Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԵՂԾ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ ՄԱՐԴԸ



ԱՆԿԵՂԾ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ ՄԱՐԴԸՀԵՐՆԱՆ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ-ԲԵՐԳԱՄԱԼԻ

 

Ես հեշտ կյանք չեմ ունեցել:

Ինձ հիշում են իմ գործերի համար:

 

Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ,

Չիլիի ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի թիկունքային ապահովման վարչության պետ,

Չիլիի ռազմածովային խմբի հրամանատար,

Չիլիի ծովային հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր,

Ռազմածովային ճարտարագետ,

Ծովային եւ ռազմական գիտությունների մագիստրոս, պրոֆեսոր:

 

Հերնան Կույումջյան-Բերգամալին 14 տարեկանում ծառայության է անցել Չիլիի ռազմածովային ուժերում՝ ծառայելով 44 տարի: Զբաղեցրել է 30-ից ավելի տարբեր պաշտոններ։ Հերնան Կույումջյանն իր զինվորական կարիերան ավարտել է որպես պաշտպանության պետական շտաբի ղեկավար:

Որպես խորհրդական ծառայել է պաշտպանության երեք նախարարների եւ երկու նախագահների պաշտոնավարության ընթացքում։

Լինելով առաջին հայը Չիլիի ռազմածովային ուժերում՝ նա արժանացել է բազմաթիվ շքանշանների։ Նրա այգում Չիլիի դրոշի եւ ծովակալի զինանշանի կողքին ծածանվում է հայկական դրոշը։ «Հայկական եռագույնն ամենուր ինձ հետ է: Ձմռանը հայկական եռագույն շարֆ եմ կապում: Քույրս է գործել ինձ համար, և ես դա կրում եմ ամեն օր և ռազմածովային բոլոր արարողությունների ժամանակ: Երկու երկրները բաժանող տասնչորս հազար կիլոմետրը խոչընդոտ չէ. ես ինձ չափազանց հայ եմ զգում եւ հուզվում եմ այդ դրոշը տեսնելիս»:

Հայազգի ծովակալը անսահման սիրում է իր հայրենիքը, միշտ հպարտանում է իր հայկական արմատներով և վերհիշում է իր ընտանիքի պատմությունը: «Հորս քեռին, որն ապրում էր Կոստանդնուպոլսում, 20 հազար բրիտանական ոսկե ֆունտ էր նվիրաբերել՝ խնդրելով մեր ընտանիքն անհապաղ տարհանել այնտեղից»։ Ահա այսպես է նրանց ընտանիքը 671 այլ հայերի ու հույների հետ փրկվում եւ տեղափոխվում Հունաստանի Սալոնիկ քաղաք։

«Ես ինձ զգում եմ ինչպես չիլիացի, այնպես էլ՝ հայ, երկուսից էլ ունեմ՝ եւ՛ հողի իրավունք, եւ՛ արյան իրավունք: Հայկական ինքնությունս ամենուր է, կյանքիս բոլոր դրսեւորումներում»։

2006թ. Հերնան Կույումջյանն ընտրվել է Չիլիի հայ համայնքի նախագահ՝ շարունակելով հոր գործը, որ եղել է տեղի համայնքի առաջին նախագահը 1957թ.-ին։

Հերնանն ստանձնել է «Հայ տունը» վերականգնելու եւ Չիլիում հայության օջախը վերակենդանացնելու ազգամեծար գործն ու հաջողության հասել։

Ծովակալի մայրական պապը՝ Արմեն Բերգամալին, կարեւորագույն դեր է կատարել Բուենոս Այրեսի հայ համայնքի հիմնադրման գործում, որը եւ ղեկավարել է ավելի քան 30 տարի։ Նրա ջանքերի շնորհիվ է կառուցվել նաեւ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը։ Մայրական տատն իր հերթին մեծապես օժանդակել է Վիսենտե Լոպեսում «Կույումջյան» մանկապարտեզի հիմնադրմանը։ Նրա մեծ մորեղբայրը՝ Մարկո Բաքրջյանը, եղել է Մանչեսթերի հայ համայնքի նախագահը։

Հերնանը 2013թ.-ին այցելել է Հայաստան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Հայ մարդն ինքնիշխանության խոր զգացում եւ ազգային արժեքներ ունի: Ինձ անչափ հպարտ եմ զգում հայ լինելուս համար»։

«Հայաստանը պետք է կայունություն հաստատի իր սահմաններին, վերացնի մշտական պատերազմի քայքայիչ ազդեցությունը։ Այն նաեւ պետք է միջազգային համաձայնագրով դեպի Սեւ ծով ազատ տարանցման միջանցքի իրավունք ստանա»։

«Ճշմարտության ճանաչման հասնելը բարդ կլինի, քանի որ ճանաչումը ենթադրում է բռնագրավված սեփականության եւ տարածքների վերադարձ։ Հայաստանը պետք է աշխատի արդի թուրք հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Այդ հասարակությունը պատասխանատու չէ ցեղասպանության համար, սակայն քայլ առ քայլ պետք է իմանա ճշմարտությունն ու ճնշում գործադրի իշխանությունների վրա»։

«Ընտանիքիս անդամները հայերեն չեն խոսում, բայց բոլորն էլ քաջածանոթ են տեղի ունեցածին եւ լրջորեն են վերաբերվում հայկական խնդիրներին»։

«Մենք դաստիարակվել ենք մեր պատմությամբ եւ փոխանցում ենք այն մեր երեխաներին ու թոռներին՝ առանց ատելության դեպի այսօրվա թուրք ժողովուրդը, սակայն սուր քննադատության ենթարկելով այդ պետության ղեկավարներին։ Հայկական ամեն ինչ ուժեղ զգացմունքներ է առաջացնում։ Հայկական արյունը պահպանվում է ընտանիքում»։

 

Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Ճակատագրեր


23/03/2017