ՄԱՅՈՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԿՈՐԾԱՆԻՉԻ ՎԹԱՐԻ ՀԱՄԱՐ
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գվարդիայի մայոր Ռոման Ստորոժենկոն թռիչքային պատրաստության կանոնները խախտելու մեղադրանքով դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման: Նրա գործողությունների հետևանքով ՄԻԳ-31 կործանիչ է վթարվել:
Քննության տվյալների համաձայն մայորը, հանդիսանալով թռիչքների պատասխանատու, ռազմական օդանավակայանը համարել է շահագործման պիտանի, թեև թռիչքավայրէջքային գոտու անվտանգության շերտը լիովին մաքրված չի եղել ձյունից:
Նա թույլատրել է կործանիչի վայրէջքը չնախապատրաստված օդանավակայանում անբարենպաստ եղանակային պայմաններում` իմանալով, որ օդաչուն բավարար տեսադաշտ չունի: Արդյունքում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու կողային գոտի, հարվածել ձյան թմբին, շուռ է եկել և քանդվել:
Հանձնաժողովի եզրակացության համաձայն կործանիչը վերականգնման ենթակա չէ: Պետությանը հասցվել է ավելի քան 86 միլիոն ռուբլու վնաս: