ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Բարեւ, հա՛յ զինվոր
Ես Նատալիա Քեշիշյանն եմ եւ սովորում եմ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցում եւ մի քանի հարցեր ունեմ ձեզ զինվորության մասին: Բայց առաջ` շնորհակալություն եմ հայտնում մեր երկիրը պաշտպանելու համար:
Ընտանիքդ շա՞տ ես կարոտում: Ինչքա՞ն հաճախ ես այցելում իրենց:
Ի՞նչ ազդեցություն ունեցավ բանակը քո կյանքի վրա:
Ի՞նչն է ձեզ ներշնչում, որ լավ կռվեք:
Ես միշտ մտածում եմ, թե ինչ են զինվորները զգում կռվից հետո:
Ե՞րբ ես վերադառնում տուն:
Այսքանը. եւս մեկ անգամ շնորհակալ եմ՝ մեր երկիրը պաշտպանելու համար:
Սիրով` ՆԱՏԱԼԻԱ ՔԵՇԻՇՅԱՆ
***
Սիրելի՛ զինվոր,
Իմ անունը Շանթ Դերմենջյան է: Ես 13 տարեկան հղա եմ եւ ես հաճախում եմ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարան: Ես սիրում եմ խաղալ եւ նկարել: Ուզում եմ իմանալ, դու ինչ ես սիրում անել, բայց գիտեմ, որ դու ժամանակ չունես, որ պատասխանես նամակիս, բայց, եթե կարողանաս, շատ լավ կլինի: Ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ դու մեր հայրենիքի համար ես կռվում ու պաշտպանում ես մեզ թշնամիներից:
Հարգանքով՝ ՇԱՆԹ ԴԵՐՄԵՆՋՅԱՆ
***
Սիրելի՛ զինվորներ,
Պատկերացնում եմ, որ սահմանին կանգնած վտանգում եք ձեր կյանքը հանուն հայրենիքի: Գնահատում ենք ձեր քաջարի գործը: Մենք երախտապարտ ենք ձեզ՝ նման անվախ զինվորներ ունենալու համար: Մաղթում ենք ձեզ հարատեւ հաջողություն:
ԿՐԵՅՍ ՈՒԼԻԿՅԱՆ
Բեյրութի Վահան Թեքեյան Միջն. վարժարանի Գ. միջն. աշակերտ
***
Սիրելի զինվոր հայոց բանակի,
Այս կարճ նամակով ուզում եմ երախտագիտությունս հայտնել ձեր նվիրյալ առաքինության համար: Մեր հազարամյա պատմության մեջ միշտ ունեցել ենք հերոսներ, մարտիկներ, որոնք դյուցազնորեն պաշտպանել են մեր հողերը թշնամիների ճիրաններից: Այսօ՛ր, դուք եք զինվորները հայոց բանակի, թոռներն Անդրանիկի, որ շարունակում եք ձեզ հանձնած գործը: Ձեր պարտքն եք կատարում: Աստված պահպանի ձեզ եւ տա ուժ ու կորով:
ՍԵՐԼԻ ՊԵՏԻԿՅԱՆ
Բեյրութի Վահան Թեքեյան
Միջն. վարժարանի Բ. միջն. աշակերտ
***
Սիրելի՛ զինվոր,
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որովհետեւ մեր հայկական հողերը պաշտպանում ես: Շնորհակալ եմ, որ պաշտպանում ես մեր երկրի սահմանները: Դու երբեք չես հուսահատվում, երբ դժվար միջոցների մեջ ես: Գնահատում եմ, որ ամբողջ Հայաստանը պաշտպանում ես թշնամիներից: Իմ անունը Սոֆի Դավթյան է, ես 12 տարեկան եմ եւ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոց եմ հաճախում: Ես հայկական մթնոլորտը շատ եմ սիրում եւ ցանկանում եմ մի օր այցելել Հայաստան: Քեզ մաղթում եմ հաջողություն ապագայում:
