Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ»



...ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ»2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտն էր: Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում Ադրբեջանի հատուկջոկատայինները ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: Պայմանագրային զինծառայող Դիման նոր էր հանձնել մարտական հերթապահությունն ու վերադարձել տուն: Նրա հանգստյան օրն էր: Հեռախոսին զանգ եկավ: «Շուտ իջիր»,- ասաց ծանոթ ձայնը: Առանց ավելորդ անգամ ճշտելու` ինչն ինչոց է, ճանապարհվեց գործողության վայր: Րոպեներ անց արդեն տեղում էր: Հենակետի անձնակազմն անցել էր շրջանաձեւ պաշտպանության, մարտ էր վարում խափանարար խմբի դեմ:

Դիման պիտի վնասազերծեր հայկական կողմին երեք զոհ պատճառած թշնամուն:

Դիմայի մեքենայում եմ: Հարթ խճուղիով բարձրանում ենք նույն դիրք: Մի քանի հայացք գցելով ղեկի մոտ նստած հերոսին՝ նկատում եմ` ոչ թիկնեղ է, ոչ բարձրահասակ, ոչ էլ նման է հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողի: Փոքրամարմին է, վառվող, խոշոր աչքերով, մի տեսակ բարի նայվածքով: Փորձում եմ զրույց բացել, բայց նա տալիս է միավանկ պատասխաններ: Թվում է` մտքերով այլ տեղ է: Սահուն ընթացող ճանապարհը քիչ անց վերածվում է խորդուբորդ ուղու:

-Հենց այս անկյունում փչացավ տղաներին օգնության շտապող գումարտակի հրամանատարի մեքենան,-փորձելով հանգիստ երեւալ՝ ասում է Դիման: -Բախտը բերեց. մի քիչ էլ բարձրանար, ավտոն կքրքրեին:

Երբ շրջադարձից մի քանի մետր հեռանում ենք, մեքենան հանկարծ թափով արգելակում է: Դիման դուրս է ցատկում: Նա գնում է առջեւից, ես հետեւում եմ նրան: Կանգ է առնում երկու հողաթմբերի արանքում փռված բացատում:

-Այս մացառուտի հետեւում էր դիրքավորվել դրանց «ազգային հերոսը»,-մի քանի քայլ հետ է գնում,-ներքեւ էր կրակում:

…Ներքեւում կենտրոնացած էին զորամասի հրամանատարն ու տեղակալները: Այդտեղ էր նաեւ Դիման: Զենքն արդեն մարտական պատրաստության վիճակի էր բերել, երբ հրամանատարը հարցրեց. «Որտեղի՞ց հարմար կլինի աշխատել»: «Վերեւից»,-առանց երկմտելու մատն ուղղեց դեպի թումբը, որ հակառակորդից ոչ ավել, քան յոթանասուն մետր էր հեռու: Պիտի աննկատ կրակային դիրք զբաղեցներ եւ գործեր վիրաբույժի բծախնդրությամբ:

-Սողեսող շարժվեցի դեպի թումբը, հետո վեր մագլցեցի: Մի ձեռքով հողից էի կառչում, մյուսով քաշում էի տասնվեց կիլոգրամանոց զենքը: Այ, է՜ն ծառի տակ ամրացա: Ես պառկած էի: Ինքը` թփերի մեջ կիսանստած-կիսականգնած: Զեկուցեցի, որ հայտնաբերել եմ: «Խոցե՛լ»` հրամայվեց: Մեկ կրակոցի հնարավորություն ունեի,- պատմում է զսպված ցասումով: -Սեղմեցի ձգանը…

Դիպուկ կրակոցից հետո ԱԹՍ-ով հետախուզեցին տեղանքը՝ գուցե վնասազերծված հատուկջոկատայինը միայնակ չէր, գուցե նրա հետ էլի մեկը կար: Ոչ: Վտանգը չեզոքացված էր: Դիման լուծել էր զոհված ընկերների վրեժը, բայց սիրտը բոլորովին չէր թեթեւացել: Եվ երբ մոտեցավ անշնչացած թշնամուն… Չէ, անգամ մատով չկպավ:

Գլուխը ծանրացավ, ականջներում բզզոց սկսվեց: Երեք ընկեր էր կորցրել. հաղթանակը կատարյալ չէր…

-Դիպուկահարը պիտի զուսպ լինի… չզայրանա, չհուսահատվի, չուրախանա, չհիասթափվի: Մի խոսքով` մարտական անտարբերություն դրսեւորի: Չկարողացա. սիրտս մրմռում էր…

Հրամանատարը նկատեց լարվածությունը: Հանդիմանեց. «Ինչո՞ւ սափրված չես»: Այդ խոսքերը նրան սթափեցրին:

Լայնատարած լռություն է, լսվում են միայն Դիմայի` դիրք տանող հատու ոտնաձայները:  Թվում է` ամբողջ տեղանքը, նույնիսկ ամեն քառակուսին ծանոթ է նրան: Թերեւս այդպես է: Իր ծառայության տասնվեց տարիներից երեքը հենց այս հենակետում է հերթապահել: Քանի անգամ է մարտական առաջադրանք կատարելու հրաման ստացել, քանի անգամ է պատժել հակառակորդին:  Ո՞վ գիտի…

-Գլուխ գովելու բան չի: Անգամ թշնամուդ վրա կրակելը հեշտ չի,- կարճ է կապում, ապա փոխում զրույցի թեման: -Մեծ եղբայրս հիմա աջ թեւում է, մյուսը` ձախ: Վաղն էլ ես կբարձրանամ հերթապահության:

-Երեքդ էլ պայմանագրայի՞ն եք,- խճճվում եմ:

-Հա՛,- շշուկով պատասխանում է Դիման,- երեքս էլ` դիպուկահար: Երեքս էլ արծվի տեսողություն, կատվի լսողություն ունենք,-վերջապես ժպտում է:- Առանց դրա մեր գործում չես հաջողի:

-Իսկ ո՞րն է քո ամենաուժեղ կողմը:

-Ես միշտ, նախ, մտովի եմ խոցում թիրախը…

 

Հ. Գ.- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զինծառայողին անձամբ է հանձնել «Արիության համար» մեդալը:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/03/2017