Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔ



ՊԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔ«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին «հրաժեշտի» հայտարարություն է տարածել, որում ընդունում է ԻՊ պարտությունը Հյուսիսային Իրաքում:

Այս հայտարարությունն արվել է Մոսուլ քաղաքի համար ծավալված թեժ մարտերից հետո, երբ իրաքյան բանակին հաջողվել էր ճնշել ԻՊ գրոհայինների դիմադրությունը: ԱՄՆ ղեկավարությամբ կոալիցիոն զորքերը Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունն սկսել են 2016թ. հոկտեմբերին: Քաղաքի արեւելյան մասը ազատագրվել էր դեռեւս նախորդ տարեվերջին, իսկ արեւմտյան մասի ազատագրումն սկսվել էր այս տարվա փետրվարին:

Բեկումնային իրավիճակ է նաեւ Սիրիայում: Կառավարական զորքերը Ռուսաստանի ՕՏՈւ աջակցությամբ ազատագրել են Պալմիրան: Այժմ կառավարական ուժերը մոբիլիզացվում են Սիրիայում ԻՊ կենտրոնակայանի՝ Ռաքքայի ուղղությամբ գրոհ սկսելու համար: Այդուհանդերձ, ԻՊ ջախջախման մասին խոսելը դեռ վաղ է: 2007թ. Իրաքի կառավարական զորքերը կարծես թե ջախջախել էին նոր ձեւավորված կազմակերպության զինված ուժերը, սակայն այն շատ արագ վերակազմավորվեց եւ անցավ նոր, ավելի ուժեղ գրոհի՝ ընդլայնելով իր գործունեության շառավիղը:

Տարբեր գործոններից բացի, ԻՊ ջախջախմանը խանգարում են հակաահաբեկչական կոալիցիաների միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները: Մեկ շաբաթ առաջ թուրքական եւ սիրիական կանոնավոր զորքերի միջեւ բախում տեղի ունեցավ, մարտի 5-ին խոցվեց սիրիական ինքնաթիռ: Նման իրավիճակից օգտվում են նաեւ Իսրայելը, Սաուդյան Արաբիան՝ փորձելով խափանել կառավարական ուժերի կողմից երկրի ամբողջ տարածքի ազատագրումը:

Աբու Բաքր ալ Բաղդադիի հայտարարությունը կարող է լինել նաեւ Մոսուլում մնացած մարտունակ ստորաբաժանումները փրկելու, ուժերը թարմացնելու, վերադասավորելու, նոր մարտավարություն մշակելու քարոզչական հնարք:

Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Տարածաշրջան


09/03/2017