ՂԱՆԴԱՀԱՐ
Ես նրան Չամանի* գործողության ժամանակ արնաթաթավ հազիվ դուրս բերեցի վառվող ավտոբուսից. սպանված դուշմանի թեւի ժամացույցը կապտելիս բենզաբաքի պայթյունից խոցվել եւ անգիտակից վիճակում մնացել էր կրակների մեջ։ Եվ երբ ուղղաթիռի մեջ, ուշքի գալով, բացեց մծրած աչքերը, իսկույն էլ շոշափեց ձախ ձեռքի դաստակը։ «Ինչքա՜ն եմ երազել SEIKO ժամացույց, Վաչի՛կ»,- հառաչեց խորքից ու նորից փակեց աչքերը։ «Իսկ ես քեզ հաճույքով կգանահարեի»,- ցավակցեցի նրան:
Այս դեպքից հետո գումարտակում ինձ սկսեցին նկատել, վաշտում՝ խաթրս առնել անցած-գնացած բաների համար, որովհետեւ Վիննին գումարտակի անվերապահ հեղինակություններից էր եւ մեր վաշտի միանձնյա «օրենսդիրն ու գործադիրը»։ Ուստի բոլորի համար պարզից էլ պարզ էր, որ նրա ապաքինումից հետո մարդկային արժանիքներս միանգամից կրկնապատկվելու էին։ Մինչ այդ, գտնվելով Վիննիի «ահեղ տիրապետության տակ», կարողացել էի չեզոք դիրք զբաղեցնել. ո՛չ ստամբակել էի անտեղի, ո՛չ էլ եղել հաճկատար՝ զուսպ պահվածքիս եւ պատերազմական պայմաններում զրկանքներ կրելու անտրտունջ խառնվածքիս շնորհիվ ապահովելով կայուն վարկ։ Այժմ արդեն ինձ հետ հաշվի էին նստելու։
-Սրանից հետո,- հեղինակավոր հռչակեց Պավել Վիննիչենկոն՝ վերադառնալով հոսպիտալից,- դու իմ ախպերն ես մինչեւ մահ ու գերեզման, Վաչի՛կ։ Քո խոսքը միշտ ընդունելի կլինի ինձ համար, ուրեմն եւ՝ բոլորի, քո նեղությունը ի՛մ նեղությունն է, քո ցավը՝ ի՛մ ցավը: Ու թե հանկարծ ինչ-որ մեկի մտքով անցնի նույնիսկ մի թարս նայվածքով խեթել քեզ, գործ կունենա փոքրիկ Վիննիի հետ։ -Օդում ճոճելով ահագին դմբուզը, որ գլխիս չափ կլիներ, զարկեց սեղանին, ինչից մարդու ախորժակ կփակվեր։ -Ախր, ես գիտեի՝ ասում էի՝ էս տղի մեջ մի մութ բան կա, թե ի՞նչ, գլխի չէի, դրա համար էլ համբերում էի, որ առանց հիմնավոր պատճառի չզխկեմ։ -Ինքն իրենից գոհ հռհռաց։ -Բայց դու, հակառակի պես, ոչ մի առիթ չտվեցիր… Չէ՛, հարգեցի, եղբայր, ես քեզ կյանքովս եմ պարտական… Թեկուզ բամփես գլխիս։ -Հոգեբանական բաների շուրջ նրա մեկնակետը իսկական ձնեմարդու էր։ -Առ, վերցրու, հալալ լինի,- թեւից հանելով թանկարժեք ժամացույցը՝ պարզեց ինձ,- ես սրա համար կյանքս վտանգեցի, իսկ դու փրկեցիր ինձ։
-«Երազանքը» նվիրել չի կարելի, բախտը հավետ երես կթեքի քեզնից,- հրաժարվեցի քաղաքավարի։
-Մերժո՞ւմ ես,- գռմռաց։
-Էն հարիֆը տակն էր լցրել… հոտը մինչեւ հիմա քթիս է, կներես, չեմ կարող, մի նեղանա…
Անտառի բնակչի արտաքինով այս աժդահային, որին զինակիցները թաքուն верзила, шкаф էին կոչում, խորթ էին պարզ ու մարդկային ճշմարտությունները։ Հարգանքը ոչ թե ֆիզիկական-նյութեղեն արժեք է, այլ հոգեւոր-տարածական, եւ որ «արժանին հատուցելով» ոչ թե մաքրագործում, այլ առերեւույթ հանգստացնում-փրկագնում ես խիղճդ, որ սփոփվում է փոքրոգի մարդասիրությամբ։ Միակ մխիթարությունը այն էր, որ Վիննիի բառապաշարում հետզհետե հայտնվում էին այնպիսի արտահայտչաձեւեր, որոնք կարծես ի սկզբանե հակացուցված էին եղել նրա անմշակ, վայրի բնությանը. ինչպես, օրինակ, «չի կարելի», «ամոթ է» հասկացությունները, որոնց տեղին եւ ճիշտ կիրառությունը երբեմն ակնառու խինդ ու բավականություն էր պատճառում հենց իրեն, ինչն էլ աղոտ հույս էր ներշնչում ընկերոջս թեեւ անտաշ, սակայն հղկվելու անորոշ հակումներ դրսեւորող ատաղձի նկատմամբ։
Նա սովորում էր ամաչել, իսկ ես՝ ծառայեցնել ամոթս։
-Խոսքը մեր մեջ, Վաչի՛կ, աչքդ ոնց որ կպել է Ֆարուխի աղջկան, հը՞՜…- լպիրշացավ Վիննին՝ ոչ առանց ետին մտքի։
-Նա իմ քույրն է, սարսաղ։
-Քանի՞ քուր ու ախպեր եք էդ խելքի։
-Ես եւ նա, ուրիշ մեկը չկա։
-Չէ-չէ մի, մոքիր ու քեռակին, արեւահարվե՞լ ես, ինչ է, չլինի՞ դու էլ…
-Հա՛, ես էլ,- հաստատեցի՝ չսպասելով «ուրույն» մի եզրահանգման։
-Բա ո՜նց, ես էլ հավատացի՜…
Ձայնի մեջ տառապանք լսվեց, մի բան, որ հուշում էր, թե նրանում դառնում-զարկվում են ինչ-որ հակասական տեսակետներ։
-Քեզ որ լսե՜մ… ստացվում է՝ ոչ խոզի միս ես ուտում, ոչ խաչակնքում… Մենք, հո, իրար հետ հազար անգամ բաղնիք ենք գնացել… Խոզի մսից էլ չտեսնված խորոված ես սարքում։
«Երանի հոգով աղքատներին»,- մտածեցի նրա մասին։
-Կպսակվե՞ս,- հարցրի անակնկալ։
-Ի՞նչը,- ասունության մասնակի կորուստ նկատվեց։
-Ինչը չէ, դմբո, ո՞ւմ հետ։
-Ո՞ւմ հետ,- կրկնեց բնազդաբար։
-Քրոջս հետ կամուսնանա՞ս։
-Ներող կլինես, Վաչիկ, ախր… ես նշանած ունեմ։
-Դու բառացի մի հասկացի, խելոք, այլ՝ ճաշակի տեսանկյունից, եթե կուզես՝ հոգու համար։
-Հա՜,- ընկալեց վերջապես,- կարելի՜ է, դու ինձ նկարը ցույց ես տվել, շատ սիրունիկն է,- ծոր տվեց հորթային հրճվանքով։
-Ե՛ս էլ… կամուսնանա՛մ,- հայացքս դարձրի Ֆարուխի դստերը։ -Ու երբ նրան «իմ քույրը» անվանեցի, նկատի չունեի աղջկա հետ իմ արյունակցական կամ էլ կրոնական կապը։ Նասիմեի աչքերում այնքա՛ն տխրություն, այնքան վիշտ կար, որքան միայն հարազատ քրոջս աչքերում էի տեսել…
-Դուք՝ հայերդ, բոլորով էլ էդ խելքի՞ն եք,- տեղի տվեց կարծես։
-Հա՛, Պաշկո, բոլորով…
Շրջիկ վաճառական Ֆարուխ Լաֆրայը ցնծում էր՝ տեսնելով, թե ինչպես են հակերը կապում ձիու մեջքին։ Եվ հենց այստեղ էլ ոգեւորված աֆղանցին սկսեց բանեցնել «երկու տիրոջ ծառայելու» թավշյա քաղաքականություն՝ ապահովագրելով իր «կախյալ հետոն»։
-Վերցրու, հրամանատա՛ր, Քաշմիրի թութուն է, բարձրակարգ,- քաթանե տոպրակը «սիրահոժար» մեկնեց Պավել Վիննիչենկոյին։ -Ֆարուխ Լաֆրայը միշտ էլ շնորհակալ կլինի պատվելի մարդկանց:
Նա իր մասին երրորդ դեմքով էր խոսում։
Իսկ ինձ նվիրեց փղոսկրյա մի մունդշտուկ:
