ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ
Քսան տարի առաջ՝ փետրվարի 27-ին, Սամվել եւ Ժենյա Օրդուբեկյանների ընտանիքում ծնվեց անդրանիկ որդին՝ անսահման ուրախություն պատճառելով ծնողներին: Արցախյան թոհուբոհով անցած ազատամարտիկ Սամվելը առաջնեկին անվանակոչեց պատերազմում զոհված ընկերոջ պատվին՝ Արայիկ:
Հետո օջախում էլի զավակներ ծնվեցին՝ խինդ ու ծիծաղով լցնելով տունը: Օրդուբեկյաններն ապրում էին իրենց առօրյա մեծ ու փոքր հոգսերով ու հաջողություններով: 2014թ. նրանց բազմանդամ ընտանիքը Երեւանից տեղափոխվեց Քաշաթաղ:
Եկավ Արայիկի բանակ զորակոչվելու ժամանակը: Քաշաթաղի զինկոմիսարիատում խմբված նորակոչիկներն աշխույժ զրուցում էին, մեկմեկու հետ ծանոթանում: Լրագրողի սրատես աչքն իսկույն նկատեց լրջախոհ երիտասարդին. «Ի՞նչ տրամադրությամբ ես բանակ մեկնում» հարցին՝ Արայիկը ժպտալով պատասխանեց. «Մարտական եմ տրամադրված, պարտքս հայրենիքիս հանդեպ կկատարեմ իսկական զինվորի պես»:
Դիրքապահ էր, գնդացրորդ: Զորամասում շատ էին սիրում ու գնահատում նրան՝ լավ ընկեր էր, պարզ ու սրտակից: Բնավորությամբ զուսպ էր, համեստ ու հավասարակշիռ, բայց միաժամանակ վճռական ու հետեւողական: Հանձնարարված առաջադրանքը պատասխանատվությամբ էր կատարում, ուզում էր ամենայն մանրամասնությամբ տիրապետել զինվորական գործի նրբություններին:
Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ առաջնագծում էր՝ կյանքի եւ մահվան սահմանագծին, իր նման խիզախ ու քաջ զինվոր տղերքի հետ ամուր-անսասան էր պահում հայրենի եզերքը: Այդ օրերին ազատամարտիկ հայրը ոտքով հասավ որդու ծառայավայր ու կանգնեց իր զինվոր որդու եւ ընկերների կողքին: Արայիկը նեղսրտում էր, հորդորում հորը տուն դառնալ. «Պա՛պ ջան, տուն գնա, դու քո բաժին կռիվն արդեն կռվել ես, հիմա մեր հերթն է…»:
Ապրիլյան այս դեպքերն Արայիկի մեջ ավելի որոշակիացրին մասնագիտության հետագա ընտրությունը՝ ուզում էր ծառայությունից հետո զինվորական կրթություն ստանալ, հետախույզ դառնալ: Բայց…
2016թ. սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 25-ամյակին նվիրված տոնակատարություններ էին: Հաջորդ օրն էլ տոնական միջոցառումները շարունակվում էին. Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում կառուցված նոր թաղամասի տներն էին հանձնում տերերին, երբ իմացան ցավալի լուրը. մարտական հերթապահության ժամանակ ծառայական պարտականությունները կատարելիս զոհվել էր Արայիկը: Ընդամենը 19 տարեկան էր, հազար երազանք ուներ…
Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հերոս քաջորդին հետմահու պարգեւատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:
Փետրվարի 27-ին Արայիկ Օրդուբեկյանը կդառնար 20 տարեկան: Եռաբլուրում հավաքվել էին նրա հարազատները, ընկերները: Հերոսի հիշատակի առաջ խոնարհվելու էին եկել նաեւ Երեւանի թիվ 17 դպրոցի աշակերտները՝ իրենց դասվարի՝ Լիաննա Խալաթյանի հետ:
Հերոսները գրքերում ու ֆիլմերում չեն, նրանք ապրում են մեր կողքին: Առօրյա կյանքում սովորական տղաներ են, բայց, երբ վտանգվում է հող հայրենին, սովորական այս տղերքը առյուծ են դառնում ու հայրենիքի համար չեն խնայում ամենաթանկը՝ կյանքը:
Ու հենց նման տղաների շնորհիվ է կյանքը շարունակվում մեր հին ու նոր, մեր թանկ ու դժվար հողի վրա….
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Ճակատագրեր