Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ «ԱՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»



ՀԱՅՈՑ «ԱՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»Հայաստանում աղ արդյունահանել են դեռևս հնագույն ժամանակներում: Հատկապես հայտնի են եղել Կաղզվանի, Նախիջևանի և Կողբի աղահանքերը իրենց հարուստ պաշարներով և հանույթի բարձր որակով: «Աղի ճանապարհը», որը հիշատակվում է վաղ միջնադարի հայոց գրավոր աղբյուրներում, կապված է Կողբի հանքավայրի հետ:

Պատմությունն այսպիսին է. Կողբ ավանից, որը գտնվել է Արաքսի աջ ափին (չշփոթենք ներկայիս Տավուշի մարզի Նոյեմբերյանի վարչական շրջանի համանուն գյուղի հետ) ձգվել է մի բանուկ սայլուղի, որով աղ են տեղափոխել Հայաստանի տարբեր գավառներ, նաև տարածաշրջանի այլ երկրներ: Այն հենց այդպես էլ կոչվել է` «Աղի ճանապարհ», որը, ի տարբերություն հռչակավոր «Մետաքսի ճանապարհի», ոչ թե անցել է խաչմերուկ հանդիսացող Հայաստանի տարածքով, այլ սկիզբ է առել հենց նրա տարածքից, տվյալ դեպքում` Կողբ ավանից, տարածվել երկրի սահմաններից դուրս:

Կան պատմական փաստեր, որոնք վկայում են տնտեսական կյանքում Կողբի աղահանքի կարևոր դերի մասին: Պատահական չէ, որ այն ձեռքից ձեռք է անցել: 620-ական թվականներին Կողբը գրավել են բյուզանդացիները: Հայոց կաթողիկոս Եզր Ա-ի (630-664) խնդրանքով բյուզանդական կայսր Հերակլիոսը (610-641) աղահանքի հանույթի մեկ երրորդը զիջել է Էջմիածնի վանքին: 9 -11 դդ. աղահանքը մտել է Բագրատունիների արքայական տիրույթի մեջ, այնուհետև անցել է արաբներին, թաթար-մոնղոլներին, պարսիկներին, Թուրքմենչայի պայմանագրով (1828թ.)` Ռուսաստանին, Կարսի պայմանագրով (1921թ.)` Թուրքիային:

Սկսվելով Կողբից` «Աղի ճանապարհը» մտել է այժմյան Երվանդաշատ գյուղ, ապա Ախուրյանի ձախափնյա հովտով ձգվել Բայանդուր-Ալեքսանդրապոլ (Գյումրի) -Գորելովկա-Բոգդանովկա (Նինոծմինդա) ուղղությամբ: Այստեղ այն երկճյուղվել է` մեկը Ծալկայով ձգվել է դեպի Թիֆլիս, մյուսը Ախալքալաքով, Ասպինձայով, Ախալցխայով` դեպի Քութայիս: Արդեն 19-րդ դարի երկրորդ կեսին այս երթուղով, սայլերով և գրաստներով, Անդրկովկասի տարբեր շրջաններ է տեղափոխվել տարեկան ավելի քան 80 հազար տոննա քարաղ:

«Աղի ճանապարհը» բանուկ է եղել մինչև 20-րդ դարի սկիզբը, սակայն աստիճանաբար կորցրել է իր կարևորությունը, երբ 1902թ. բացվել է Թիֆլիս-Երևան երկաթուղին: Կողբի աղը Միջագետք և այլ տարածաշրջաններ է տեղափոխվել Հայկական լեռնապարով, որի լեռնանցքներից մեկը կոչվել է Աղտո ձոր:

Ի դեպ, Կողբում է ծնվել 5-րդ դարի հայ երևելի պատմիչ Եզնիկ Կողբացին:

Պատրաստեց Նորիկ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Հոգևոր-մշակութային


01/03/2017