-Մոդշաքերամ**, հրամանատար, մոդշաքերամ, դուք գովական անձնավորություն եք, Ֆարուխ Լաֆրայը չի մոռանա լավ մարդուն,- խոնարհվեց մինչեւ ծնկները։ -Համեցեք մեր համեստ տունը, մենք ապրում ենք վերստացույց սյան մոտ։
Նստելով թամբին՝ աֆղանցի փերեզակը հանդիսավոր պատվի առավ՝ ձեռքի ափը տանելով չալմային*** եւ գոհ ու բավարարված խթանեց անհայտ ծագման խառնածին ձիուն, որի գավակին, հոր մեջքից կառչած, սնգսնգում էր տխուր աչքերով մանկամարդ քուշանուհին, որին մոլուցքիս մեջ քույր էի անվանել:
«Ման թո րա դուսթ դարա՜մ»****,- շշնջացի իրիկվա խորշակին, որ փչեց նրանց հետեւից։
-Չէ՜, երեւում է՝ կեսդ հաստատ մուսուլման է,- վիրավոր հեղինակության դիրքերից խոսեց Պաշկան,- համա չգիտեմ՝ պորտիցդ ներքե՞ւ, թե՞…
-Մեջտե՜ղ… մեջտե՛ղ, իմ ախպե՜ր,-երես առա։
-Մեկ է, որ էդ «բեբարամներն» ու «խուբիմուբիները» քեզ էն գլխից էին հավան։ Հիմի էլ դո՛ւ ես նրանց հրամանատարը։
ԱՊԱՔԻՆՈՒՄ
Մի «հիվանդության» պատմություն
Սատանի կամուրջն ընկած էր կայազորի արեւմտյան սահմանին՝ մի ինչ-որ անանուն, ծանծաղ գետակի վրա, որի հունը ժամանակի ընթացքում բարակել, վերածվել էր պղտոր առվի, եւ հայտնի չէ՝ որտեղից ակունք առնելով, անզուսպ հորձանքով մղվում էր դեպի մոտալուտ վախճանը՝ դեպի անապատի շարմաղ կուրծքը՝ փոխարկվելով գարշահոտ ճահճուտի, որով էլ՝ որպես պաշտպանական բնագիծ, սկիզբ էր դրվել հատուկ նշանակության գումարտակի տեղակայմանը։ Վերստացույց սյունը, որի մասին հիշատակեց շրջիկ վաճառական Ֆարուխ Լաֆրայը, կանգնեցված էր կայազորի հակառակ՝ արեւելյան թեւին՝ չորրորդ վերստի վրա, որտեղ պարետատան ուղեկալն էր, որից այն կողմ՝ հոսպիտալն ու օդանավակայանը։ Եվ ահա` մայիսի վերջին, երբ վարակածին տապի սաստկացման հետ գնալով գլուխ էին բարձրացնում այլեւայլ համաճարակները՝ ախտահարելով յուրաքանչյուր երրորդին, որովայնային տիֆով մի քանի հիվանդների հետ ինձ էլ տեղավորեցին դաշտային լազարեթի վարակային հիվանդությունների բաժանմունքում՝ ախտորոշելով «հեպատիտ»։
Ապաքինումը սիրտ մաշող, անկյանք զբաղմունք է, բայց ես շտապելու առիթ առանձնապես էլ չունեի, մանավանդ որ այս տասնութ ամիսների ընթացքում առաջին անգամ ծառայությանս տառապալից օրերը «պարապության մեջ» մեռցնելու բարեբախտ պատեհություն էր ներկայացել։ Մինչեւ աշնանային զորացրում ինձ մնացել էր 160 օր… Հետեւաբար, ոչինչ չէր մնում անելու, քան ամեն կերպ տրվել հուլությանը, որովհետեւ վաղո՜ւց, շատ վաղուց (այնպիսի տպավորություն ունեի, թե՝ ծննդյան օրից) երազում էի գեթ մի կարճատեւ ընթացք հոգեկան անդորր ու երկրային խաղաղություն վայելել։ Ուզում էի հանգստանալ, ազատ շունչ քաշել այս բովանդակ արգելոցում՝ չիմանալով, որ սա հոգնություն էր ողջ կյանքիս համար, որ ցմահ դատապարտված եմ ապրելու եւ վերապրելու պատերազմի սոսկանքն ու ախտը։ Իրիկունները՝ ընթրիքից հետո, միանգամից մի քանի հաբ կուլ տալով, դուրս էի գալիս ախտահար մարմինների եւ դեղորայքի կծվահոտով ներծծված վրանից՝ մի քիչ «մաքուր օդ» շնչելու։ Նստում էի փշալարերի հովին եւ զբաղվում սրտակեղեք տեղազննությամբ։
