Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺՆ ՈՒ ՓԱՌՔԸ



Երկրի ուժն ու փառքը` բանակն ու մշակույթը քայլել են կողք կողքի, զինվորն ու մտավորականը միասին են անցել անկախության դժվարին ճանապարհը: Միասին են պաշտպանել մեր հայրենիքի ֆիզիկական եւ հոգեւոր սահմանները: Պաշտպանել են ու արարել: Զինվորը զորություն է տվել մտավորականի գրչին, մտավորականը զինել է զինվորի հոգին, որ մեր դարավոր երթը լինի հարատեւ ու հաղթական:

 

10-1-1ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեր դարավոր պատմության քառուղիներում հաճախ զրկվել ենք ամենակենսական ու կարեւոր արժեքներից, ինչպիսիք են պետականությունը, բանակը, պատմական հայրենիքը։ Կառուցել ենք ուրիշի համար, ծառայել ենք օտարի բանակում, ու բնական է, որ սեփական պետություն ու ազգային բանակ ունենալու երազանքը եղել է ամենաբաղձալին ու նվիրականը։ Հայ մարդը բնազդով է զգացել բանակի կարեւորությունն ու անգնահատելի արժեքը։ Երբ եղբորս բանակ էին տանում, Երեւանից զանգեցի հորս, որ Ստեփանավանում էր, ու ասացի, որ Հայկին զորակոչում են։ Հայրս երկար լռեց ու անջատեց հեռախոսը։ Ամիսներ անց հանդիպեցի հորս (եղբայրս արդեն բանակում էր)։ «Տղա՛,- ասաց հայրս,-ռուսները մեզ ձրի ռազմական գործ են սովորեցնում, փոխանակ ուրախանանք, նազուտո՞ւզ ենք անում։ Ամեն հայ տղա պիտի զենք բռնել սովորի, տիրապետի ռազմական գործին, որ իր հողը, իր տունը պաշտպանել կարողանա»։ Հայրս իմաստուն մարդ էր ու հասկանում էր, որ վաղ թե ուշ մենք պիտի լինենք մեր ճակատագրի տերը։ Չեմ մոռանում հայկական բանակի փոքրիկ խմբի շքերթը Սիսիանում (բանակը նոր-նոր էր կազմավորվել), բոլորս ուրախությունից արտասվում էինք։ Մեր հայ տղաները զինվորական համազգեստով էին, ձիգ, հպարտ, կրակոտ, հայրենասեր, ազգային բանակի ծնունդը շատ էր սպասված, շատ էր բաղձալի, շատ էր թանկ։ Դաժան ու անարդար աշխարհում ազգային բանակը մեր հույսն է, մեր ապագայի երաշխավորը։ Ազգային բանակի զինվորականները՝ շարքայինից մինչեւ գեներալ, մեր երկրի ամենակարեւոր, ամենահարգված ու ամենասիրելի քաղաքացիներն են։ Նրանք ամեն օր թշնամու նշանառության տակ են, պապենական ոսոխի գնդակի առաջ։ Նրանք են մեզ տալիս խաղաղ ու անվտանգ ապրելու բարեբախտությունը։ Արցախյան պատերազմը դաժան, արյունոտ, անարդար պատերազմ էր, ու հայոց բանակը պատվով դուրս եկավ ծանր փորձությունից, կարողացավ ապացուցել թուրքին ու աշխարհին, որ մենք այնքան ուժ, պատվախնդրություն, կամք ու քաջություն ունենք, որ ոչ միայն պաշտպանում ենք մեր ժողովրդին, աննվաճ պահում պետության սահմանները, այլեւ ազատագրում մեր բռնագրաված հողերը, մեր գերեվարված սրբությունները։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի երկու մեծագույն նվաճումները՝ Անկախությունն ու Բանակը, անքակտելի իրողություններ են։ Առանց անկախության բանակ չկա, առանց բանակի չկա անկախություն։

 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺՆ ՈՒ ՓԱՌՔԸԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Մի՛ կարծեք, թե ես սահմանափակվել եմ երգարվեստի շրջանակներում, և ինձ համար որևէ նշանակություն չի ունեցել իմ երկրի,  հայրենիքի ճակատագիրը: Անհեթեթ կլինի կարծել, թե մեր բանակն այսօր կարելի է համեմատել, ասենք, անգլիական բանակի հետ, սակայն ամեն ինչ միանգամից չի լինում: Միայն այն, որ մենք այսօր բանակ ունենք, որի մասին խոսում են տարածաշրջանում, արդեն հաղթանակ է, արդեն ձեռքբերում է: Սակայն մենք դեռ հզորանալու ենք, որ, ապավինելով սեփական ուժերին, կարողանանք դիմակայել թշնամուն: Հիշո՞ւմ եք` պահ կար, երբ մենք մեր զավակներին փախցնում էինք, թաքցնում զորակոչից: Սակայն մոռանում էինք մի կարևոր հանգամանք. լավ է մեռնել սրով, քան՝ սրից: Սա ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է, և եթե մենք այդ ճշմարտությանը հավատարիմ չմնանք, չենք կարող հավատով խոսել այն բանակի մասին, որն այլևս չի սարսափելու թուրքական յաթաղանից, և ինքն է իր ճակատագիրը կերտելու:

Բանակը յուրահատուկ պատվար է, որին ոչ միայն պիտի  հավատաս, այլևս պիտի ապավինես:

Այո՛, ես գիտեմ, որ բանակում մեղր չեն բաժանում. բայց ուզում եմ բոլորս գիտենանք` այդ բանակը բոլորինս է, և նրա հզորությամբ ու մարտունակությամբ է կանխորոշվում մեր ապագան: Մեր նախնիներն այդպես կարծել, սակայն, այլ կերպ են գործել: Եվ մենք հիմա պիտի լավ գիտակցենք, որ եկել է դաշույնը սրելու ժամանակը, այն դաշույնը, որ ժամանակին թշնամու սիրտը չենք խրել…

 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺՆ ՈՒ ՓԱՌՔԸՎԱՐԴՈՒՀԻ  ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

Մարդու համար ամենաթանկ բանը հայրենիքն է։ Քաղաքացու եւ արվեստագետի իմ աչքերով տեսա, ապրեցի մեզ պարտադրված պատերազմի ծանր օրերը, համոզվեցի, թե ինչ ինքնամոռաց նվիրումով հայ տղամարդիկ ռազմաճակատ մեկնեցին։ Քանի՜-քանիսը զոհվեցին։ Ինքս էլ մայր եմ, տատիկ, գիտեմ, թե ինչպիսի ծանր կորուստ է մոր համար զավակի կորուստը, զավակ, որ զոհաբերվում է հանուն հայրենիքի։ Եվ երբ ես փողոց եմ դուրս գալիս ու տեսնում սեւազգեստ կանանց, ցանկություն է առաջանում խոնարհվելու նրանց առաջ, որովհետեւ նրանք մեզ են զոհաբերել ամենաթանկը, ինչն ունեցել են կյանքում…

Անկախությունը մեր երբեւէ նվաճած պարգեւներից ամենանվիրականն ու սուրբն է, որը պետք է աչքի լույսի նման պահպանենք։ Սակայն կուզեի, որ մենք կառավարման մեր մոդելն ունենայինք, չընդօրինակեինք ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ էլ եվրոպացիներին։ Ամեն ինչ կուզեի հավաք, մոբիլ տեսնել։ Ազատությունն էլ ազգային իր պատկանելությունն ունի, արտահայտման ու կիրառման ձեւը։ Ազգի ոգուն ու յուրահատկություններին համահունչ։

 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺՆ ՈՒ ՓԱՌՔԸՍԱՍՈՒՆԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ

Դար ու դարեր հզորագույն բանակ ունենալու ահավոր անհրաժեշտությունից պատրանքաթափ էինք լինում և դար ու դարեր մի նիհարիկ բանակ ունենալու ուժ և հնարավորություն չունեինք: Ոչ միայն: Չունեինք նաև զենք կրելու, զենք թաքցնելու իրավունք, այդ զենքը թաքցնելու համարձակ ճարպկություն: Եվ առաքինության հերոսի քղամիդն առնելով ուսներիս, պատսպարվեցինք «սուր վերցնողը սրից կընկնի» սխալմունքի մեջ, պաշտպանվեցինք այդ մխիթարանքով, որպեսզի ինքներս մեզնից չզզվենք: Այդպես դատարկ ձեռքերով անզեն ինքնապաշտպանություն էինք ձևացնում մատյան գնդերի, լեգեոնների, փաղանգների, նետողաց և շատ ուրիշ ենիչերիների դեմ: Մերկ ձեռքերով` ինչպես կարատեում է լինում, զենք ու զրահի դեմ` ինչպես կարատեում չի լինում: Իբրև հետևանք մեր անզորության` դատապարտված էինք մեր թշնամուն դառնորեն ժպտալու` իբրև հաշտության ու խաղաղության հրավեր, որպես միակ ելք, որպես արքայական խոզությունից փրկվելու միջոց: Իսկ Փրկիչը կար և ասում էր. «Սիրի՛ր քո թշնամին և եկ զկնի իմ»: Դարձյալ արքայական  հիվանդությունից բժշկվելու հավատով մեր աբգարյան հրավերը ուղարկեցինք Փրկչին և գնացինք նրա հետևից, որովհետև թշնամուն ժպտալուց հետո կես քայլ էլ չի մնում մինչև նրան սիրելը: Շտապեցինք Փրկչի հետևից, և նրան խաչից իջեցնողներից մեկը մենք էինք` երեքից մեկը, երեք հերոսից առաջինը: Այդ օրվանից մեր կռիվը դարձավ կռիվ Տիրոջ անվան համար: Ազատամարտիկներից մեզ հռչակեցինք Աստվածամարտիկներ:

Այդպես խեղճի ժպիտով ուրիշներին սիրելով, ուրիշների արանքներում, ծակամուտ, ծպտյալ ու աննկատ ապրում ենք, չմեռանք, կանք` առանց կայանալու, առանց փրկվելու կամ ամեն օր մի կերպ փրկվելով:

Առանց կայանալու այդպես էլ պիտի ապրեինք, որովհետև մենք հավատի հերոս էինք ու Քրիստոսի զինվոր, որովհետև մենք հայրենիքի հերոս չէինք ու ոչ էլ հայրենիքի զինվոր, որովհետև մենք չունեինք… բանակ: Ուրիշ պատճառ չկա:

Հիմա ունենք այն, ինչը չունեինք դար ու դարեր: Ունենք Բանակ: Ունենք հայրենիքի զինվոր: Վերջապես կայանալու ենք, վերջապես ուժեղի ժպիտով ենք սիրելու ուրիշներին:

Փա՛ռք ու պատիվ հայ զինվորին, փա՛ռք ու պատիվ ազգային բանակն ստեղծողներին: Համբուրենք նրանց ճակատը և խոնարհվենք նրանց հերոսական հիշատակի առջև:

Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր


23/03/2017