ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԵՎ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄՈՎ
Վերջերս բանակային զորատեսակների եւ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժության ժամանակ հայ սպաները պատվով կատարեցին իրենց առջեւ դրված մարտական խնդիրը, գործեցին կազմակերպված, դրսեւորեցին աչքի ընկնող նախաձեռնողականություն` եւս մեկ անգամ ապացուցելով, որ իրենք են այն հզոր ու առողջ կորիզը, որի շուրջը ձեւավորվում է նոր ժամանակների հայկական բանակը:
դիվիզիոնի հրամանատար,
փոխգնդապետ
Ռազմական գործում յուրաքանչյուր հաջողության հիմքում գիտելիքն է: Գիտելիքն է բանակի հոգին: Սեփական փորձով եմ համոզվել` մեր գործում պատահական հաջողությունները գրեթե բացառված են: Ծառայությունը վստահ իրականացնելու, մարտական խնդիրը ցանկացած պայմաններում կատարելու, զինվորի հարգանքը վաստակելու համար անհրաժեշտ են ռազմական հստակ ու հղկված հմտություններ, գործիդ ընդհուպ մինչեւ մանրուքները տիրապետելու ունակություն: Այս զորավարժության ժամանակ մենք հրաման ստացանք աջակցել համազորային ստորաբաժանումների հարձակողական մարտին, ապահովել մոտոհրաձգային ստորաբաժանումների առաջխաղացումը: Ղեկավարում էի Դ-30 հրետանային դիվիզիոնը: Խոցել ենք հակառակորդի 7 նշանակետ, կենդանի ուժ, կրակային միջոցներ, ինչպես նաեւ հրետանային ու ականանետային մարտկոցներ: Լավ գիտեմ, թե ամեն կրակոցի ետեւում ինչքան ջանք ու քրտինք, կամք ու ճիգ կա: Ես չեմ հանդուրժում որեւէ թերացում, գուցե մեկ–մեկ չափից ավելի պահանջկոտ եմ, խիստ նաեւ ինքս իմ նկատմամբ, բայց սա է հաջողության հասնելու իմ կանոնը: Քսանմեկերորդ զորավարժությունս էր: Էլի ինչ–որ բան սովորեցի, ծոցագրպանիս փոքրիկ նոթատետրում նշումներ կատարեցի, որ հետո ուսումնասիրեմ: Ո՞վ ինձ ցույց կտա սպայի մասնագիտական կատարելության սահմանը, եթե ծառայության տասնյոթ տարիներից հետո էլ դեռ պրպտում եմ, ինքնակատարելագործվում: Ի վերջո, իրական մարտում մենք սովորելու ժամանակ չենք ունենալու, այլ կիրառելու ենք այն, ինչ արդեն գիտենք:
Բեկումնային հաջողության հնարավոր է հասնել միայն կիրթ, բանիմաց, գրագետ, փորձառու սպայական կազմով, ուրեմն չխնայենք մեզ, չթերանանք մեր գործի մեջ:
***
հրաձգային գումարտակի
հրամանատարի տեղակալ, մայոր
Երբ անծանոթ միջավայրում իմանում են, որ սպա եմ, պարտադիր հարցնում են` զինվորական ծնող, բարեկամ, ծանոթ ունե՞ս: Ասում եմ` ո՛չ. ես առաջինն եմ, ուղղակի շատ էի սիրում այս գործը: Ծառայությունս սկսել եմ պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Եղել եմ դասակի, ապա՝ վաշտի հրամանատար: Հենց սկզբից էլ ինձ համար պարզ դարձավ` սպայի կյանքում բանակը միշտ պետք է առաջին տեղում լինի: Եվ արդեն տասներեք տարի հենց այդպես էլ ապրում եմ, «դուրս չեմ գալիս» զինվորականի իմ համազգեստից: Շատերին կարող է թվալ, թե մեր արածն էլ ամենօրյա սովորական աշխատանք է, եւ արտառոց որեւէ բան չկա: Բայց հավատացեք` սպայի կյանքն անցնում է սահմանին, զորամասում, զորավարժադաշտում, եւ ուրիշ ոչ մի բանի համար ժամանակ պարզապես չի մնում: Անգամ երբ տանն եմ, մեկ է` անընդհատ մտածում եմ իմ հանձնառությունների, ծառայություն իրականացնող զինվորներիս մասին: Ես նրանց բոլորին անունով գիտեմ. չէ՞ որ հնարավոր է՝ ցանկացած պահի նրանց հետ մարտի նետվեմ, ինչպես այս զորավարժության ժամանակ էր: Մեր գումարտակը ոչնչացրեց պայմանական հակառակորդին` գնդի կազմում կատարելով իր առջեւ դրված խնդիրը: Իսկ ես նորից վերաիմաստավորեցի իմ կոչումը:
***
հակատանկային մարտկոցի հրամանատար,
կապիտան
Տասներկու տարի է՝ շարքում եմ, 12 տարի ամեն օր արթնանում եմ եւ շտապում ծառայության: Ես ինձ մեր բանակի կարեւոր մասնիկն եմ համարում: Երբ ընտրեցի հրետանավորի մասնագիտությունը, թող անհամեստ չհնչի, համոզված էի, որ այդ գործը ինձնից լավ ոչ ոք չի անի: Ռազմական համալսարանում ինքս ինձ չեմ խնայել, անտեղի ու ապարդյուն չեմ վատնել ոչ մի ժամ ու օր, որովհետեւ հասկանում էի` վաղը ինքս եմ ուսուցանելու զինվորներին, փոխանցելու եմ իմ փորձն ու գիտելիքները: Այո՛, սպայի ծառայությունը ծանր է, նույնիսկ կասեի` բազմաչարչար: Անելիքները շատ են, հաճախ շունչ քաշելու ժամանակ չկա: Բայց, ինչպես ասում էր իմ դասախոսներից մեկը` սպայի ուժը նրա անխորտակելի համբերության, զգոնության եւ խոհեմության մեջ է: Հիմա կարող եմ ավելացնել` սպայի համար որոշիչ է նաեւ դիպուկ կրակը: Այս զորավարժության ընթացքում ղեկավարել եմ տեղափոխվող հակատանկային «Ֆագոտ» ռեակտիվ համալիրի հաշվարկը: Թիրախը խոցելու դեպքում ամրապնդում էինք գումարտակի հաջողությունը, իսկ եթե վրիպեինք` ջուրը կգցեինք մարտի արդյունքները: Չափազանց լարված պահ էր: Աչքիս առաջ եկան զինվորներիս հետ անցկացրած տեսական ու գործնական բոլոր վարժանքները: Ես պատասխանատու էի մեր հաշվարկի թե՛ հաջողության, թե՛ ձախողման համար: Արդյունքը գերազանցեց իմ սպասելիքները: Բարձրացող փոշին հուշում էր` անվրեպ ենք կրակել: Այսպիսի յուրաքանչյուր հաջողություն կրկնապատկում, եռապատկում է իմ վստահությունն ու վճռականությունը:
***
ԱԼԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ավագ լեյտենանտ
Ես ամուր կապված եմ իմ ծառայությանը: Չեմ կարող անտարբեր լինել, մատների արանքով նայել պարտականություններիս, չմտածել զինվորիս մասին: Բայց ինչքան բարի, այնքան էլ խիստ եմ` չեմ հանդուրժում ընդունված կարգից եւ ոչ մի շեղում: Որովհետեւ գիտեմ` զինվորական կարգապահությունն է կուռ եւ ամուր դարձնում ստորաբաժանումը: Մարտի ժամանակ էլ է հաղթում կարգապահությունը: Զորավարժադաշտում իմ հրամանատարությամբ կռիվ տվող դասակը ջախջախեց հակառակորդին, որովհետեւ համահավաք, համաձայնեցված գործեցինք: Առաջին անգամ էի զորքը հարձակման տանում: Մարտը գրագետ ղեկավարելու ամենակարեւոր պայմաններից են հստակ հրամանները, սպայի կազմակերպչական ջիղը, կարեւորը երկրորդականից զատելու, պարտականությունները հստակ բաշխելու կարողությունը, վճռական րոպեներին ճիշտ որոշում կայացնելու ունակությունը, առջեւից գնալու խիզախությունը: Կարծում եմ՝ ստացվեց: Ինչ թաքցնեմ` ես ինձ հպարտ եմ զգում: Այսքան ոգեւորված եղել եմ մեկ էլ Ռազմական համալսարան ընդունվելիս: Մոտոհրաձիգի մասնագիտությունն ընտրել եմ հոգուս խորքում կուտակված վրեժի զգացումից դրդված. հայրս` Սամվել Խաչատրյանը, զենք վերցրեց՝ հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար: Նա զոհվեց 1992 թվականին` վայրկյան անգամ չմտածելով հողը զիջելու մասին: Հորս գործը այսօր ես եմ շարունակում:
Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #13 (1184) 05.04.2017 - 11.04.2017, Ազգային բանակ