայրս ակամա խորացավ մաքսավորների իրավասությունների մեջ։ -Առաջներում, հիմա՛ էլ, էս տեսակ բաների համար հեշտ ու հանգիստ բանտ կնստեցնեին, կարտաքսեին, չէիր էլ հասցնի շալվարդ հագնել։ Ճիշտն ասա, որդի՛, հո՞…

Քիչ մնաց ասեր՝ «հանցավոր համաձայնություն»…

Նա ստալինյան բռնությունները ցմրուր ճաշակած ծնողների զավակ է, աքսորում է ծնվել-մեծացել, եւ մինչեւ օրս կարմիր տեռորի շորշոփը, հորից որդի փոխանցվելով, չի մարել։

-Խոստովանիր, որդի՛, չեմ ծեծի, էն իքից ծխե՞լ ես։ -Ծանոթ լինելով Քուշանաց երկրի Ֆաունային եւ ֆլորային` հայրս քաջատեղյակ էր, որ անապատի մարդիկ անտարբեր չեն խելառ խոտի նկատմամբ։

-Ո՞ր մեկից, պա՛պ, դրանք շատ են…,- հանգստացրի եւ արտասանեցի աքսորականի նման։ -Հայրի՜կ, ախր, ես վերադարձել եմ։

-Իսկապես որ…-ուշադրության առավ հայրս,- ինչքա՜ն ես մեծացել, որդի՛…

Իսկ ինձ հիշատակ պահեցի մի արեւային ակնոց՝ ապակին սարդոստայնի պես ճաքճքած։

-Սա ի՞նչ բրածո է,- հեգնեց քույրս, որ արդեն իսկական հարսնացու է։ -Քրիստիան Դիո՞ր, Պիեռ Կարդե՞ն կամ գուցե՝ Նինա Ռի՞չի…

-Ճիշտ ես, քույրի՛կ, ակնոցը հնաոճ է,- հնազանդվեցի,- բայց` կախարդական։ Հագնես, թե չէ, ցանկությունդ միանգամից կիրականանա։

-Էլի էն տափակն ես, թեեւ վերադարձել ես պատերազմից։

Քույրս հրաշքների չի հավատում. նա համոզված նյութապաշտ է։

-Առաջ էլ սիրում էիր անպետք իրեր հավաքել,- միջամտեց մայրս,-  բայց հիմա արդեն դու առաջվանը չես, որդի, դու ինքդ ուրիշների համար պետք է օրինակ ծառայես, քեզնով պիտի հպարտանան, ուրիշ աչքով նայեն։ Դու հերո՜ս ես…

Ի տարբերություն քրոջս, մայրս ինձ հետ մեծ հույսեր է կապում. չէ՞ որ կառավարությունն ինձ համար բազմաթիվ արտոնություններ է սահմանել, որոնց շնորհիվ իմ եւ ընտանիքիս կյանքն ու կենցաղը պետք է բարեփոխվի։ Վերջապես մեզ հետ հաշվի կնստեն, եւ մեր ոտնահարված իրավունքներն ու պատիվը կվերականգնվեն, մենք էլ կապրենք արժանավայել՝ մարդավարի.  երեքսենյականոց բնակարան (կիսանկուղային մեկուկեսի փոխարեն), կոմունալ զեղչեր, անվճար երթեւեկում…  ճանաչում, հարգա՜նք… Հեռախո՜ս…

-Մի՞թե մոռացել ես նրա խեղկատակությունները, մայրի՛կ, նա պարզապես  փորձում է ինքնատիպ երեւալ,-  սեթեւեթեց քույրս։

-Ես կատակ չեմ անում,- հակաճառեցի մեղմորեն,-  ակնոցը հրաշագործ զորություն ունի. երբ ձանձրանամ քաղաքակիրթ աշխարհից, կդնեմ ակնոցը աչքերիս ու կհայտնվեմ Ֆարուխ Լաֆրայ անունով վաճառականի տանը,  Նասիմեի մոտ…