Սիրով ՍՈՖԻ ԴԱՎԹՅԱՆ
***
Քաջ զինվոր,
Շնորհակալ եմ քո ամեն քաջության համար: Շնորհակալ եմ, որ հայ մարդիկ մեր հողերը քաջորեն պաշտպանում են: Գիտեմ, որ դրամ դժվար ես վաստակում եւ ուզում եմ քեզ օգնել: Ես եւ իմ մտերիմները մեր դպրոցում հավաքում ենք: Ուզում եմ, որ շատ հայ ընտանիքների օգնենք եւ սրտանց փորձում եմ, որ դրամ հավաքել քեզ եւ ուրիշ ընտանիքների համար:
ՃՕՎԱՆԻ
***
Սիրելի՛ հայ զինվոր,
Ո՞վ կզոհի կյանքը հանուն հայրենիքի սիրո, եթե ոչ դուք, զինվորներ հայրենիքի: Ձեզանով մենք հպարտ կզգանք ու պաշտպանված, որովհետեւ սիգապանծ այն լեռներն եք, որոնց կարող ենք հենվել: Դուք եք այն բանակը հզոր, որի միջոցով պաշտպանվում են սահմանները: Իմ մաղթանքն է, որ Աստված պաշտպան կանգնի ձեր ամբողջ կյանքի ընթացքին, որովհետեւ ձեր կյանքով կյանք շնորհեցիք, ինչպես ասում են. «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»:
ՎԱՐԴԻ ՍԱԼԽԱՆՅԱՆ
Բեյրութի Վահան Թեքեյան Միջն. վարժարանի Բ. միջն. աշակերտ
***
Սիրելի՛ զինվոր,
Ես գրում եմ քեզ իմ նամակը մի վայրից, որտեղ չկա պատերազմ, որտեղ մարդիկ չեն վախենում իրենց կյանքի համար:
Շնորհակալություն, որ դու կռվում ես մեր երկրի խաղաղության համար, որ վտանգում ես քո կյանքը մեր երկրի համար: Քեզ մաղթում եմ անվտանգություն ու հաջողություն:
***
Սիրելի՛ հայրենիքի պաշտպան,
Չեմ կարող արտահայտել բերկրանքի ու երախտագիտության զգացումներս, որ հայ ժողովուրդը ունի ձեզ պես արժանավայել զավակներ: Բոլոր զինվորներին մաղթում եմ անփորձանք, խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ հայկական տաքուկ օջախ: Աստված օրհնի եւ պաշտպանի ձեզ, ի՛մ ազգի հերոսներ: Ես ձեզ շատ եմ սիրում:
ՍԱՌԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Բեյրութի Վահան Թեքեյան Միջն. վարժարանի Գ. միջն. աշակերտ
***
Ես շատ շնորհակալ եմ, որ դու մեր երկրի համար կռվեցիր եւ պաշտպանեցիր մեզ: Իմ նպատակն է քո ընտանիքդ ուրախացնել եւ հայտնել շնորհակալությունս: Ես հույս ունես, որ կկարողանամ քեզ օգնել եւ նորից շնորհակալություն:
Սիրով՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴԱՎԹՅԱՆ
***
Իմ անունը Թալիա Զաքարյան է եւ ես 13 տարեկան եմ: 8-րդ դասարանում եմ եւ շատ եմ սիրում գծել ու երգել Հայաստանի մասին: Ես շատ շնորհակալ եմ, որ դու քաջ ես ու մեր անուշ Հայաստանի հողերը պաշտպանում ես: Ես հուսով եմ, որ դու լավ ես եւ արագ կապաքինվես: Իմ ընտանիքս եւ ես չափազանց հպարտ ենք, որ դու հաղթեցիր կռիվը: Կրկին շատ շնորհակալ եմ:
Սիրով՝ ԹԱԼԻԱ ԶԱՔԱՐՅԱՆ
Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Բանակ և հասարակություն