ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԿԱՏԱՐԵՆՔ ՊԱՏՎՈՎ
Բանակ էի մեկնում: Նստել էի կենտրոնական հավաքակայանի դահլիճում եւ սպասում էի վիճակահանության իմ հերթին: Մտովի պատկերացնում էի ինձ զորամասում, ծառայող եղբայրներիս եւ ընկերներիս կողքին: Վերջապես հերթս հասավ: Վերցրի թերթիկը, բացեցի ու … չհավատացի աչքերիս. այ քեզ բա՜խտ, այ քեզ զուգադիպություն… Ծառայությունս պետք է սկսեի այն նույն զորամասում, որտեղ ավագ եղբայրս էր ծառայել, զորացրվել ընդամենը մեկ տարի առաջ: Դեռ ծառայության ընթացքում էլ նրան այցելելիս հասցրել էի ծանոթանալ զորամասին, տեղանքին:
♦♦♦
Տեղ հասանք լուսադեմին, երբ արեւն արդեն իր թույլ ճառագայթներն էր գցել լեռների գագաթներին: Հերթապահը մեզ դիմավորեց եւ ուղեկցեց կացարան: Կարճատեւ հանգստից հետո սկսվեցին պարապմունքները: Զորամաս ոտք դնելու առաջին իսկ օրվանից մեր մեջ սկսեցին սերմանել այն գաղափարը, որ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ամեն բան պետք է կատարվի սահմանված կարգի համաձայն, զինվոր-սպա փոխհարաբերությունները պետք է լինեն բարձր մակարդակի վրա՝ հադիսանալով կարգապահության երաշխավորը: Հենց այդ գաղափարն էլ դարձավ նորակոչիկների միասնականության շարժիչ ուժը:
Ուսումնական գումարտակում նորակոչիկները մեծ պատրաստակամությամբ էին կատարում առաջադրանքները եւ տրամադրվում փոխարինելու սահմանին կանգնած ավագ եղբայրներին: Տարածաշրջանին հատուկ բարդ կլիմայական պայմանները ավելի էին խստացնում ծառայական առօրյան, սակայն սպաների հոգատար վերաբերմունքի շնորհիվ մենք հաղթահարեցինք բոլոր դժվարությունները:
Զինվորական երդումից հետո ամեն ինչ շատ ավելի սահուն ընթացավ: Բոլորիս մեջ արթնացավ այն գիտակցումը, որ մենք դաստիարակվել ենք Չաուշի, Նժդեհի եւ Անդրանիկի գաղափարներով, եւ մեր մարտական ոգին անհնար է կոտրել: Այժմ մեզ է վստահվել ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող այս տարածքի պաշտպանությունը, որի համար կատաղի մարտեր են մղել մեր հայրերն ու ավագ եղբայրները: Եվ մենք պատվով կկատարենք մեզ վստահված մարտական խնդիրը:
Գոռ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Ազգային բանակ