ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՐՈԼԻՆ ԴՈՒՅԵԶԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր:
Պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի գործունեությունը` ուղղված սահմանամերձ համայնքներում բնակչության կեցության և անվտանգության ապահովման բարձրացմանը:
Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցելու համագործակցության առավել խորացմանը և ջանքեր գործադրելու պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: