Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ



ՀՀ ռազմաքաղաքական խնդիրներն ու մարտահրավերները անխուսափելիորեն պարտադրում են մեզ ազգային բանակը համալրել արդի միջազգային պահանջները բավարարող, բազմակողմանիորեն զարգացած, մասնագիտական հարուստ գիտելիքներով օժտված սպաներով: Մեր երկրի ռազմաուսումնական բարձրագույն հաստատությունները հաջողությամբ լուծում են այդ խնդիրը, պատրաստում են զինված ուժերին անհրաժեշտ բարձրակարգ մասնագետներ: Սակայն սպայի կայացման հիմնական փուլն սկսվում է ռազմական բուհն ավարտելուց հետո` ծառայության ընթացքում: Զորամասում երիտասարդ սպան բախվում է մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրների` նոր միջավայր, ավելի մեծ պատասխանատվություն, հրամանատարների, անձնակազմի հետ աշխատելու կարողություն եւ այլն, որոնց հաղթահարումը նպաստում է սպայի` որպես անհատի, հրամանատարի ու մասնագետի լիարժեք ձեւավորմանը: Այս խնդիրների վերհանմանը, լուծման արդյունավետ ուղիների որոնմանն էր նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կազմակերպված ՀՀ ԶՈՒ երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսը, որին մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսպիսի համաժողովի անցկացումը եւ երկրի նախագահի` գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությունը ինքնին վկայում են, որ բանակի երիտասարդ սպաների ծառայողական, կենցաղային եւ մյուս բոլոր հիմնախնդիրները գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:

Ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ զինված ուժերի կազմավորման գրեթե 20 տարիների ընթացքում առաջին անգամ է նման ընդգրկուն հավաք անցկացվում, որին մասնակցում են ե՛ւ բանակի ակունքներում կանգնած, ե՛ւ միջին սերնդի, ե՛ւ տակավին երիտասարդ սպաներ: Պարզ է, որ կոնֆերանսի կազմակերպումն ինքնանպատակ չէ: Այն հայոց զինված ուժերի մարտունակության եւ ընդհանրապես պետության պաշտպանունակության գործում երիտասարդ սպայի վիթխարի տեղն ու դերը հաստատելու, ողջ անձնակազմի միակամությունը, փոխադարձ վստահությունն ու հարգանքը, սերնդափոխության առողջ ընթացքը հավաստելու առաքելություն ունի:

-Մենք այսօր հստակ որոշում ենք կայացրել` դեմքով շրջվել դեպի երիտասարդ սպան, ասել է թե` նրա ողջ կենսագործունեությունը հավուր պատշաճի լինելու է պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Մարտունակության բարձրացման չափազանց ճկուն եւ արդյունավետ մեխանիզմ կգործի, եթե երիտասարդ սպան գիտակցի, որ հիմա, հենց այս տարիքում ինքը պիտի անխնա աշխատի, որ միայն հիմա է ի վիճակի կրելու ծառայության բոլոր դժվարությունները եւ ամենամեծ պահանջները դնելու իր անձի առջեւ: Հավատացնում եմ` անխուսափելիորեն նույն ճանապարհն են անցել բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր զինված ուժերում բարձրագույն հրամանատարական պաշտոններ են զբաղեցնում:

Ես կուզենայի երիտասարդ սպաներիդ որոշ ուղեցուցային խորհուրդներ տալ, ուրվագծել մեր զինված ուժերում այսօր իրականացվող հիմնական գործընթացները:

