Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԳԵՐՄԱՆԻԱ



ՀՀ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԳԵՐՄԱՆԻԱՄյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Մյունխենում անցկացվող Անվտանգության 53-րդ համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ։ Վիգեն Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Արցախյան հակամարտությանը։ Այնուհետև Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։

Մյունխենի անվտանգության համաժողովն ամենամյա է, անցկացվում է 1962 թվականից։ Այս տարի համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 500 ներկայացուցիչներ մի քանի տասնյակ երկրներից՝ պետությունների ղեկավարներ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, փորձագետներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ «Մյունխեն 2017-ի» գլխավոր թեմաներն էին՝ իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայի գործողություններից բխող վտանգները և մի շարք այլ գլոբալ մարտահրավերներ։ Համաժողովի կենտրոնական քննարկումներից էր նաև «Արևմուտքի ապագան. անկո՞ւմ, թե՞ վերադարձ»։

Համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Մասնավորապես՝ «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հիմնադիրղեկավար Եվգենի Կասպերսկիի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և տեղեկատվական անվտանգության ոլորտում հսկայական փորձ ունեցող այդ ընկերության միջև համագործակցության հեռանկարները։ Վիգեն Սարգսյանն ու Եվգենի Կասպերսկին համոզմունք են հայտնել, որ համագործակցությունն այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին տեղեկատվական անվտանգությունն է, դրական արդյունքներ կտա՝ հաշվի առնելով նաև ՏՏ ոլորտում Հայաստանում առկա մասնագիտական մեծ ներուժը, ինչպես նաև «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հսկայական փորձը։

 

ՀՀ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԳԵՐՄԱՆԻԱՎիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսի հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք, այդ թվում նաև պաշտպանական ոլորտում հայլիտվական համագործակցության հեռանկարները։

Քիչ ուշ կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչիերևիչի հետ։ Ընդգծելով երկու պետությունների և ժողովուրդների ջերմ վերաբերմունքը միմյանց հանդեպ` Հայաստանի և Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ պաշտպանական ոլորտում հարաբերությունների խորացման համար առկա է մեծ ներուժ։ Վիգեն Սարգսյանն ու Անտոնի Մաչիերևիչը քննարկել են ժամանակակից գլոբալ մարտահրավերները` շեշտելով դրանց արդյունավետ դիմակայելու համար ջանքերի համադրման անհրաժեշտությունը։ Որպես համագործակցության լավագույն օրինակ նշվել է հայլեհական փոխգործակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններում։

Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանական ոլորտում հայչեխական համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն ընդգծել են, որ թեեւ Հայաստանն ու Չեխիան տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում են, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ փոխգործակցության խորացման համար, առավել ևս՝ ողջ աշխարհին սպառնացող ժամանակակից մարտահրավերները պարտադրում են աշխույժ համագործակցություն ծավալել պաշտպանական ոլորտում։  

Վիգեն Սարգսյանի հաջորդ հանդիպումը Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարաֆի հետ էր։ Հատուկ ընդգծելով Լիբանանի հայ համայնքի մեծ դերը երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում՝ Յաքուբ Սարաֆը նշել է, որ դա կարևոր գործոն է հայլիբանանյան հարաբերությունները բոլոր, այդ թվում նաև պաշտպանական ոլորտում զարգացնելու համար։ Զրուցակիցները համակարծիք էին եղել, որ տարածաշրջանում ընթացող զարգացումներն իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում, որը չեզոքացնելու համար պետությունների սերտ համագործակցությունն է անհրաժեշտ։ Վիգեն Սարգսյանն ու Յաքուբ Սարաֆը պատրաստակամություն են հայտնել աշխուժացնելու ջանքերը պաշտպանական ոլորտում հայլիբանանյան համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Համաժողովի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի հետ։ Քննարկվել են պաշտպանական ոլորտում ժամանակակից կրթական ծրագրերի իրականացման խնդիրները։ Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում մեկնարկած նոր ծրագիրը, ըստ որի՝ զինծառայողներին հնարավորություն է տրվում ծառայության ընթացքում գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել նաև այնպիսի կարևոր ուղղություններում, ինչպիսին տեղեկատվական տեխնոլոգիաներն են։ Կողմերը համակարծիք են եղել պաշտպանական հարցերում կրթական բաղադրիչի կարևոր դերակատարման շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ժամանակակից մարտահրավերներին և դրանց դիմակայելու անհրաժեշտությանը։

Վիգեն Սարգսյանը աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Գերմանիայի, Սինգապուրի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ։

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


20/02/2017