Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՐԱՊԵՏԸ



ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ – 58

 

Մե՛ր ծննդյան օրը

 

ՍՊԱՐԱՊԵՏԸ«Հայ ժողովուրդը վերջին 7-8 տարիներին համազգային սխրանք է գործել եւ անչափ ցավալի, ճակատագրական կլինի, եթե թյուրիմացությունների, անվստահության, անմիաբանության պատճառով հանկարծ տանուլ տանք արյունով ու մաքառումներով ձեռք բերածը»:

«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա»:

«Պատմությունն այսօր  մեզ հրաշալի հնարավորություն է ընձեռել վերհիշելու մեր նախնյաց փառքը, հասնելու ժամանակի գնացքին: Ավելին, մեր ողջ պատմության ընթացքում մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին: Էլի մեկ-երկու լիարժեք քայլ, էլի մի քիչ համբերություն, փոխադարձ հանդուրժողականություն, եւ 21-րդ դարը մերն է լինելու»:

«Հայոց ազգային բանակը, որ մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է, պատրաստ է դառնալու մեր միասնականության խարիսխը»:

«Վերջապես ես վախենում եմ բոլոր չվախեցողներից` անտարբերներից, արկածախնդիրներից, ժողովրդի բոլոր հնարավոր «փրկիչներից»:

 

Սուրբ Նշանի փոքրիկ պատուհանից արեւի շողն ընկել է սալահատակին: Վանքի ներսում անդորր է: Կանգնած են բանվորը, բժիշկը, գյուղացին, գրողը: Դարավերջ է: Դարավոր թշնամին ինքնագոհ ու լկտի նորից փորձում է ասպատակել հայրենի սահմանները: Ամեն մեկն իր մտքերի հետ է: Ու հանկարծ պատուհանից ներս ընկած լույսի շողը գալիս ու մի ակնթարթ քարանում-կանգնում է Նրա դեմքին: Գրողի հայացքը լույսի շողի հետ դուրս է գալիս պատուհանից ու թափառում Բիբլիական լեռան լանջերին: Ակոռի գյուղի հանգստարանից լույսն իր անդրադարձն է ստանում: Նախնիների մամռապատ տապանաքարերը դեն են տանում խաղողի  ծանրաբեռ վազերը. «Աստ հանգչի Սարգսյան տոհմի…, հետո լո՞ւյսն է, թե՞ գյուղի միակ աղբյուրի ակն է մեկեն հորդում ու ջուրը կարկաչելով իջնում-կտրում է Արաքսն ու  դիմացի ափին զարկվելով` նորից խառնվում Արաքսի ջրերին: Տեսի՞լք էր, իրականությո՞ւն, որն ընդհատվեց վանքի կամարների տակ հնչած ընկերների «Երդվո՛ւմ եմ» բառերից: Նա նորից պատուհանից դուրս նայեց, ու հայացքը Մասիսներին շշնջաց. «Երդվո՛ւմ եմ»… Ու Հայաստանի տարբեր ծայրերից եկան տղաներ, եկան զինավառ ու անզեն: Եկան ու իրենց մարտական մկրտությունը ստացան Արարատի հովանու տակ: Պատերազմը ծավալվեց սահմաններում, Արցախ աշխարհում:

Մի զինվոր կարոտով ու հավատով նրան կոչեց Սպարապետ: Պետության, պետականության հիշողությունը Սպարապետ բառով արթնացավ: Եվ բոլոր ջոկատները միավորվեցին. «Մենք քո զինվորն ենք, Սպարապե՛տ»: Մեր ապրած դարերը մեզնից խլած  արաբից, պարսիկից, հույնից, թուրքից մեր արյան մեջ նիրհող վախ կար: Ու մերձավորի հրազենի փողը կրծքին պապանձված ժողովրդի հայացքի դեմ նա դուրս բերեց այդ վախը` հրազենի փողն ուղղելով սահմաններից այն կողմ, որտեղ վայրի քրքիջ կար ու ինքնագոհություն: Հետո Սպարապետը սահմաններում էր:

Ահեղ կռվում զոհվում ու վիրավորվում էին ընկերները` Աստծու բարեհաճությամբ տանելով փառավոր ու աներեւակայելի հաղթանակներ: Հետո նահանջ, տեղահանություն, ավեր ու նորից հաղթանակներ: Սպարապետը, տառապանքն ու ցավն իր մեջ պարփակած, ստեղծեց բանակ: Պետականության հիշողությունն իր մեջ արթնացրած ազգն ունեցավ բանակ, այն կայացավ-ամրացավ զոհված ու վիրավոր տղաների, ժողովրդի գուրգուրանքով: Հաղթանակն ապահովված է, հաղթանակը մե՛րն է: Զինվորների ամրակուռ շարքերից հնչող երգն ու խրոխտ ոտնաձայնն արձագանքվում էին սահմաններից անդին: Թվաց` համընդհանուր  ոգևորության ու ցնծության մեջ մնացել է այն, ինչին դու էիր արժանի, Սպարապե՛տ: Բայց դու ցավ ունեիր քո հոգում` տառապանք:

Որդեկորույս մայրը դիմում էր քեզ. «Վազգե՛ն, զավա՛կս»…

Այրիացած հարսների հայացքում անդառնալի կորուստ կար…

Որբացած երեխաների հայացքում հպարտության փոխարեն` թախիծ…

Ու երբ կայացած բանակին բարի ծառայություն, ոգի ու աննկուն կամք մաղթելով, հայացքդ թիկունք դարձրիր` տառապանքդ բազմապատկվեց`

Թոշակառուն աղերսում էր, մուրացկանը պարզել էր ձեռքը:

Նկարիչը Մասիս էր նկարում ու որդուն ազատում ծառայությունից:

Բանաստեղծը հաղթանակն էր գովերգում ու որդուն փորձում էր հետ պահել բանակից: Համատարած փախուստ էր, հեռացում:

Դարբնոցի սալին խփող կռանի զարկերը դարձել էին հատուկենտ:

Փրկի՛ր, Սպարապե՛տ:

Եվ տառապանքը` հաղթանակած բանակի անչափելի տառապանքը քո հոգում, դու ձեռք զարկեցիր քո վերջին ամենամեծ ու դժվարին գործին` ապրել հաղթանակած երկրին վայել:

Նորից հույս ու հավատ լցվեց Հայոց աշխարհը: Հեռացողը ոտքը կախ գցեց:

Օտար ափերում դեգերողը փայփայեց վերադարձի հույսը:

Գյուղացին մեջքը շտկեց ու հայացքը դարձրեց դեպի սահմանները:

Ծնողների հոգսը մի պահ մոռացած զինվորը հաստատ կանգնեց սահմանին: Եկել էր պահը, ու քո հոգուց դուրս եկած բառերը` կսկիծով, կորստյան ցավով ու փառապանծ հաղթանակներով անթեղած` հավատ, հույս ու հպարտություն էին ներշնչում ժողովրդին:

Փրկի՛ր, Սպարապե՛տ:

…Սոյուղի, Օմարի, Աղոթարանի բարձունքներին կանգնած հայ զինվորը կրակոցի ձայն լսեց: Թշնամին անգամ պապանձվել էր: Զինվորը ետ նայեց, նայեց թիկունքի ուղղությամբ: Մառախուղ էր, ու Արարատ լեռը` դեմքը թաքցրել էր թանձր սավանով: Մարդիկ փորձում էին չկորցնել Արարատի պատկերը, իսկ Արարատ լեռը մեզնից անտես, իր սառցե գահերում պատարագում էր իր զավակի կորուստը, նրա պատկերն էր թաքցնում մեզնից: Արարատը սգում էր…

Հետո Ակոռի գյուղի եկեղեցում կրկնվեց նույն տեսիլքը: Անաղմուկ, աննկատ Սպարապետը շրջում է վանքի բակում: Երկար կանգնում, դիտում է Տիրամոր քանդակը, որի Միածնի դեմքից ժամանա՞կը, թե՞ վարպետի հատիչի մի անզգույշ հարված պոկել է քարի մի բեկոր-մասունք: Սպարապետը հետո մոտենում է վանքի պարսպին և թիկունքը հենելով արեւամուտի տաք քարերին` հայացքը հառում ներքեւում փռված Հայաստան աշխարհին: Նա երկար-անաղմուկ դիտում է մայրամուտը: Միայնակ է, ոչ ոք չի փորձում կտրել նրան իր խոհերից:  Գուցե նորից արթնացե՞լ է գրողը ու փորձում է վերարտադրել անցած 10 տարիների ձեռքբերումն ու կորուստը: Ի՞նչ էիր խորհում, Սպարապե՛տ, այդտեղ միայնակ: Գուցե մտածում էիր Զորավարի ու քո հանդիպման մասին: Քեզ տանջող, ներսից քեզ քրքրող հա՞րց ունեիր, որին միայն Զորավարը կարող էր պատասխանել: Զորավարը, որն ունեցել էր ընդամենը մի քանի հազար զինվոր, ու ամեն մի հեռացողից հետո եկել էին նորերը. «Ես Անդրանիկի զինվորն եմ»: Այդպես ողջ Հայաստանով մեկ: Ու հիմա գալիս է Զորավարը:

-Սպարապետ, յավրում, միայն չհարցնես՝ ինչո՞ւ գնացիր: Հիշո՞ւմ ես Խորենացու խոսքերը. «Աղեղնավոր Հայկը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթեւյան նետը դիպցնում է Բելի կրծքին, իսկ ամբոխն այս մեծ  քաջագործությունը տեսնելով՝ փախչում է ամեն մեկն իր երեսը դարձրած կողմը»: 30 տարի անթիվ բելեր տապալվեցին իմ զարկից, բայց Բելից հետո ո՞ւր կորավ նրա ամբոխը, Սպարապե՛տ:

-Զորավա՛ր, դու գնացիր մեր վրայից մե՞ղքը հանելու:

-Սպարապե՛տ, իմ քաջ Սպարապետ, կլինի մեր հանդիպումը: Մենք միասին կլինենք քո ծննդյան օրը…

-Մե՛ր ծննդյան օրը, Զորավա՛ր…

 

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Պատմության էջերից


09/03/2017