Լավ սպային բնութագրող առաջին հատկանիշն է պետության ներսում եւ հասարակության մեջ իր տեղի եւ դերի խորը գիտակցությունը: Համոզված եմ, որ բոլորդ արդեն գերազանց պատկերացնում եք արհեստավարժ զինվորականի եւ հատկապես սպա-հրամանատարի մասնագիտությանը զուգակցվող դժվարություններն ու զրկանքները: Եվ այս պայմաններում մասնագիտության նշանակության եւ ստանձնած պարտավորության գիտակցությունն է, որ ուժ ու եռանդ է տալիս երիտասարդին իր ճանապարհը հարթելու գործում: Նշյալ ահռելի պարտավորությունն առավել պատկերավոր ներկայացնելու համար կցանկանայի բերել հետեւյալ օրինակը. եթե ուսուցիչն ու դասախոսը պատասխանատու են կրթության որակի համար, իսկ բժիշկը` անհատի առողջության համար, ապա դուք պատասխանատու եք մի ամբողջ ազգի անվտանգության եւ այդ ազգի` արյան գնով ձեռք բերած պետականության պահպանման համար: Այդ հսկայական պատասխանատվությունը հավասարաչափ բաշխված է բոլորիս միջեւ եւ միաժամանակ յուրաքանչյուրինս է ամբողջովին: Եվ միայն նա, ով ծառայում է այդ պատասխանատվության խորը գիտակցությամբ, սպա կոչվելու իրավունք ունի:

Խոսելով զինված ուժերի զարգացման մասին` Սեյրան Օհանյանը նշեց, որ ներկայումս ՀՀ զինված ուժերում իրականացվում են նախկինում նախադեպը չունեցող ծավալուն աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են Հայոց բանակի հզորացմանն ու վերջինիս կարողությունների համապատասխանեցմանը առկա մարտահրավերներին: Նշյալ ծավալուն գործընթացի համար հիմք է հանդիսացել վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը»: Դա թույլ է տվել ուրվագծել մեր զինված ուժերի զարգացման հետագա ուղղությունները` ըստ առաջնայնությունների: Թեեւ բարեփոխման ու վերանայման են ենթարկվում մեր զինված ուժերի բոլոր բնագավառները, դրանցից առավել առաջնայիններն են զորային պլանավորման, ռազմական արդյունաբերության, նյութատեխնիկական ապահովման, կադրերի կառավարման համակարգերի ու պրակտիկայի կատարելագործումը, ինչպես նաեւ պահեստազորի անձնակազմի եւ մարտական պատրաստության ծրագրերի բարելավումը:

-Կուզենայի ձեզ տեղեկացնել ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին. մենք կընդլայնենք բազմաստիճան ռազմական կրթություն ապահովելու մեր ազգային կարողությունները` հարթելով ձեր առաջխաղացման ուղին: Ոչ պակաս կարեւորում եմ պայմանագրային սերժանտական համակարգի ներդրումը, որը կրտսեր հրամանատարական լիովին նոր ավանդույթներ կստեղծի զինված ուժերում` զգալիորեն թեթեւացնելով սպաների աշխատանքը եւ հնարավորություններ տալով նրանց առավել կենտրոնանալ ենթակա ստորաբաժանումների մարտունակության բարձրացման խնդիրների վրա: Տվյալ նպատակների իրականացումը ակտիվ ջանքեր ու անձնվեր աշխատանք է պահանջելու զինված ուժերի ամբողջ անձնակազմից: Եվ այդ աշխատանքի բեռը, ինչպես նաեւ դրա որակի պատասխանատվությունն ընկնելու է հատկապես երիտասարդ սպայի ուսերին: Այստեղ նստածներիդ մեծամասնությունը վաշտի, մարտկոցի հրամանատարներ են եւ պետք է լիովին գիտակցեն իրենց աշխատանքի կարեւորությունը: Ես միշտ ասել ու հիմա էլ կրկնում եմ` որպեսզի մենք կարողանանք զինված ուժերի հրամանատարական կազմի միտքը` պլանավորված միջոցառումները, իրապես կենսագործել, պետք է կայացնենք այն օղակները, որոնց վրա է հիմնականում դրված գործնական աշխատանքի ծանրությունը: Դա վաշտ-մարտկոց օղակն է: Անտիկ շրջանի հռոմեացի մի փիլիսոփա գրել է. «Այն, ինչ պիտի ելնի ամենաբարձր տեղը, սկիզբ է առնում ներքեւներում»: Կենսականորեն անհրաժեշտ է, որ պաշտպանության նախարարի կամքն ու նպատակը ամրապնդվեն նրանից բազմաթիվ աստիճաններ հեռու, իր ամենօրյա մտորումներում իշխող մարտական յուրաքանչյուր միավորումում` հատկապես գումարտակում, դիվիզիոնում, վաշտում, մարտկոցում, դասակում, ջոկում, հաշվարկում, անձնակազմում: Համոզվա՛ծ եղեք` հաջողություն ունենալու համար հենց այս` ամենացածր օղակներից է պետք սկսել` ձեր ենթակայության տակ գտնվող օղակներից, այսինքն` հաջողության կամ ձախողման հիմքը դնում եք հենց դուք: Իսկ հաջողությունը կամ ձախողումը միայն մերը չեն, դրանք մեր դեպքում համապետական ու համահայկական են: Կարելի է վստահաբար ասել` ոչ մի բարեփոխում չի կարող արդյունավետ լինել, եթե այն չընկալվի կրտսեր հրամանատարի կողմից, քանի որ հենց նա է այդ բարեփոխումներն իրականացնողը:

Նախարարի գնահատմամբ` նշյալ առաքելությունը կյանքի կոչելու համար երիտասարդ հրամանատարից կպահանջվեն մի շարք որակական հատկանիշներ։ Լինել հայրենիքին, զինվորական երդմանը նվիրված, բարեկիրթ, խելացի, պատվախնդիր, սկզբունքային, պատասխանատու, համարձակ, համբերատար, ազնիվ, աշխատասեր, համեստ, բարոյապես անաղարտ, արդարամիտ, հռետորական ձիրքով եւ հումորի զգացումով օժտված, ենթակայի նկատմամբ խստապահանջ, միաժամանակ բարյացակամ ու հոգատար։ Միայն այսպիսի հատկանիշներով օժտված անհատները կարող են իրականացնել հայ սպայի ռազմական առաքելությունը:

Նախարարն անդրադարձավ նաեւ հրամանատար-ենթակա հարաբերությունների յուրահատկություններին:

-Շատ կարեւոր է, որ հրամանատարը կարողանա հասկանալ ենթակայի հոգսերն ու աջակցել վերջինիս: Ենթակաները պետք է զգան, որ հրամանատարը հոգատար է իրենց հանդեպ, մտածում է իրենց մասին: Ցանկալի է, որ հրամանատարը կարողանա երբեմն իրեն զգալ ու հանդես գալ որպես զինվոր, այսինքն` մտնել զինվորի վիճակի մեջ, հասկանալ նրան, պատկերացնել այն դժվարությունները, որոնք զինվորները պետք է հաղթահարեն: Զինվորը պետք է տեսնի, որ հրամանատարն իր հետ կիսում է ծառայության ողջ դժվարությունը: Օրինակ` հիշենք 2008 թ. այն դեպքը, երբ N զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը (ներկայումս` ՄՊՎ-ում ավագ սպա) իր մարմնով նռնակի բեկորներից ծածկել էր ենթակա զինվորին, կամ 2010 թ. մայիսին տեղի ունեցածը, երբ N զորամասի դասակի հրամանատար լեյտենանտ Արմեն Հարությունյանը (ներկայումս` նույն զորամասում վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ) երկու վիրավոր ենթականերին դուրս էր բերել ականապատված դաշտից: Հիմա, դո՛ւք դատեք, ինչպե՞ս կարող են ծառայության ինչ-որ հարցում զլանալ նույն այդ հրամանատարների ենթակայությամբ ծառայող մյուս զինվորները, որոնք ականատեսն են այս ամենի: Ցանկացած բանակի մարտունակության բարձրացման ամենագլխավոր ու թերեւս անփոխարինելի գրավականը եղել ու մնում է ազնիվ գաղափարներով թրծված եւ իր ծառայողական ու մասնագիտական պարտականություններին լավագույնս տիրապետող զինվորը: Իսկ նման որակներով օժտված զինվոր դաստիարակելու համար առաջին հերթին ինքներդ պիտի լինեք այդպիսին` օրինակ ծառայելով