Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՈՒՄ



ՆՎԻՐՈՒՄՆոյեմբերյանի տարածաշրջանում եթե հարցնեք` հիշո՞ւմ եք Սերգեյ Մարտիրոսյանին, պատասխանը, վստահ եղեք, հաստատ ջերմ հնչերանգով կպարուրվի` «մեր զինկոմն էր մայորը, բայց մեզ համար նա իսկական գեներալ է…»:

Սերգեյ Մարտիրոսյանը ծնվել, հասակ է առել Թիֆլիսում, ավարտել տեղի հրետանային ուսումնարանը:  Զինվորական տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1984թ. նշանակվել է Նոյեմբերյանի զինկոմ: Իր գործի նվիրյալն էր: Ու այսպես նոյեմբերյանցիների հիշողության մեջ երեւի կմնար  որպես իր գործին լիարժեքորեն տիրապետող զինկոմ, եթե հետագայում ծավալվող իրադարձությունները, ազգային հողի վրա բախումները նոր կերպարով, նոր նկարագրով չբացահայտեին նաեւ նրա խիզախ էությունը, նվիրումը, հայրենապաշտ ոգին:

Անցյալ դարի վերջերին սահմանամերձ մյուս բնակավայրերի նման Նոյեմբերյանն ու տարածքի գյուղերը հայտնվեցին  ազգամիջյան բախումների առանցքում, վառոդի, ծխի մեջ այրվեցին սին բարեկամության վերջին պատրանքները…

1990թ. մարտին Բաղանիս-Այրում տարածքում, որտեղով անցնում էր Նոյեմբերյան-Իջեւան մայրուղին, մեծ ընդհարում եղավ, Այրումի միջով անցնելը բնականաբար անհնար դարձավ, մեքենաները երթեւեկում էին Բաղանիսի Հարսնաքար լեռան լանջով: Այսպես ճանապարհը մի փոքր երկարում էր, բայց ավելի անվտանգ էր:  Սակայն մայորը միշտ հին ճանապարհն էր նախընտրում. «Յուրաքանչյուր տարածք, եթե չեք օգտագործում, հաշվեք` տվել եք թշնամուն: Ես նոյեմբերյանցիներին երդում եմ տվել` միշտ այդ ճանապարհով եմ գնալու-գալու»: Ու վարորդին էլ պատվիրել  էր, որ իր երեխեքին հենց այդ ճանապարհով տանի-բերի:

-Լարված էր  վիճակը, թշնամին ժամանակ առ ժամանակ  կրակում էր,- պատմում է մայորի աղջիկը` զինվորական բժշկուհի, բուժծառայության կապիտան Աննա Մարտիրոսյանը,- մեկ էլ այդ վտանգավոր հատվածում մեքենան փչացավ: Վարորդը բարձրաձայն սրտնեղեց ու անցավ «Վիլիսը» կարգի բերելուն: Ես վախեցած շուրջս էի նայում, իսկ քույրս` Արմինեն (փոքր էինք, դպրոցահասակ), վստահ տոնով մեծավարի մեզ գոտեպնդում, հուսադրում էր. «Պապան ասել է` խնդիր չկա, մի՛ վախեցեք»: Զարմանալիորեն  արագ բոլոր տագնապներս ցրվեցին, անէացան` պապան ասել է՝ խնդիր չկա…

Նոյեմբերյանցիները այսօր էլ խիզախ մայորի մասին իրապատում լեգենդներ են պատմում: Նրա ներկայությունը խռովահույզ, ալեկոծ ժողովրդին մի տեսակ վստահության, ապահովության զգացողություն էր հաղորդում, ասում էին. «ճշտեք՝ մայորը որտեղ է, վստահ եղեք՝ էդտեղ թոփը չի կպնի»:

Մայորը չի թաքցնում հպարտությունը` ես երբեք զոհեր, անգամ վիրավորներ չեմ ունեցել:

Պրոֆեսիոնալ զինվորականը  թշնամու ամեն քայլն  ու շարժը արագ հաշվարկում էր ու կանխում հնարավոր ամեն զարգացում: Տեղանքի ամեն նրբություն  հինգ մատի պես գիտեր ու միշտ ամենավտանգավոր կետերում էր, միշտ կյանքի եւ մահվան սահմանագծին.  քանի անգամ կարող էր զոհվել, գերի ընկնել եւ անգամ դատվել իր զինվորական ղեկավարության կողմից` ինքնագլուխ արարքների համար, բայց, միեւնույն է, ահ չուներ, նրա խիզախությունը խենթության էր հասնում:

