ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Չընդհատվող պատերազմ, ամեն քայլափոխի հանդիպող զինյալ պարեկներ, էլեկտրականության, առանձին վայրերում նաեւ խմելու ջրի իսպառ բացակայություն: Այսպիսին է ներկայիս Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը: Նախքան պատերազմը տեղի հայ համայնքի անդամների թիվն այստեղ գերազանցում էր 100 հազարը, այժմ այն երկու անգամ նվազել է: Շատերը գաղթել են այլ երկրներ, մի մասն էլ ՀՀ կառավարության տրամադրած օդանավերով տեղափոխվել եւ ապաստան է գտել մայր հայրենիքում: Այսուհանդերձ, տասնյակ հազարավոր հայեր այսօր էլ շարունակում են բնակվել իրենց համար երկրորդ հայրենիք դարձած Սիրիայում:
Երկրի հյուսիսային շրջաններում իշխող ծայրահեղական իսլամականների վայրագություններից մազապուրծ բազմաթիվ հայ ընտանիքներ վերջին տարիներին տեղափոխվել են Սիրիայի հարավային շրջաններ: Նրանցից մեկն էլ Նաիրի Քնջոյանի ընտանիքն է, որն իր մանկահասակ չորս աղջիկների եւ ամուսնու հետ փախել է Թուրքիային սահմանամերձ Ռաքքա բնակավայրից: Երեք տարի է անցել, սակայն նրանց հիշողության մեջ դեռ թարմ են տեսած ու ապրած վայրագությունները:
-Մենք շատ վտանգավոր վիճակով ելանք, փախանք,- վերհիշում է Նաիրի Քնջոյանը: -Օդանավը զարկավ անմիջապես մեր տունին քով: Կտրված գլուխներ կկախեին մեր դուռին դիմաց: Սպանվածներուն 3 օր շարունակ մեր տան դիմացը կձգեին խաչի ձեւով, որ ամբողջ ժողովուդը տեսնեն իրենց, վախնան, բան մը չընեն: Վերցուցինք պզդիկներուն ու փախանք, եկանք Լաթաքիա: Միջնեկ աղջիկս մինչեւ այժմ գիշերները երազ կըտեսնա, թե այդ գլուխները ինչպես կկախեն…
Նաիրի Քնջոյանի՝ ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող սրտաբաց ու համերաշխ ընտանիքն այժմ վարձով բնակվում է Լաթաքիայի արվարձաններից մեկում: Պատին փակցված եւ երբեմնի երջանիկ ժամանակների մասին հիշեցնող ընտանեկան լուսանկարը ջերմության միակ աղբյուրն է, որ ձմռան ամիսներին տաքացնում է փոքրիկ բնակարանը: Տանը անգամ մահճակալներ չկան: «Փոխարենը մենք բոլորս ալ ողջ ենք ու առողջ»,-ժպտալով ասում է տիկին Քնջոյանն ու գորովանքով նայում իր փոքրիկներին:
Ինչպես հայ համայնքին, այնպես էլ հակամարտությունից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին աջակցելու նպատակով փետրվարի 14-ին եւ 17-ին Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջք կատարեցին Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավերը: «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին» նշանաբանով մարդասիրական օգնությունը ներառում էր շուրջ 40 տոննա ձեթ, ալյուր, պանիր, պահածոներ, հագուստ եւ այլն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով իրականացվող մարդասիրական օգնությունն ուղեկցելու եւ տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա էին մեկնել նաեւ արտակարգ իրավիճակների եւ սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչները, որոնց օդանավակայանում դիմավորեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը: Նա հատկապես