Տեղն անդորր էր եւ հարմար անշարժ դիտումների համար. ծանր հայացքս նորից ու նորից մագլցում էր փշալարերի վրայով ու սկսում թրեւել մայրամուտի շողերից բռնկված շիկակարմիր բլուրների լանջերին, որտեղից դեպի բացատն էր իջնում այծերի հորանը՝ խաղացնելով վզներից կախ զանգուլակները։ Բոժոժները խաղ էին գալիս զանգակներում, իսկ մտքերը` ծանրացած գլխիս մեջ, եւ ինձ քիչ առ քիչ պարուրում էր անորոշ մի բանի տարտամ զգացողության ինքնօրորումը՝ հիվանդագին թմբիր բերելով հոգուս ու մարմնիս։ Եվ թվում էր, թե մի ամբողջ հավերժություն այսպես անշարժ նստած եմ եղել, ինչպես չարագուշակ սֆինքս, որի առջեւով հոսել-անցել էին ժամանակները: Եվ հիմա Երկիր մոլորակի վրա, ինձնից բացի, ուրիշ ոչ ոք չկա: Բոլորը եւ ամենայն ինչ վաղուց համաշխարհային աղետի ճարակ են դարձել, իսկ ես դատապարտված եմ ապրելու. ես անմահ եմ… Եվ որքան ավելի շոշափելիորեն էի զգում հավիտյան միայնակ լինելս, այնքան ավելի խելահեղ հաջորդականությամբ էին փոխվում տարիներն իմ հուշերում, որոնցից առավել անխաթար ու անխառն էր պահպանվել-պատկերանում վաղանցուկ մի ժամանակաշրջան, որի ամեն մի դրվագը սիրելի էր ինձ ու անդավաճան։ Աչքիս առաջ էր ելնում Ռոդենի «Մտածողի» պես քանքարավոր գլուխը ափին հենած հայրս, ում բախտը կյանքում չէր բերել, ով մի օր անեծքի պես ասաց. «Կգնաս բանա՛կ…», կարծես պատգամում էր լինել անմահ։ Տեսնում էի վշտից փոքրացած մորս, որ իր բախտին հլու հավատարմորեն ջուր էր ցողում իմ հետեւից… Նույնիսկ մտաբերեցի դեկանատի այն շիկահեր աշխատակցուհուն, որի վավաշոտ-հեշտասեր ծոցից մեկեն հայտնվեցի աշխարհի մեկ այլ միջօրեականում:
…Ես արեւելագիտության ֆակուլտետի պարսկական բաժնի նախկին ուսանող եմ՝ լեզվաբանության ասպարեզում անուն հանած նախնիներիս վերջին շառավիղը, որի հետ էին կապվում մեր տոհմի արդեն իսկ խամրող գիտական փառքը նորոգելու ծնողիս բոլոր նվիրական իղձերը։
Հա՜յրս. հանիրավի կայենական դատափետման ենթարկված տաղանդ, որ ուսանողական տարիներին ոմն կենտկոմականի սիրասուն դստեր հետ ծագած անհաջող, կայծակնային արկածի պատճառով վտարվել էր համալսարանից, եւ նրան այլեւս վիճակված չէր շտկելու բախտի ժանգոտող անիվը։ Քիչ ավելի ուշ՝ այս անգամ արդեն հաջող սիրարկածից, լույս աշխարհ էի եկել ես… եւ դեռ պիտի հարություն տայի մեր փառապանծ ցեղի խորտակված հույսերին։ Ինձ եւս բաժին էր ընկել վաղօրոք նախանշված առաքելություն՝ դառնալու