Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸՎաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Անդրանիկ Մեսրոպյանը 2016 թ.  ուսումնական տարվա արդյունքներով ճանաչվել է զորամիավորման լավագույն մարտական հերթապահություն իրականացնող վաշտի հրամանատար: Մեր հայրենիքի  սահմանի այն հատվածը, որտեղ իր զինծառայությունն է իրականացնում Անդրանիկը, կարեւոր մարտավարական նշանակության տեղանք է, ուստի  երիտասարդ սպային կարեւոր առաքելություն է վստահված:

Վաշտի հրամանատարի հետ եղանք առաջնագծում, այցելեցինք դիրքից դիրք:  Հենց առաջին հենակետում մարտական հերթապահության մեջ ներգրավված իր ենթակա ստորաբաժանման մարտիկներին հայտարարեց ուսումնական տագնապ: Հաշված րոպեների ընթացքում հենակետի անձնակազմը հանդերձավորվեց սաղավարտներով ու զրահաբաճկոններով, ստացավ անհրաժեշտ զենքզինամթերքը, անցավ շրջանաձեւ պաշտպանության: Հենակետը գործեց բավականին վարժ ու արագ եւ կատարեց իր առջեւ դրած նախնական խնդիրը: Ուսումնական տագնապի ավարտից հետո երիտասարդ հրամանատարը կարճ խորհրդակցություն անցկացրեց անձնակազմի հետ՝ եւս մեկ անգամ հիշեցնելով առաջնագծում թշնամու նկատվող ակտիվության մասին: Հորդորեց լինել չափազանց զգոն:

♦♦♦

Զինվորականի ուղին Անդրանիկը բռնել է երկու եղբայրների խորհրդով, որոնք նույնպես զինված ուժերում են ծառայում: Եղբայրները վստահ էին՝ փորձություններ ու  արգելքներ հաղթահարել սիրող Անդրանիկը հեշտությամբ կհաղթահարի նաեւ զինվորական կյանքի դժվարությունները եւ անպայման մեծ հաջողությունների կհասնի: Բարեհաջող հանձնելով քննությունները՝ Անդրանիկը ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ռազմական բուհն ավարտելուց հետո լեյտենանտ Մեսրոպյանը ծառայության նշանակվեց մեր երկրի հարավային սահմանները պաշտպանող զորամասերից մեկում: Ծառայության առաջին ամիսներին արդեն նա աչքի է ընկնում մարտական հերթապահություն իրականացնելիս գործողությունների հստակ եւ պատասխանատու կատարմամբ:

♦♦♦

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸՎաշտի հրամանատարն իր աշխատանքում առանձնացնում է մասնագիտական եւ անձնային որակները. «Հրամանատարի համար առաջնահերթություն պետք է լինեն գիտելիքն ու մարտավարամասնագիտական հմտություններին վարժ տիրապետելը: Ենթակաները որպեսզի գնան հրամանատարի հետեւից, պետք է վստահեն նրան՝ համոզված  լինելով, որ նա անգամ մարտական գործողությունների ժամանակ իր կայացրած ճիշտ որոշումներով եւ խելամիտ մարտավարությամբ պաշտպան կլինի իրենց եւ կապահովի հաղթանակ: Ես իմ հրամանատարությամբ գործող ստորաբաժանման բոլոր զինծառայողներին տարբերակում եմ միայն ըստ պարտականությունների: Իմ բոլոր զինվորներն էլ, իմ եմ ասում, որովհետեւ ծառայության մեջ դարձել ենք հարազատ, հրամանները կատարում են ճիշտ եւ ժամանակին: Հրամանատարի խոսքը պետք է գործ դառնա: Միայն այս դեպքում նա կկարողանա անվերապահ հեղինակություն լինել զինվորական ընտանիքում»:

Անդրանիկը անթաքույց հպարտությամբ է խոսում նաեւ իր նորաստեղծ ընտանիքի մասին. «14 օր շարունակ հենակետում եմ՝ դիրքերում. եթե ընտանիքումդ խնդիրներ չկան, ծառայությունդ ավելի հանգիստ է ընթանում: Անկեղծ ասած՝ իմ պարագայում հենց այդպես է: Թեպետ ես էլ ընտանիք կազմելիս որոշակի դժվարությունների միջով եմ անցել: Մի գաղտնիք բացեմ. ապագա կինս, մինչեւ մեր ամուսնությունը, գրեթե երկու տարի հետս ոչ մի բառ չի փոխանակել»,- ժպտում է Անդրանիկը,- բայց քանի որ նրա եղբայրը ինձ լավ է ճանաչում (իմ կուրսանտական տարիների ընկերն է), հենց նրա օգնությամբ էլ կարողացա  հալեցնել ընտրյալիս սրտի սառույցը: Ի դեպ, կնոջս հայրն էլ է զինվորական եղել, այնպես որ՝ նրանց տանը բանակ, զինվորական համազգեստ հասկացությունները նորություն չեն»:

Զինվորականի դժվարին մասնագիտությունն ընտրած Անդրանիկը խոստովանում է՝ ծառայության մեջ ամենից բարդը ընտանիքից կտրված լինելն է, որդուդ ամեն օր գրկելուգուրգուրելու ցանկությունը խեղդելը: Սակայն այն նպատակի ուժը, դրա գիտակցումը, որ քո ամենօրյա նվիրված ու բարեխիղճ ծառայությամբ կարողանում ես ապահովել հայրենակիցներիդ, այդ թվում նաեւ քո փոքրիկի խաղաղ քունն ու անդորրը, ակնարկիս հերոսին ավելի ու ավելի է գոտեպնդում: «Որդիս՝  Ավետիսը,- շարունակում է Անդրանիկը,- երկու տարեկան է եւ արդեն գիտի՝ ինչպես պատվի առնել, զինվորավարի քայլել, «ազատ» եւ «զգաստ» հրամանները կատարել: Տղաս էլ զինվորական գլխարկ, համազգեստ  ունի: Երբ քաղաքում զբոսնելիս համազգեստավոր մարդկանց է տեսնում, իսկույն բացականչում է. «Պապայիս զինվորներն են…»:

♦♦♦

Ինչ վերաբերում է բանակային կոլեկտիվին եւ միասնական ջանքերով նվաճված բարձր գնահատականին՝ Անդրանիկը նկատում է, որ հաջողության բանալին փոխադարձ հանդուրժողականության մեջ է: «Իդեալական մարդիկ  չկան: Ինքս էլ անթերի չեմ, եւ իմ հրամանատարներն էլ ներողամիտ են եղել իմ սխալների հանդեպ:  Եթե ենթակայությանդ տակ եղած անձնակազմի յուրաքանչյուր անդամի հանդեպ հանդուրժող լինես, նրանք էլ միմյանց հանդեպ այդպիսին կլինեն: Այլ կերպ հնարավոր չէ. մեր անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում, իսկ այստեղ պատասխանատվության զգացումն ու մարդկային բարձր որակները առաջին տեղում են: Կարեւոր է նաեւ, որ նրանք իրենց գնահատված զգան: Թեեւ  զինվորական կյանքում գործում է՝ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքը, բայց երբեմն պետք է անհատական մոտեցում ցուցաբերել»:

Անդրանիկ Մեսրոպյանն իր ապագան միայն զինված ուժերում է պատկերացնում՝ նշելով, որ երբ նշանակումից առաջ զորամիավորման հրամանատարի մոտ քննություն էր հանձնում,  վերջինիս խոստացել էր՝ եթե անգամ լավ կողմերով աչքի չընկնի, ապա վատերի մեջ հաստատ չի հայտնվի:  «Հիմա կատարում եմ խոստումս: 2017 թվականը դեռ նոր է սկսվել, ամեն ինչ կանենք՝ արժանի լինելու լավագույնի մեր կոչմանը»:

Հրաժեշտ եմ տալիս եւ նորանոր հաջողություններ ցանկանում երիտասարդ, խոստումնալից  սպային՝ վստահ, որ հաջորդ տարիներին նրան կրկին կտեսնեմ լավագույնների շարքում:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #13 (1184) 05.04.2017 - 11.04.2017, Ազգային բանակ


05/04/2017