ընդգծեց, որ այս առաքելությունը ոչ միայն օգնություն է պատերազմից տուժած բարեկամ ժողովրդին, այլեւ ուշադրության դրսեւորման վառ օրինակ, որին պետք է հետեւեն նաեւ մյուս երկրները. «Պատերազմի թոհուբոհով անցած Հայաստանի ժողովուրդը շատ լավ է պատկերացնում բարեկամ Սիրիայի վիճակը,- ասում է Տ. Գեւորգյանը: – Մեր՝ հայերիս հիշողությունը կարճ չէ. երբ պատերազմական ծանր վիճակում հայտնվեց Հայաստանը, Սիրիայի բարեկամ ժողովուրդը մեզ դիզելային վառելիք եւ ցորեն ուղարկեց, որ պարզապես անհրաժեշտություն էր այդ օրերին: Հիմա էլ մենք ենք փորձում ինչ-որ կերպ թեթեւացնել նրանց վիճակը»:
Այս օրերին էլ Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ՌԴ կենտրոնի շարասյուները շարունակում են մարդասիրական օգնությունը հասցնել Լաթաքիայի եւ Հալեպի հայ համայնքներին: Առաջիկայում մարդասիրական օգնության առանձին խմբաքանակներ կտրամադրվեն նաեւ Դամասկոսի եւ Քեսաբի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին: Տարրական սոցիալական պայմաններից զուրկ սիրիահայ մեր հայրենակիցների համար թանկ է հայրենիքից ստացվող ցանկացած օգնություն: Նրանք անչափ կարեւորում են մայր Հայաստանից պարբերաբար տրամադրվող օժանդակությունը եւ այն ուշադրությունը, որ Հայաստանի Հանրապետությունը դրսեւորում է սփյուռքի հայ համայնքի հանդեպ:
Ազգային նահատակաց վարժարանի տնօրեն Հուրի Թերմենջյանը մեծ հուզումով նշում է.
-Մենք ունինք 424 աշակերտ եւ 45 ուսուցիչ-ուսուցչուհի: Այսօր Հայաստանեն մեզի օգնություն է եկել: Այս ցույց կուտա, որ Հայաստանը մեզի հետ է, մեզի կխնամե եւ մայրություն կընե: Ասիկա հոգեւոր ուժ է մեզի, որ մենք կարենանք ավելի լավ ձեւով աշխատիլ եւ ավելի պետքական ըլլանք մեր աշակերտներուն, մեր ծառայությունն ընենք, որպեսզի հայ երեխան ապրի եւ մեծնա՝ որպես հայ, եւ հայրենիքի կապը իր հետ զորավոր ըլլա:
Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Տաթեւ ավագ քահանա Միքայելյանն ասում է.
-Մենք ուրախ ենք եւ կգնահատենք Հայաստանի ժողովրդի եւ իշխանության այն ընթացքը, որ ոչ միայն Հայաստանի մեջ կօժանդակեն սուրիահայերուն, այլ նաեւ Սուրիո մեջ կօժանդակեն հայ ժողովրդին եւ մեր արաբ եղբայրներուն: Նրանք իրենց ամբողջ կարելին ոչ միայն խոսքով, այլեւ գործով կիրագործեն: Ահավասիկ, քանիցս եղավ, որ Հայաստանեն օժանդակություններ հասան եւ բաժնվեցան հայ կարիքավոր ընտանիքներուն եւ նամանավանդ՝ տեղափոխված ընտանիքներուն, որոնք եկած են Լաթաքիա: Այս առթիվ մեր խորին շնորհակալությունը կհայտնենք Հայաստանի նախագահին՝ Սերժ Սարգսյանին, Հայաստանի կառավարության, Հայաստանի մեջ գտնվող բոլոր հայորդիներուն, որոնք իրենց ունեցածեն մաս եւ բաժին հանեցին մեր չքավոր ընտանիքներու օժանդակության համար: Մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ ենք, մեկ հայրենիք ունինք, մեկ եկեղեցի, եւ այս միասնական ուժն է, միասնական գաղափարն է, որ մեզ կոգեւորե եւ մեզ ավելի կմոտեցնե իրարու:
Ներսես ԻՎԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Ուշադրության կենտրոնում, Ռազմական