Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԸ



ԶՈՐԱՎԱՐԸԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ -152

 

Հայ երախտավորների խոսքը Անդրանիկի մասին

 

Անդրանիկին

Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է` թե՛ վերահաս վտանգը կանխելու և թե՛ բաղձալի խաղաղությանը հասնելու համար:

Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչ որ ընդունակ կլինեն:

Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար, ոչինչ չեմ խնայել, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունը: Ես անսասան հավատարիմ քո` շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը և զինվորական բարձր տաղանդին և պատրաստ գալու, երբ, ուր կկոչի քո եղբայրական ձայնը` համբուրում եմ հերոսական ճակատդ:

Միշտ քո՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Սասնա լեռների ասլանը

Հայ ժողովրդական մեծ հերոս Սասունցի Դավիթը պսակվել է հայ ժողովրդի պատմության հերոսական ժամանակաշրջանում, բռնակալների և նվաճողների դեմ ազատագրական պատերազմներով, որը տվել է միջին դարերում Սասնա դյուցազունների չորս սերունդ` Սանասար, Մեծ Մհեր, Դավիթ, Փոքր Մհեր: Նրանց սերունդների մեջ անշեջ մնացին  թուր-կայծակի շանթերը, որը փայլատակեց: Սասուն, որը նշանակում է «ցասում», և այդ կայծից ծնվեց հինգերորդ սերունդը, հայոց Անդրանիկը` Սասնա լեռների ասլանը:

Անդրանիկը չորս սերունդների ժառանգած թուր-կայծակին նվիրեց Խորհրդային Հայաստանին,  որպեսզի հայ ժողովուրդն իր սերունդներին  հաղորդակից անի, բարձր պահի հայ ժողովրդի դյուցազնությունը, որի  մարմնացումն է Սասնա հերոս Անդրանիկը:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

 

«Վերջացա՞ծ է հիմա ամեն բան: Ո՛չ: Ուժը, որ Անդրանիկը ծնավ, մենք կհավատանք թե վերադարձած է ազգին ծոցը ու հոն ծածուկ կապրի հիմա` Անդրանիկի հոգիովն ալ ավելցած: Անդրանիկի հոգին մեկ մասն է այսօր հայության հոգվույն, անոր ամենեն ազնիվ, ամենեն հարգի մասին»:

Մեր խորին համոզումն է` թե որքան տարիները թավալին իր գերեզմանին հողին վրա, այնքան պիտի մեծնա Անդրանիկի դեմքը ու մեծնալով` հայության երկինքին վրա անիկա հուսափայլ ու մեկ հատիկ պիտի դառնա…

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ

 

Բախտավոր ու զարմանալի մարդ էր Անդրանիկը: Իր կենդանության իսկ` իր կյանքը մի հմայիչ առասպել էր, ինչպես Գարիբալդիի կյանքը, որին նա այնքան նման էր:

Մտավորական թե ռազմիկ, հեղափոխական թե սովորական որևէ անձ նրա մասին խոսելիս փնտրում էին միշտ արտահայտության տարբեր, ավելի ամուր, ավելի մտերիմ ձևեր, ինչպես մայրը կաներ իր զավկի հանդեպ:

Մեր ժողովրդի բոլոր խավերի համար Անդրանիկ դարձած էր անքննադատելի և լուսավոր մի դեմք, որ արևի պես ճառագայթում էր արդարության և ազատության ծարավի հոգիներուն:

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Չորս գագաթներից մեկը

Ս. Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ:

Ասոնցմե դուրս ոչինչ ունինք, որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճարկելի նվաճում: Այս չորսերն են միայն, որոնց մոտ կարելի է ապաստանիլ հուսալքման և ուրացումի դաժան գիշերներուն, ինչպես մարդ պիտի ըներ դեպի լույսը: Մեր լավագույն շողարձակում մը իր համեստ նախատիպերում, չորս ջահերեն յուրաքանչյուրը տված է նոր խոյանք մը, որոնց բոլորախումբ համատեղությունը կընդլայնի դարե  դար, ցոլքե ցոլք և կերթա ս. Մեսրոպեն  Ղևոնդ Երիցին և, հաջորդաբար, Կաթողիկեն` գրչածաղկումին և,  հաջորդաբար Կոմիտասեն իր հինգ սաներուն և հաջորդաբար Անդրանիկին` անվանի և անանուն բոլոր մարտիկներուն:

ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ

Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Պատմության էջերից


09/03/2017