արեւելագետ… Բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ վրա հասավ։ Հորս քթից թռած լինելով՝ չգիտեմ ինչու, չգիտեմ ինչպես (մինչեւ հիմա խելքս գլուխս չի գալիս, այնպես արագ զարգացան աղետալի դեպքերը), գրեթե նույնությամբ կրկնեցի ծնողիս դառը փորձը։ Նոր ուսումնական տարվա առաջին կիսամյակում կապվեցի դեկանատում աշխատող մի հմուտ պոռնիկի հետ։ Նա ինձ վաղուց էր նշանի տակ առել եւ ամեն անգամ՝ առիթ-անառիթ, «անուշիկ», «քաղցրիկ» էր կանչում մի այնպիսի կրքոտությամբ, որ ես ամոթից հալվում, մի բուռ էի դառնում… Մի օր էլ ինքս ինձ հայտնաբերեցի հոմանուհու առասպելական կրծքերի արանքում՝ իսպառ շնչահեղձ վիճակում… Եվ այդպես մի չաղլիկ «չորս» վաստակեցի կուսպատմությունից, այնինչ գիտական կոմունիզմի միջնաբերդը գրոհել չհասցրի։ «Մատաղ սերնդին այլասերելու, անբարո վարքի համար» ռեկտորատի բաց նիստում դեկանատի աշխատակցուհուն օտարեցին կուսակցության շարքերից՝ հեռացնելով զբաղեցրած պաշտոնից։ Ինձ՝ իբրեւ ուսանողության շրջանում վտանգավոր (վարակիչ) համարում վայելողիս, զրկեցին մայր բուհում ուսանելու հետագա իրավունքից։
Հանձին ինձ տեսնելով մեր փառապանծ տոհմի վերջնական ձախողումը՝ հայրս ցասումնալից պոռթկաց. «Քառակուսի գլուխ, կգնաս բանակ, թող քիթ ու մռութդ մի լավ տրորեն… Դուք սերունդ չեք, դուք ոչինչ չգիտեք… դուք մեզ կկործանեք…»։ Բանակում ես գործնականորեն բարելավեցի պարսկերենիս իմացությունը եւ դեռ մտադիր եմ (հակառակ «կրթության հարցերով եռյակի ընդունած անժամկետ որոշման») զորացրվելուց հետո (թե որ ողջ մնացի) վերականգնվել արեւելագիտության ֆակուլտետում եւ ոչ միայն… Որովհետեւ ես հիմա «աֆղանական պատերազմի հերո՜ս եմ»…
… Ինձ կանոնավորապես տեսակցելու էր գալիս Պավել Վիննիչենկոն. նա սովորաբար հիվանդատես էր գալիս այն օրերին, երբ վերադարձած էր լինում մարտական առաջադրանքից եւ անպայման՝ ոչ դատարկաձեռն։ Բերում էր թալանի մազա՝ չոր միրգ, քաղցրեղեն ու ծամոն… եւ չնչահավատ գեղացու նման պնդում էր՝ իր ներկայությամբ ամբողջը ուտեմ, որպեսզի համոզվի, թե իրենից հետո բաժին չեմ հանի «տարբեր տիպի անարժաններին», որոնք լազարեթ էին ընկել տիֆով կամ դեղնախտով վարակված զինվորի բերանը մտնելով ու հիմա ձեւացնում էին, թե ձանձրանում են անգործությունից եւ ուզում են օր առաջ շարք վերադառնալ: Վիննին դրանց պատկերավոր նախշում էր մեկ բառով՝ ՏՑՐՏՊՖպ, եւ ձեռքն ընկածին գամում էր անարգանքի սյունին։ Ու թեեւ ես եւ Պաշկան հակապատկերներ էինք, բայց մեզ միավորող մի ընդհանրություն կար. մենք երկուսս էլ փորձում էինք ճանաչել իրար։
* Բնակավայրի անվանում
** Շնորհակալություն
*** Տղամարդու գլխի փաթաթան
**** Ես քեզ սիրում եմ
ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Հոգևոր-մշակութային