-Մեջդ չարք է մտել, որդի, ի՞նչ վաճառական, ի՞նչ բան…- Մայրս լսել է, գիտի,  որ Աֆղանստանից շատերը ցավագար դարձած են վերադառնում, հետեւաբար ինձ է նայում շիվար հայացքով եւ շրթունքները ցավագին ծամծմելով՝ լուռ արտասվում է՝ կարծելով, թե վերջնականապես խախտվել եմ։ -Թույլ տուր քահանա կանչեմ, որդի, կաղոթի,  հաղորդություն կընդունես, կանցնի…

Խեղճ կին։ Ինձ չկորցնելու մտասեւեռումից նույնիսկ չի հիշում, որ մկրտված չեմ։

-Ֆարուխ վաճառականը Նասիմեի հայրն է,- բացատրեցի համբերատար,- իսկ Նասիմեն՝ մի քնքուշ աղջիկ, որ ապրում էր այծերի հետ՝ անապատում…

– Ֆո՛ւ, ֆո՛ւ… Ով գիտի՝ ինչ քնձռոտի մեկն է, կախա՛րդ,- հավատաքննիչի շեշտով եզրակացրեց քույրս։ -Էդ քոչվոր ցեղի կանայք հազար ու մի միջոց գիտեն մարդու հոգին կապանքի տակ դնելու, վհուկի մեկն է քո Նասիմեն։

Դստեր «բանիմաց» մեկնությունից վախեցած՝ մայրս անզուսպ հեկեկաց։ Ասել կուզի՝ «սատանան սուրբ ջուրն էր մտել»։ Այսինքն՝ ինձանում առկա էին խելացնորության բոլոր նշաններն ու հատկանիշները։

-Նասիմեն վհուկ չէ եւ ոչ էլ կախարդ,- նրանց՝ ինձ, ինձ նրանց հետ հաշտեցնելու մի վերջին ջանք գործադրեցի,- Նասիմեի աչքերում այնքան թախիծ, այնքան ցավ կար, որ նրան հաճախ… քե՛զ եմ նմանեցրել, սիրասուն քույրիկ, Նասիմեն քեզ շատ էր նման։

-Յա՜խք, ինչ հիմարություն,- խորշանքով շպրտեց քույրս։

Քույրս այնքան է հասունացել, որ մինչեւ անգամ խանդում է ինձ Նասիմեի նկատմամբ, դրա համար էլ նրան «քոչվոր» անվանեց,  որովհետեւ համոզված է, որ մենք՝ հայերս, բացառիկ ժողովուրդ ենք, եւ որ իր նմանը չկա աշխարհում, էլ ուր մնաց՝ մի ինչ-որ անապատական աֆղանուհու հետ իրեն համեմատելը։

-Կանցնի-կգնա, կմոռանաս, որդի,- ինքն իրեն հուսադրելու նման ասաց  մայրս։ -Եղածը էն քամբախտ երկրում էլ թող մնա…

Մայրս ուզում է, որ ես մոռանամ Նասիմեին, մոռանամ անցյալը՝  չիմանալով, որ անկարող եմ հրաժարվել իմ ցնորքից՝ ինքս ինձնից, ինչպես որ անկարող եմ հրաժարվել ավիշից, որ հոսում է մարմնիս բոլոր հյուսվածքներում։

-Ակնոցը կարող ես կրել, ինչքան խելքիդ փչի, դրանք կարծես նորից մոդա են գալիս,- հաշտության կոչեց քույրս,- պետք է միայն ապակին փոխել, որ մարդիկ զուր տեղը մեղքդ չառնեն:

Բայց ես` բոլորից թաքուն, առաջվա պես ճաքճքած ապակիով ակնոցը դնում եմ աչքերիս եւ սպասում վերափոխության հրաշքի… Ու այնժամ էլ հոգիս հազար կտոր է լինում՝ վերածվելով մշտարթուն հիշատակների միջնադարյան  հանդիպատեղի…

Շարունակելի

 

*  Հնգառյուծ

** Խորհրդային Միություն (այստեղ՝ խորհրդ. զինվոր)

*** Նվեր

Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Հոգևոր-մշակութային


15/02/2017