ՀԱՅՈՑ «ՈՍԿԵ», «ԱՐԾԱԹԵ» ԵՎ «ԵՐԿԱԹԵ» ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ
Հայկական լեռնաշխարհը հանքային ոսկու, արծաթի եւ երկաթի ձուլման հնագույն օրրաններից է, որի վկայություններից են հնավայրերում պեղված ձուլարանները, ոսկե, արծաթե եւ երկաթե բազմատեսակ իրերը: Այս մասին շատ է խոսվել, սակայն չմոռանանք, որ նման վկայությունների շարքը պետք է դասել նաեւ տեղանունները, որոնք կապված են ոսկու, արծաթի եւ երկաթի հանքավայրերի հետ եւ յուրովի արտացոլում են հայ երկրաբանության, ընդհանրապես հայոց պատմության այս կամ այն էջը:
Հետաքրքիր է, որ հայերս ունեցել ենք բնակավայր, որը հենց այդպես էլ կոչվել է` Ոսկի: Պատմաբան, հայագետ Մ. Չամչյանն իր «Պատմություն հայոց» գրքում գրում է, որ այն եղել է ավան եւ գտնվել է Արաքս գետի ափին: Ոսկի անունն են կրել մեծ Հայքի Ծաղկոտն գավառում գտնվող լեռները: Ունեցել ենք Ոսկի լեռներ անունով լեռնաշղթա Մեծ Մասիսից հարավ-արեւելք:
Մեծ Հայքի Տայք աշխարհում եղել է բնակավայր Ոսկեհանք անունով: Այսօր էլ Տավուշի մարզում կա գյուղ` Ոսկեպար, որի հին գյուղատեղիում կատարված պեղումների ժամանակ գտնվել են ոսկե, արծաթե, պղնձե զարդեր, անոթներ, երկաթե խոփ: Այդ գյուղի անունով էլ շրջակա լեռները կոչվել են Ոսկեպարի կամ Ոսկեպատի լեռնաշղթա:
Տեղանունները պատահաբար չեն տրվում, ակնհայտ է, որ նշված վայրերում մի ժամանակ եղել են ոսկու հանքեր:
Արեւմտյան Հայաստանում՝ Էրզրումի նահանգի համանուն գավառում, Էրզրում քաղաքից 15 կմ հեռավորության վրա հայերս ունեցել ենք գյուղ, որը կոչվել է Արծաթ: Հնչյունափոխված ձեւով կոչվել է նաեւ Արծըթի, Արծթի, Արծիթի, Արզաթի եւ այլն: Մոտակայքում եղել են արծաթի հանքեր, եւ գյուղը «գտել է» իր անունը:
Արծաթ գյուղի անունը հիշատակվում է 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու «Պատմություն հայոց» մատյանում: 483 թվականին Մուշեղ Մամիկոնյանը հենց այս գյուղի մոտ է պարտության մատնել պարսիկներին:
Ի դեպ` Ղազար Փարպեցին իր մատյանում հիշատակում է եւս մեկ տեղանուն` Արծաթաղբերք: Այսպես են կոչվել այն սառնորակ, վճիտ, «արծաթ» աղբյուրները, որոնք գտնվել են Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բասեն գավառում, Արաքսի վտակ Մուրց գետի ակունքի մոտ: Այդ տարածքում գտնվող դաշտը եւս կոչվել է Արծաթաղբերք: Այժմ նույն անունն է կրում Սեւանա լճի ավազանի գետակներից մեկը, որը սկիզբ է առնում Արեգունի լեռնաշղթայից: Անվանում են նաեւ Սպիտակաղբյուր:
Լեռնային Ղարաբաղի Ջրաբերդի շրջանում կա մի հին հանքավայր, որը կոչվում է Արծաթահանք: 1870 թվականին այն վարձակալել են հույները, սակայն հետագայում լքվել է հանքանյութի կապարախառն լինելու եւ արծաթը դժվարությամբ կորզելու պատճառով: Արծաթահանք է կոչվում Ղարաբաղի լեռնահամակարգի գագաթներից մեկը, լեռը կոչվում է նաեւ Արծաթասար: Հասկանալի է, այս անունները տրվել են տեղանքում արծաթի հանքերի առկայության պատճառով: Կիլիկյան Հայաստանում նույն պատճառով Արծաթե լեռներ անունն է կրել մի ամբողջ լեռնաշղթա:
Մեծ թիվ են կազմում երկաթի հետ կապված տեղանունները: Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում եղել է մի հանքավայր, որը կոչվել է Երկաթահանք: Ունեցել է նաեւ այլ անուններ` Երկաթահատ, Երկաթապատ:
Գրաբարում «հատել» նշանակել է նաեւ «բաժանել», «առանձնացնել»: Ստույգ կարելի է ասել, որ մեր նախնիները «երկաթահատ» բառի մեջ դրել են հանքանյութից երկաթի բաժանման, առանձնացման իմաստը: Դա է հուշում նաեւ «Հայոց լեզվի հոմանիշների բառարանը», ըստ որի, հատել նշանակել է «կտրել», վերջինս էլ վերեւում նշված իմաստների հետ նաեւ նշանակել է «զատել», «հեռացնել»: Ամեն ինչ ճիշտ է` Երկաթահատում հանքանյութից զատել, հեռացրել են երկաթը:
Հետաքրքիր է Երկաթապատ տեղանվան ստուգաբանությունը: Արեւելյան լեզուներում շատ տարածված է եղել «պատ» բառը, որը նշանակել է «շեն», «ավան», հետագայում նաեւ «քաղաք», «ոստան», ընդհանուր իմաստով` «վայր»: Միջին դարերում այս «պատը», այսպես ասած, քնքշացվել է, դարձել «բադ» եւ լայնորեն տարածվել տեղանուններում: Օրինակ` Իսլամաբադ (Ջալալաբադ, Աշխաբադ), որը նշանակում է Իսլամի քաղաք կամ պարզապես Իսլամաշեն, ինչպես հայերենում` Դավիթաշեն, Նուբարաշեն եւ այլն: Մեր նախնիները, սակայն, «պատ» բառը վերոնշյալ իմաստներով թողել են նույնը: Այստեղից էլ` Սարդարապատ (Սարդարաշեն), Վաղարշապատ (Վաղարշավան) եւ այլն: Երկաթապատը, ուրեմն, նշանակում է երկաթի տեղ, վայր, շեն, ինչպես, օրինակ, ասում ենք` Վարդաշեն:
Հնում Հայաստանի երկաթի եւ կապարի հայտնի հանքավայրերից է եղել Երկաթահատքը (Կապարահատքը), որը գտնվել է Վանա լճի հարավային ափին: Այստեղ արդյունահանված մետաղի զգալի մասը արտահանվել է այլ երկրներ:
Հայկական լեռնաշխարհում, Արճակ լճի արեւմտյան ափին, եղել է լեռ Երկաթներ անունով: Պարզ է` այդտեղ եւս եղել են երկաթի հանքեր:
Կապանի եւ Սիսիանի տարածաշրջանների սահմանագլխին վեր է խոյանում մի լեռնագագաթ, որին տրվել է Երկաթասար անունը: Կազմված է էոցենի հրաբխային ապարներից, լանջերը զառիթափ են` ծածկված ալպյան մարգագետնով: Նրա լանջերից են սկիզբ առնում Գեղի գետի ձախ վտակները: Բարձրությունը 3227 մետր է:
Երկաթասար անունով լեռներ կան Զանգեզուրի լեռնային համակարգի կենտրոնական մասում, Կոտայքի մարզում, Պտղնի գյուղի մոտ:
Կիլիկյան Հայաստանում եղել է Երկաթագետ անունով գետ, Երկաթակերտ է կոչվել Հայք աշխարհի Անգեղտուն գավառի բերդաքաղաքներից մեկը, Ելիզավետպոլի նահանգի Ջեւանշիրի գավառի (այժմ` Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի) գյուղերից մեկին տրվել է Երկաթավոր անունը:
Եղել են բազմաթիվ հանքային աղբյուրներ` երկաթային բաղադրութամբ, որոնք կոչվել են Երկաթաջուր:
Հայոց «ոսկե», «արծաթե» եւ «երկաթե» տեղանունների այս շարքը կարելի է շարունակել:
Պատրաստեց Նորիկ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ
Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Հոգևոր-մշակութային