ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
«Հայ զինվորի» այս համարում տպագրում ենք Օդեսա քաղաքի Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի II դասարանի աշակերտների նամակները` ուղղված հայ զինվորին:
Բարեւ, զինվո՛ր: Ճիշտ է, անծանոթ ենք, բայց կարծես ինձ հարազատ-բարեկամ լինես: Դու անձնվիրաբար ծառայում ես մեր բանակում ու կյանքի գնով պաշտպանում մեր ազգը: Ես եւ ինձ նման շատ երեխաներ ապահով ենք զգում մեզ, քանի որ կան հայոց արծիվ զինվորները: Խոստանում եմ` ես էլ քեզ նման զինվոր կլինեմ ու ազգիս պիտանի մարդ կդառնամ:
Քեզ բարի ծառայություն, իմ զինվո՛ր եղբայր:
ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
11 տարեկան
♦♦♦
Բարեւ, զինվո՛ր: Ես Անդրեյն եմ, գրում եմ նամակս հեռավոր Օդեսայից: Իմ հայրիկն էլ քեզ նման զինվոր է եղել ու ծառայել հայկական բանակում, պապիկս նույնպես մասնակցել է մեր հողի պաշտպանությանը: Երբ մեծանամ, ես նույնպես զինվոր կդառնամ, ձեզ նման խիզախ, ու կտամ իմ պարտքը հայրենիքիս: Թող ոչ մի մայր լաց չլինի, ոչ մի երեխայի հայրն ու եղբայրը չզոհվեն: Խաղաղ ծառայություն քեզ, իմ հա՛յ զինվոր:
ԱՆԴՐԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ
8 տարեկան
♦♦♦
Բարեւ, հա՛յ զինվոր, իմ անունը Գուրգեն է: Ես ձեզ գրում եմ Օդեսա քաղաքից: Ես գիտեմ, որ դուք պաշտպանում եք իմ հայրենիքի սահմանները: Ես հպարտ եւ պաշտպանված եմ զգում ինձ, երբ գիտեմ, որ հայոց սահմանը հսկվում է արի, խելացի եւ անվախ զինվորների կողմից: Իմ քաջ զինվորներ, ցանկանում եմ ձեզ առողջություն եւ բարի ծառայություն:
ԳՈՒՐԳԵՆ ՇԻՐՈՅԱՆ
11 տարեկան
♦♦♦
Բարեւ, սիրելի՛ զինվոր:
Մեր դասարանը որոշել է զինվորներին նամակ գրել, որպեսզի միշտ հիշեք, որ դուք մենակ չեք: Ձեզնով հպարտանում ենք, ձեր շնորհիվ է, որ մենք խաղաղ եւ ապահով ապրում ենք, գնում դպրոց, բակում խաղում: Ձեզ ցանկանում եմ առողջություն, թող մեր աղոթքները պահապան լինեն ձեզ: Մենք ձեզ շատ ենք սիրում, դուք մեր բանակի պարծանքն եք:
Աստված ձեզ պահապան…
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
9 տարեկան
♦♦♦
Բարեւ, սիրելի՛ հարազատ զինվոր, այս նամակս գրում եմ քեզ Օդեսա քաղաքից, իմ անունը Ալեքսանդր է: Չնայած այն բանին, որ ես ապրում եմ Հայաստանից դուրս, միշտ լսում եմ ձեր հերոսական արաքները եւ հպարտանում եմ ձեզանով եւ ուրախ եմ, որ ձեր նման քաջ տղաներ են ծառայում հայոց բանակում եւ ցանկացած ժամանակ պատրաստ են իրենց կյանքը նվիրել հայրենիքին, քանի որ մեծ երջանկություն է ծնվել հայ ու մեծ պատիվ է ծառայել հայոց բանակում: Ցանկանում եմ, որ Հայաստանը միշտ ազատ լինի, եւ այլեւս ոչ մի հայի արյուն չթափվի: Քեզ էլ, զինվո՛ր եղբայր, ցանկանում եմ քաջառողջություն եւ հաջողություն քո ամբողջ կյանքում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
11 տարեկան
♦♦♦
Բարեւ, հա՛յ զինվոր, այս նամակը գրում է Բյուզանդը Օդեսա քաղաքից: Ես գիտեմ, որ դուք օր ու գիշեր պաշտպանում եք մեր սահմանները: Մեր հողը, մեր հանգիստը, որ մենք լավ սովորենք ու մեր հայրենիքին արժանի զավակ լինենք: Ես այնքան հպարտ եմ, որ հայ եմ եւ ձեզ կարող եմ եղբայր անվանել: Ես աղոթելով ձեր կյանքի համար՝ ամեն անգամ խնդրում եմ Աստծուն, որ ձեզ հետ լինի եւ դուք կատարեք ձեր սրբազան պարտքը եւ ողջ ու առողջ տուն վերադառնաք: Իմ սիրելի՛ զինվորներ, ես սրտանց ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար ու ցանկանում եմ, որ Հայաստանը միշտ ազատ լինի եւ հաղթանակած:
Ձեզ ցանկանում եմ քաջառողջություն եւ հաջողություն:
ԲՅՈՒԶԱՆԴ ՇԻՐՈՅԱՆ
11 տարեկան
Խորագիր՝ #14 (1185) 12.05.2017 - 18.04.2017, Բանակ և հասարակություն