ձեր ենթակաների համար: Անկասկած, բոլոր հաջողությունները, մանր ու մեծ ձեռքբերումները կայանում են հրամանատար-ենթակա ամուր կապի, փոխադարձ հարգանքի ու վստահության շնորհիվ: Եվ ընդհակառակը` գրեթե բոլոր դժբախտ պատահարների ու թերացումների պատճառը բոլոր կարգի հրամանատարների ու ենթակաների ոչ ճիշտ փոխհարաբերություններն են, մի դեպքում` հրամանատարի ոչ ճիշտ մոտեցումը, մի այլ դեպքում` ենթակայի ոչ գիտակցական վերաբերմունքը: Զինվորն է բանակի ամենամեծ արժեքը, ում դուք պիտի փայփայեք ու սովորեցնեք այն ամենը, ինչ ժամանակին սովորեցրել են ձեզ, վերացնեք ձեր եւ ենթակաների միջեւ առաջացող հոգեկան անջրպետն ու նրանց դարձնեք ո՛չ թե նսեմացած եւ «կույր» ենթականեր, այլ ինքնուրույն մտածող, նախաձեռնող ու համարձակ մարտիկներ: Հավատացնում եմ, որ այդպիսի ենթականեր ունեցող պետն է միայն ունակ իր ստորաբաժանման կազմով մեծ հաջողության հասնելու: Ինձ վրա մեծ տպավորություն է գործել ռուսական պատմությունից մի դրվագ: 1725թ. Հյուսիսային պատերազմում փառաբանված իշխան գեներալ-ֆելդմարշալ Գոլիցինը Շլիսելբուրգի (Նոտեբուրգի) գրավման ժամանակ, երկու անհաջող գրոհից հետո, ստանում է թագավորի կտրուկ հրամանը` անհապաղ նահանջել: Հրամանը չկատարելու դեպքում թագավորը սպառնում է, որ գլուխը կպոկի ուսերից (այսինքն` մահապատժի կենթարկի): Սակայն իշխանը չվախեցավ պատասխանել, որ իր գլուխը վաղը եւեթ կլինի թագավորի տրամադրության տակ, իսկ այսօր այն դեռեւս կծառայի իրեն, եւ երրորդ գրոհով վերցրեց ամրոցը: Արդյունքում` գլուխը կորցնելու փոխարեն, իշխանը մեծարվում է:

Երբեք մի՛ մոռացեք, որ ձեզ բարձրացնո՛ղն էլ, նսեմացնո՛ղն էլ զինվորն է: Նրա հետ են կապված ձեր հաջողությունները եւ, ամենակարեւորը, անխուսափելիորեն միմյանց են փոխկապակցված նաեւ ձեր ճակատագրերը: Այս մասին շատ դիպուկ է ասել ռուս մեծ իշխան եւ զորավար Դմիտրի Դոնսկոյը` Կուլիկովյան հայտնի ճակատամարտից առաջ հանդես գալով զորքի առջեւ. «Իմ սիրելի՛ եղբայրներ, ահեղ օրը մոտեցել է,- ասել է նա,- մենք վաղը ճակատամարտելու ենք, եւ բոլորս խմելու ենք նույն գավաթից»: Ահա սա՛ պիտի գիտակցի յուրաքանչյուր հայ սպա, որ Աստվածաշնչում հիշատակվող «դառնության բաժակը» ինքը անհրաժեշտության դեպքում իր զինվորի հետ պիտի խմի:

Նախարարը հավաքվածներին հորդորեց զինվորների համար լինել ուսուցիչ եւ առաջնորդ, այն մեկը, ով արեւի, անձրեւի թե ձյան տակ մշտապես քայլում է բոլորի առջեւից, ծառայության ընթացքում խստորեն պահանջում, իսկ դժվար պահին` թիկունք կանգնում զինվորին:

-Այդպիսին եմ պատկերացնում մեր բանակի սպային ու հրամանատարին: Դուք եք մեր բանակի ապագան, մեր բանակի ապագայի բարձրաստիճան հրամանատարները: Այժմ մշակվում են զինվորական պաշտոնի նշանակման եւ առաջխաղացման առավել արդար, ճկուն ու թափանցիկ մեխանիզմներ, զարգացվում է զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման ասպարեզում հանրապետության ղեկավարության եւ պաշտպանության նախարարության որդեգրած ուղեգիծը: Մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երիտասարդ սպայի կերպարն ու նրա վարքագիծը լինեն ամենադրվատելին ու ամենաօրինակելին, եւ չեմ խուսափում այս բառերն ասելուց, հասարակության մեջ դուք պիտի իրապե՛ս բարի նախանձ առաջացնող դիրք ունենաք: Մենք ընտրել ենք այս ճանապարհը, եւ տարակուսանք չունենաք, որ հասնելու ենք մեր նպատակներին: Հույս ունեմ, որ դուք եւս ջանքեր կգործադրեք դրանք իրագործելու համար:

2011 թվականի առաջին կիսամյակը հայտարարվել է «Կարգապահության ամրապնդման կիսամյակ»: Կուզենայի հատուկ ընդգծել Ձեր` երիտասարդ սպաներիդ մեծ դերը զինված ուժերում կարգապահության ամրապնդման առումով: Այստեղ ձեզանից իսկապես շատ բան է կախված, քանի որ հենց երիտասարդ սպան է զինվորին ամենամոտը կանգնած: Ինչպես նշեցի, դո՛ւք, զինվորների համար հանդիսանալով հրամանատար եւ առաջնորդ, նաեւ օրինակ եք ծառայում: Ուստի ձեր կարգապահության լավագույն դրսեւորումը ինքնակարգապահությունն է, որը ներքին մտազգաստության հետ մեկտեղ, ձեզ համար պետք է դառնա կենսաձեւ: Միայն այդ դեպքում դուք բարոյական իրավունք կունենաք զինվորների հանդեպ լինելու խստապահանջ եւ զերծ կմնաք կամայականություններից: Տարվա սկզբին ես խոստացա առաջին կիսամյակից հետո պարգեւատրել կարգապահության մեջ աչքի ընկած լավագույններին, որը կկազմի մեր բոլոր գումարտակների ու դիվիզիոնների, վաշտերի ու մարտկոցների ընդհանուր թվի 19 տոկոսը: Այսօր ես մեծ ուրախությամբ կկատարեմ իմ խոստումը` հայտարարելով նաեւ, որ բոլորիս նվիրված աշխատանքի շնորհիվ այս կարեւոր ոլորտում, իրոք, հաջողությունն առկա է:

Իր ոգեւորիչ եւ ընդգրկուն ելույթը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավարտեց հետեւյալ խոսքերով.

-Հայ ժողովուրդը սիրում է իր բանակն ու հավատում նրան: Արժանի՛ եղեք այդ վստահությանը ձեր անմնացորդ ու նվիրված ծառայությամբ: Մեջբերեմ լուսահոգի Վազգեն Սարգսյանի դիպուկ խոսքերը. «Հայոց բանակի սպան պետք է ամենաարտոնյալ խավը լինի հանրապետությունում: Դա ոչ այնքան սպային է պետք, որքան` հասարակությանը»: Հավատացա՛ծ եղեք, որ հանրապետության ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ողջ հասարակությունը կանգնած են ձեր թիկունքին եւ չեն խնայում ձեզ համար ոչինչ:

Ցանկանում եմ բոլորիս միասնական կամք ու եռանդ, նվիրում եւ պատվախնդրություն: Համոզված եմ, որ դուք կլինեք Հայրենիքի արժանի պաշտպանները եւ մեր ընդհանուր գործի իսկական նվիրյալները:

Կոնֆերանսի ընթացքում հնչեցին նաեւ այլ տարաբնույթ ելույթներ, որոնցում արծարծվեցին ոլորտին առնչվող հարցեր: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց բանակ-հասարակություն կապը որպես պետականության եւ ազգի գոյատեւման կարեւոր գրավական: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր խոսքում նշեց, որ ազգային արժանապատվության գիտակցումը հայ սպայի ընդհանրական որակ է ձեւավորում: Հայ սպան հայ հասարակության մի մասն է, բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, եւ հասարակությունում ընթացող հայրենասիրական, ազգային արժանապատվությունը զարգացնող գործընթացները պայմանավորում են մեր զինվորականների որակական եւ բարոյական շարունակական աճը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ելույթը արդի փուլում կրթական համակարգի զարգացման առանձնահատկությունների եւ զինծառայողների գիտակցական ու կրթական մակարդակի բարձրացման վրա դրանց ազդեցության մասին էր: Նրա կարծիքով, գիտելիքն է այսօր դառնում բեկումնային զարգացումների հիմնական գրավականը: Գիտելիք, որն այսօրվա զարգացման պայմաններում շատ արագ է ստեղծվում, ապա հնանում: Ուրեմն պետք է կառուցել այնպիսի կրթական համակարգ, որ յուրաքանչյուր մարդ, այդ թվում` զինվորական, կարողանա ողջ կյանքի ընթացքում ստանալ համարժեք գիտելիքներ, կիրառել տեխնոլոգիական զարգացման առավելությունները: Պարզ ճշմարտություն է. միայն գիտելիքով զինված մարդը կարող է հաջողակ, բարեկեցիկ եւ ապահով կյանքով ապրել իր, իր ընտանիքի, հայրենիքի համար: Կրթության բնագավառում իր ուրույն տեղն ունեն ռազմաուսումնական հաստատությունները, դրանցում նույնպես իրականացվում են ժամանակակից կրթական բարեփոխումներ, որոնց նպատակը ոչ միայն ուսյալ, այլեւ հայրենասեր, ավանդական արժեհամակարգ ունեցող անձանց դաստիարակումն է:

Մեծ հետաքրքրություն առաջացրին զինվորականների ելույթները, որոնք հիմնված էին անձնական փորձառության եւ օրինակների վրա: ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, զորամասի հրամանատար գնդապետ Վ. Գրիգորյանը, դիվիզիոնի հրամանատար Ն. Խոյլունցը, վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Հ. Ոսկանյանը, դասակի հրամանատար Ա. Կոստանյանը եւ ուրիշներ ներկայացրին իրենց մոտեցումները երիտասարդ սպայի կայացման գործում հրամանատարի դերի, պատասխանատվության ինքնադաստիարակման, երիտասարդ սպաների շեղվող վարքի պատճառների եւ դրանց կանխարգելման ուղիների, գիտելիքի գործոնի, սոցիալական արդարության հիմնահարցերի եւ այլնի մասին:

Հանդիպման ավարտին մասնակիցները համատեղ քննարկումների ընթացքում կարծիք հայտնեցին, որ անդրանիկ համաժողովը հաջողվեց, այն վերհանեց երիտասարդ սպաների շրջանում առկա որոշակի խնդիրներ, ինչն անպայման կնպաստի դրանց լուծմանը: Ամենակարեւորը` այն նպաստեց սպայի դերի ու հեղինակության բարձրացմանն ու արժեւորմանը, այն գիտակցության ամրապնդմանը, որ սպայի մասնագիտությունն առանց չափազանցության կարելի է համարել առաքելություն եւ կոչում:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Մայոր
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Կապիտան

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


20/07/2011