♦♦♦

ՆՎԻՐՈՒՄԱնցյալի հազարաձայն հուշերը ալեկոծել են զինվորականին: Մայորը ժպտում է, տեսնես՝ ի՞նչ է մտաբերել. մանրամասն, դետալ առ դետալ բացատրում է` ոնց, հակակարկտային կայանքը հարմարեցնելով, կրակեց թշնամու ուղղությամբ (հետագայում կպարզվի, որ վիրավորել էր հակառակորդի ազգային ճակատի նախագահին), աղմուկ-աղաղակ, ուրախ բացականչություններ ու Ղազախի գործկոմի նախագահի զանգը` խնդրում էր վերջ տալ կրակոցներին: Ուրախ էին, որ կարողացել էին սաստել  եւ թշնամուն պարտադրել  խնդրողի կարգավիճակ:

Անհանգիստ էր, պրպտուն, անընհատ շարժման մեջ, մեկ հենակետերի տեղակայման վայրն էր քննարկում, ճշգրտում, որ գերիշխող լինի, մեկ թշնամու կուտակումներն էր ստուգում, մեկ գնում էր բանակցությունների: Մեկ Ոսկեպարում էր, մեկ գործկոմի շտաբում, տանը համարյա չէր էլ հասցնում լինել, իսկ եղած կարճատեւ պահերին էլ տան հեռախոսը երբեք չէր լռում` մայոր, ի՞նչ անենք:  Ու  հստակ, մանրամասն հրահանգավորում էր…

Սահմանամերձ ոչ մի տարածք նրա ուշադրությունից դուրս չէր մնում: Զուտ ֆիզիկապես անհնար էր լինել ամեն տեղ, բայց ինքը ամենուր էր, աչքերը փակ գիտեր ամեն քար ու թուփ, ամեն կածան ու շավիղ:

1990թ. օգոստոս: Ոսկեպարը շրջապատված էր: Միլպետ Տիգրան Սարգսյանն իր խմբով գյուղի պաշտպանների հետ մնացել էր առանց սննդի, առանց դեղորայքի: Ի՞նչ անել: Զինկոմն ու իր վարորդը` Եգոր Գուլքանյանը, միանգամից ճանապարհ ընկան:

Քանի անգամ սնունդ-դեղորայք հասցրեց Ոսկեպար՝ պաշարված տղաներին: Արտասահմանցի լրագրողին ո՞նց, ի՞նչ ճանապարհներով կարողացավ հասցնել ահասարսուռ դեպքի վայր, որտեղ միլիցիայի կարգախմբի տղաների արյունոտ ջարդն էր կատարվել: Տանկային շրջափակումի  միջով անցնելով պաշարված Ոսկեպար` ռուս պատգամավոր Անատոլի Շաբադին դուրս բերեց ոճրագործության վայրից (պատգամավորն այդ օրերի մասին պատմող իր բոլոր հարցազրույցներում մշտապես առանձնակի ակնածանքով էր հիշատակում հերոս մայորի անունը): Իսկ եղեռնագործությունից մեկ օր հետո ռուս պատգամավորների միջնորդությամբ դեպքի վայրից մայորը տղաների դիակներն էր տեղափոխում… Զինկոմիսարիատի խարխուլ «Վիլիսը» մշտապես ճանապարհների ոլորապտույտներին էր` մահվան ու կյանքի ոլորապտույտներին… Զինկոմի մասին ինչե՜ր էին պատմում… Ու թե գրող, լրագրող փորձում էին  նյութ գրել նրա մասին, միշտ հրաժարվում էր, ասում էր` զոհված տղերքի մասին գրեք, ես դեռ ապրում եմ:

Ապրել ու ապրում է ազնիվ, հպարտ ու արժանապատիվ: Երբեք ինքնամեծար դափնիներ չի որոնել, քայլել է շիտակ ու պարզ, հազար դառնություն է տեսել, հազար դժվարություն ու հիասթափություն, բայց երբեք չի ճկվել, չի կքվել, հարմարվել կամ համակերպվել: Խոսքը երբեք չի երկտակել, ասել է պարզ ու ճակատին:

♦♦♦

Պատկառազդու զինվորականը վերջերս նշեց ծննդյան 70-ամյակը, նշեց հարազատների` նոյեմբերյանցիների հետ: Շատերն էին ներկա՝ բժիշկ, մտավորական, սովորական շինական ու դասախոս: Նոյեմբերյանի տարբեր գյուղերից հյուրեր կային, ամեն մեկն իր խոսքում անպայման նշում էր` «իմ գյուղի ժողովրդի անունից, մայոր ջան, հատուկ շնորհակալություն»:

Նա այսօր էլ անմասն չէ մեր պայքարից, այսօր էլ մտահոգ է իր երկրի, հայրենիքի ճակատագրով. «Մեր հպարտությունը մեր հողն է, մեր ջուրն է, մեր արեւն է ու այս ամենը պահող-պահպանող մեր բանակը»:

Բանակի 25-ամյակի առիթով մայորը պարգեւատրվեց ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով: Սա վաստակաշատ զինվորականի ստացած առաջին պարգեւն էր հայոց բանակից…

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Բանակ և հասարակություն


22/02/2017