Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ2017 թ. «Հայ զինվորի» թիվ 8 համարում «Սպասում» վերնագրով լուսանկար էինք տպագրել, որի մասին գիտեինք միայն, որ հեղինակը հույն է, իսկ թե ովքեր էին պատկերված նկարում, որոշակի կասկածներ ունեինք եւ չէինք ուզում սխալված լինել: Խմբագրություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ լուսանկարում զենքը ձեռքին տղամարդը ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը ակտիվորեն մասնակցած լեգենդար «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի շտաբի պետ, ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Խորեն Մարտիրոսյանն է, որի անցած ճանապարհը օրինակելի է ու երիցս հիշատակելի:

♦♦♦

Խորեն Աշոտի Մարտիրոսյանը ծնվել է 1948թ. հունիսի 7-ին Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղում: 1990թ.-ից մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը: 1991թ. մարտ-ապրիլ ամիսներին մասնակցել է Տավուշի մարզի Մովսես պաշտպանությանը: Նույն թվականի հունիսի 18-ին մասնակցել է Վերին Շեն գյուղի Ուզունյալ եւ Շամփրապտուկ բարձունքների գրավման մարտերին, որտեղ տեղակայվել էին Ադր. ՍՍՀ ՆԳ հատուկ նշանակության ստորաբաժանումները: 1991թ. մայիսի 6-ին մասնակցել է Արարատի մարզի Երասխ գյուղի պաշտպանությանը: 1992թ. հունիսի 12-ին պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի հրամանով երեւանաբնակ շահումյանցիներից կազմավորված ջոկատով, որի հրամանատարն էր, գործուղվել է ԼՂՀ Մարտակերտի շրջան` բռնագաղթած շահումյանցիներին օգնություն ցուցաբերելու եւ մասնակցելու Մարտակերտի շրջանի սահմանների պաշտպանությանը: 1992թ. հունիսի 21-ին Շահումյանի ինքնապաշտպանական ջոկատների հետ միասին` Շահեն Մեղրյանի գլխավորությամբ, Մարտակերտի Հաբեթ գյուղի տարածքով անցել են Շահումյանի շրջանի տարածք եւ «Քաչալսար Արտատափ» տեղամասում հիմնել «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը: Հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 27-ը մնացել են նշված տեղամասում շրջափակման մեջ: Հուլիսի 28-ին իրենց ուղղաթիռներով (թվով 37 հոգի) դուրս են բերվել շրջափակումից:

1993թ. մարտ-ապրիլ ամիսներին մասնակցել է Քելբաջարի գրավման մարտերին, Մեծ Շեն եւ Մաղավուզ գյուղերի սահմանների պաշտպանությանը:

1993թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մասնակցել է Ղուբաթլուի գրավմանը: Մասնակցել է նաեւ Մարտակերտի շրջանի Դաստագիր, Գետի Գոմեր, Յեղակեր, Տոնաշեն, Մատաղիս, Լյուլասազ գյուղերի ազատագրման մարտերին:

Երկար տարիներ ծառայել է ՆԳՆ համակարգում, զբաղեցրել բարձր պաշտոններ: Մահացել է 2007թ. հունվարի 28-ին, 59 տարեկան հասակում:

ՀՀ ղեկավարությունը բարձր է գնահատել Խորեն Մարտիրոսյանի ծառայությունները, նա վաղաժամկետ ստացել է «կապիտան» եւ «մայոր» սպայական կոչումները, արժանացել է ՊՆ եւ Գերագույն խորհրդի պատվոգրերի:

Պարգեւատրվել է ԼՂՀ «Արիության մեդալով», ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:

Փառքդ` շատ, անունդ` հնչեղ, Հայրենիքի՛ զինվոր:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր


29/03/2017