Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԵՐՈՍ ԾՆՎՈՒՄ ԵՆ…»



«ՀԵՐՈՍ ԾՆՎՈՒՄ ԵՆ...»ԱպրիլԲնության զարթոնքի այս գեղեցիկ շրջանն այսուհետեւ 1915-ի եղեռնից բացի մեր հավաքական հիշողության մեջ զուգորդվելու է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում նոր՝ անկախության հերոսական սերնդի խիզախության, անձնազոհության հետ: Դիրք 116… Այս մարտական հենակետի տղաների գործած սխրանքը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ցեղասպանություն տեսած մեր ազգն այլեւս երբեւէ չի հանդուրժելու ոսոխի որեւէ կամայականություն, իսկ մարտական հենակետերում այսօր կանգնած մեր տղաներն Արցախյան պատերազմում հաղթանակ կռած նվիրյալների արժանի հետնորդներն են

Մարտի 31-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Արցախի ամենաերիտասարդ  հերոսի՝ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանին նվիրված հուշերեկո: Դահլիճը լեփլեցուն է. այստեղ են հերոսի հարազատները, բարեկամները, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինվորականներ, հասարակության ներկայացուցիչներ, հատկապես՝ երիտասարդներ: Բոլորին այստեղ է բերել հպարտության ու երախտագիտության զգացումը: Ռոբերտը 19-ը նոր էր բոլորել, երբ կնքեց իր մահկանացուն: Մեկ տարի է անցել չարաբաստիկ այդ օրվանից, սակայն վերքը դեռ բաց է, հիշողությունը՝ թարմ

Միջոցառումը մեկնարկեց Ռոբերտ Աբաջյանին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ: Ստեղծագործական խումբը արել էր ամեն ինչ` ամբողջական պատկերացում տալու հերոսի ապրած կարճ, բայց իմաստալից կյանքի, մարդկային յուրօրինակ կերպարի, գործած մեծ սխրանքի մանրամասների մասին:

«ՀԵՐՈՍ ԾՆՎՈՒՄ ԵՆ...»Ֆիլմում նրա հարազատները, դասընկերները, ուսուցիչներն ու մարտական ընկերները վկայում են, որ նորնոր հասուն կյանք մտած երիտասարդը չափազանց լուրջ, խորհող անձնավորություն էր: «Նրա հետ խորհրդակցում էինք, և ցանկացած հարցին կարողանում էր մեզ հետ հավասար լուծումներ գտնել»,- ասում է հերոսի մայրը` Աննա Աբաջյանը:

Սպիտակ, սիրուն, երկնագույն աչքերովհրեշտակային գեղեցկություն ուներ տղասՀրեշտակի պես աշխարհ եկավ, հրեշտակի պես էլ հեռացավ մեզնից:

«Երեխաներիս հաճախ եմ նկատողություն անում: Կյաժիս՝ Ռոբերտիս, երբևէ դիտողություն անելու կարիք չեմ ունեցել, հավատացե՛ք»,- էկրանից ասում է հայրը:

«Ռոբերտը  միշտ տարբերվել է՝ թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ քոլեջում, թե՛ զորամասում ու ամենուր: Հիմա էլ այսպես տարբերվեցԿարծում եմ, որ հերոս ծնվում են,- մտորում է պապիկը՝ Գևորգ Աբաջյանը,- 18 տարի նրա հետ ապրած համատեղ կյանքը, նրա բնավորության առանձնահատկությունները և նրա այս վարմունքը վերլուծելով` համոզվում եմ, որ նա ոչ թե հերոս դարձավ, այլ հերոս էր ծնվել»:

«Աշխույժ էր, հնարամիտ, ընկերասեր և վստահելի,- վերհիշում է ուսուցչուհին` տիկին Մովսիսյանն ու պատմում:- Միշտ առաջին դասերից ուշանում էր: Երբ բարկացա ու ասացի, որ տատիկին կասեմ, գլուխը կախեց՝ «Մի՛ ասեք, խնդրում եմ»: Մտածեցի, որ հիմա կխոստանա, որ այլևս չի ուշանալու, բայց նա ժպտում էր. գտել էր հնարը՝ «Դո՛ւք ուշ մտեք դասարան, տիկի՛ն Մանուկյան»:

Դասընկերները Ռոբերտին հիշելիս միշտ հուզվում ու ժպտում են միաժամանակ. «Ամեն ինչում առաջինն էր, ինչ էլ լիներ` գլխավորում էր մեր ամբողջ դասարանը: Բոլոր տոների, միջոցառումների կազմակերպիչն էր, բոլորիս կապող օղակը»:

«Նա մեզ համար է եղել Ռոբերտ Աբաջյան, սովորական աշակերտ: Իսկ մեր դպրոցի բոլոր սաների համար հիմա հերոս է, ընդօրինակման առարկա: Տեսնել է պետք, թե ինչպես են վառվում երեխաների աչքերը, երբ պատմում ենք նրա մասին»,- ասում է ուսուցիչներից մեկը:

Կադրում այն զորամասն է, որտեղ ծառայությունն է անցկացրել Ռոբերտ Աբաջյանը: Տղաներն այսօր էլ այստեղ մեծ պատվով են ծառայում: «Նրա հետ միշտ էր հետաքրքիր: Առաջադրանք ստանալով՝ աշխատում էր շատ արագ կատարել ու գալ, զեկուցել, որ ամեն ինչ արված է»,-հիշում են մարտական ընկերներն ու հրամանատարները:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էր, սահմանին կանգնած երիտասարդներին ծանր գիշեր էր սպասվումԻսկ հաջորդ օրվանից 116 դիրքն արդեն սովորական չէր: Ապրիլից հետո այս դիրքում ծառայող բոլոր տղաներն իրենց պարտքն են համարում ինչոր ձևով հարգանքի տուրք մատուցել զոհված տղաներին: Այստեղ արյուն է թափվել, պատգամ կա՝ «Դիրքը հանձնողի…»: Սա Ռոբերտ Աբաջյանի վերջին խոսքն էր, հրամանը

Ֆիլմի ցուցադրումից հետո «Կյանք ու կռիվ» երգի ներքո Ռոբերտ Աբաջյանի մարտական ընկերները մեկական սպիտակ վարդով մոտեցան և ողջագուրվեցին հերոսի մորը:

«…Կներես դու ինձ, մա՛յր, քո որդուն,

Ես խաղաղ երկնքով կգամ տուն:

Թող գրկի քեզ ընկերս հիմա,

Իմ կողմից ասի քեզ` «ի՛մ մայր…»:

Բեմում է Ռոբերտի մարտական ընկերը` Համլետ Կիրակոսյանը. «Երբ ինձ ասում են՝ նկարագրիր Ռոբերտին, ասում եմ՝ լավ, բարի ու դրական հիշողություններս այնքան շատ են, որ ժամեր շարունակ կարող եմ խոսելՀիմա մի բան կասեմ միայն` երջանիկ եմ, որ նրա նման մարդու հետ եմ ծառայել, որ ընկերներ ենք եղել»:

 Հուզմունքն ու ցավը, հպարտության զգացումն ու ափսոսանքը միախառնվել են դահլիճում: Կարճ ու սրտառուչ խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. «Մենք չենք ընտրել հերոսներ ունենալու ճանապարհը, մենք առերեսվել ենք այդ անհրաժեշտության հետ մեր անկախության առաջին օրվանից՝ որպես մի փորձաշրջան մեր ամրության, սխրանքի, մեր հաստատակամության: Մարտակերտի 116-րդ դիրքը խորհրդանիշ է ոչ միայն հերոսության, այլ նաև ընկերասիրության, պատվի, ծնողի, դասատուի և հրամանատարի ճիշտ փոխհարաբերության: Առանց այս «սուրբ երրորդության» հերոս չի ծնվի: Մենք սուղ ընտրություն ունենք այս իրավիճակում: Հերոսանալու այլընտրանքը արժանապատվության կորուստն է: Եվ խոնարհվելով, հիշելով, պատվելով՝ մենք մի ճանապարհ ունենք միայն՝ հպարտությամբ լցվելու և իմանալու, որ  և՛ բարձունքն է մերը, և՛ տղերքը կան…»:

Այս տարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մրցանակ է շնորհել Ռոբերտ Աբաջյանին` հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար: Չդադարող ծափահարությունների ներքո Վիգեն Սարգսյանը «Հայկյան» մրցանակը հանձնեց Ռոբերտի հորը` Ալեքսանդր Աբաջյանին:

Ռոբերտ Աբաջյանին նվիրված տեսաֆիլմի հեղինակ, սցենարիստ և ռեժիսոր Հռիփսիմե Բասենցյանն այն բնորոշում է որպես լրագրողական մեծ ռեպորտաժ, որտեղ արտացոլված է Քառօրյա պատերազմում մեր տառապած ժողովրդի մի նոր, մեծ ցավը:

-1988-ից ի վեր Արցախյան ճակատում կռվող, հերոսացող տղաները չէին պատկերացնի, որ անկախության սերունդն էլ կապրի այս ցավը,- ասում է երիտասարդ կինը: –Այս անգամ էլ թշնամին իր հաշվարկների մեջ սխալվեց` աչքաթող անելով հատկապես այն փաստը, որ եթե անկախ ենք, ազատ, ուրեմն ավելի ուժեղ ենք ու գաղափարապես հզորՓա՜ռք ու պատիվ մեր բանակին, մեր զինվորականներին, մեր այն տղաներին, ովքեր այսօր էլ դիրքերում են: Ես որդի ունեմ, որ մեծանալով՝ ծառայելու է հայոց բանակում, իր պարտքն է տալու այս երիտասարդներին, այն տղաներին, որոնք տուն չեն դարձել: Մենք բոլորս պարտական ենք մեր սրբացած նահատակներին, մեր վիրավոր զինվորներին և այն տղաներին, ովքեր այսօր ամուր կանգնած են սահմանին:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #13 (1184) 05.04.2017 - 11.04.2017, Բանակ և հասարակություն


05/04/2017