Ո՜Վ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Հայոց առաջին թագավորները
Պատմական փաստ է` հնագույն Հայաստանի տարբեր մասերում ստեղծվել են թագավորություններ եւ իշխանություններ, որոնց գահակալները, սակայն, միշտ չէ, որ ունեցել են հայկական ծագում, այսինքն` Հայկ Նահապետի ժառանգներից չեն եղել: Առաջին հայ գահակալը, որից սկսած Հայկի ժառանգներից սերվածների գահակալությունը հայոց հողում դառնում է հաստատուն, Պարույր Սկայորդին է: Նա Հայաստանի թագավոր է դարձել մ.թ.ա. 7-րդ դարի վերջին: Պատմագրությունը հաստատում է` Պարույր Սկայորդին է եղել առաջին հայ պսակավոր, այսինքն` թագադրված գահակալը, եւ թագադրողն էլ եղել է Մուրադ արքա Վարբակեսը:
Պատմահայր Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» մատյանում տալիս է Պարույրին հաջորդած եւ ծնունդով հայ թագավորների անունները` Հրաչյա, Փառնավազ, Պաճույճ, Կոռնակ, Փավոս, Հայկակ, Երվանդ Սակավակյաց, Տիգրան: Նրանց մասին Պատմահայրը խանդաղատանքով գրում է. «Մեր թագավորների մեջ ինձ համար այս մարդիկ են սիրելի իբրեւ բնիկներ, արյունակիցներ եւ իսկական հայրենասերներ»:
Պարույր Սկայորդով, ուրեմն, սկսվեցին Հայաստանի վրա միայն հայկազուն թագավորների գահակալման ժամանակները: Դրանք եղել են բարդ ժամանակներ, որոնք աստիճանաբար հասունացրել են հայոց միասնական պետականության ստեղծման եւ հզորացման հարցը: Այդ գործում իր մեծ ավանդը ներդրեց Մեծ Հայքի տիրակալ Արտաշես Ա-ն, որը դարձավ հայոց հին պետականության հզոր կազմակերպիչներից մեկը` փառահեղ էջեր գրելով մեր ժողովրդի պատմության մեջ:
Հայոց հին զորքը
Օտար շատ հեղինակներ, հնագույն ժամանակներից սկսած, իրենց երկրում բազմաթիվ ուշագրավ վկայություններ են թողել Հին Հայաստանի բնության, բնակչության, նրա կենցաղի եւ հասարակական հարաբերությունների մասին: Այդպիսի հեղինակներից է հույն գրող եւ պատմագիր Քսենոփոնը (մ.թ.ա. 5-րդ դար), որը, մասնակցելով Կյուրոս Կրտսերի արեւելյան արշավանքին, նրա զորքի նահանջի ժամանակ եղել է Հայաստանում եւ իր «Անաբասիս» երկում պատմել նաեւ մեր երկրի մասին: Նրա հաղորդմամբ` Հայաստանը, գտնվելով Մարաց թագավորության գերիշխանության տակ, ունեցել է սեփական զորք` 40 հազար հետեւակ եւ 8 հազար հեծյալ: Պատերազմների ժամանակ Հայաստանը, լինելով հարկատու, Մարաց թագավորությանն է տրամադրել նաեւ իր զորքի կեսը, սակայն շուտով չհանդուրժելով նվաստացուցիչ պայմանները, պայքարի է ելել մարերի իշխանության դեմ եւ աստիճանաբար պետական ինքնուրույնություն ձեռք բերել: Ի վերջո, քայքայված Մարաց թագավորության ավերակների վրա բարձրանում է Աքեմենյան պետությունը, եւ Հայաստանը դառնում է նրա դաշնակիցը: Հայտնի է, օրինակ, որ հայոց զորքը մասնակցել է Աքեմենյան թագավոր Կյուրոս Մեծի հաղթական պատերազմներին (մ.թ.ա. 539-538թթ.), սակայն հետագայում, օգտվելով Աքեմենյան պետության մեջ ծայր առած գահակալական կռիվներից, Հայաստանը տարանջատվում է իր հզոր հարեւանից եւ ձեռք բերում լիակատար անկախություն:
Պատմական այսպիսի փաստերից դժվար չէ հանգել այն եզրակացությանը, որ հայոց հին զորքը բավականաչափ մարտունակ է եղել, եւ նրա ծառայություններից շտապել են օգտվել մեր երկրի հարեւանները: Հայաստանի անկախացումը չէր կարող տեղի ունենալ առանց հզոր զորքի:
Հայոց հողի նահատակները
Հայաստանը հերոսների երկիր է, քաջորդիների հայրենիք: Հայոց պատմության մեջ բազմաթիվ են սխրալի իրադարձությունների հիշատակումները, երբ հայ մարտիկները հանուն հավատի եւ հայրենյաց հողի գնացել են նահատակության` «իմացեալ մահով» սրբացնելով իրենց անունները: Ասվածի փայլուն վկայություններից է Ատոմյանների նահատակությունը, որը կատարվել է զինակիցների երկու խմբով: Առաջին խումբը պատմության մեջ է մտել «Ատոմյան զորավարներ», երկրորդը` «Ատոմյան զորականներ» անունով:
Ատոմյանների առաջին խումբը նահատակության է դիմել 5-րդ դարում: Մերժելով Սասանյան Հազկերտ արքայի պահանջը` հավատափոխ լինել, խումբը 449թ. ամրացել է Անձեւացյաց գավառում, կատաղի կռիվներ մղել պարսից զորախմբերի դեմ: Անհավասար մարտերից մեկում հայ քաջորդիները դիմել են անձնուրաց քայլի` նահատակվել հանուն հայրենիքի մինչեւ վերջին մարտիկը` ամբողջ խմբով: Այն գլխավորել է իշխան Ատոմ Գնունին, այստեղից էլ` «Ատոմյան զորավարներ» անունը:
Ատոմյանների երկրորդ խումբը նահատակության է դիմել 853թ., արաբական զորապետ Բուղայի դեմ մղվող կռիվներում: Խումբը գլխավորել է Ատոմ Անձեւացին, այստեղից էլ` «Ատոմյան զորականներ» անունը:
Ատոմյանների նահատակությունը ժամանակին մեծ արձագանք է գտել օտար զավթիչների դեմ կռվող հայոց զորքում, փառաբանվել վարքաբանական ձեռագրերում եւ պատմության մեջ մտել որպես հայրենասիրության վառ օրինակ:
Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Հոգևոր-մշակութային