ԱՅԼԵՎՍ՝ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽ
Փետրվարի 20-ին Արցախում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ կառավարման նախագահական համակարգի անցնելու վերաբերյալ: Արցախի ժողովուրդը կրկին հաստատեց ժողովրդավարության սկզբունքներով ապրելու իր ազատ կամարտահայտման իրավունքը:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 102 757 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է շուրջ 77 տոկոսը: Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների՝ սահամնադրական փոփոխություններին կողմ է քվեարկել քվեարկության մասնակցած քաղաքացիների 87.6 տոկոսը:
Հանրաքվեի ընթացքին հետեւել են տեղական, ինչպես նաեւ միջազգային դիտորդական խմբեր: Լատվիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Բելգիայից եւ Բոլիվիայից ժամանած պատվիրակությունների կազմում էին իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:
Կառավարման նոր՝ նախագահական համակարգի հիմնական դրույթներն են.
* Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է: Նա ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրություններով: Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը (գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով) ստանձնում է Ազգային ժողովի նախագահը:
* Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ իրավունք ունի անվստահություն հայտնելու հանրապետության նախագահին: Երկու դեպքում էլ տեղի են ունենում հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
* Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջադրած թեկնածուները: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահ:
* Հանրապետության նախագահը նշանակում եւ ազատում է նախարարներին: Ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
* Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3-ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու հանրապետության նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Բայց սահմանադրական փոփոխությունների թերեւս կարեւորագույն դրույթն այն է, որ հանրապետությունն այսուհետ կոչվելու է «Արցախի հանրապետություն» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարեն:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Ռազմական