Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՐԱՄՓԻ «ՍԽԱԼԸ»



ԹՐԱՄՓԻ «ՍԽԱԼԸ»Հարութ Սասունյանն իր հոդվածում աղետալի է որակում Սիրիային հարվածելու Թրամփի որոշումը, նրա վարած արտաքին քաղաքականությունը՝ նշելով մի շարք պատճառներ:

Թրամփը հայտարարել է, որ խորապես ցնցվել է քիմիական հարձակումից տուժած մանուկների լուսանկարներից, որոնք տեսել էր հեռուստատեսությամբ: Անկասկած, սրտաճմլիկ պատկերների ազդեցությամբ նա դրսեւորել է զգացմունքային և ինքնաբուխ վերաբերմունք, ինչը, սակայն, չի կարող փոխարինել կշռադատված արտաքին քաղաքականությանը:

Բարեբախտաբար, Թրամփի օգնականները սիրիական օդանավակայանի վրա ամերիկյան  հարձակումից քիչ առաջ ահազանգել էին Ռուսաստանին ռուսների շրջանում զոհերից խուսափելու համար, ինչը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար… Նախագահ Թրամփն իր գործողություններով խախտել է ԱՄՆ սահմանադրությունը, քանի որ նա չի դիմել և չի ստացել ԱՄՆ Կոնգրեսի՝ օրենքով պահանջվող թույլտվությունը՝ մեկ այլ ինքնիշխան պետության դեմ պատերազմական գործողություն իրականացնելու համար: Թրամփը ոչ իմաստություն, ոչ էլ համբերություն չունեցավ սպասելու քիմիական հարձակման հանգամանքների հետաքննության արդյունքներին՝ հասկանալու, թե ով է իսկապես պատասխանատու այս սարսափելի հանցանքի համար:

Թրամփի վարչակազմը մեղադրել է Սիրիայի կառավարությանը՝ Իդլիբի մոտ քիմիական հարձակման համար: Մինչդեռ Սիրիայի և Ռուսաստանի իշխանություններն այլ վարկած ունեն ողբերգական իրադարձությունների առնչությամբ: Նրանք պնդում են, որ Սիրիան չի տիրապետում քիմիական զենքի: Բացի այդ, քիմիական պայթյունը տեղի է ունեցել սիրիական օդուժի կողմից ահաբեկիչների զինապահեստը ռմբակոծելու ժամանակ, որտեղ էլ եղել են այդ վտանգավոր նյութերը: Անկախ այս ամենից, Ասադի համար անիմաստ է քիմիական զենքի կիրառումը, երբ նա հաղթում է: Առավել եւս՝ դրանով նա մեծ ռիսկի կդիմեր և ավելի կթշնամացներ Արևմուտքն իր դեմ:

2013 թ. մեկ այլ քիմիական հարձակում եղավ Դամասկոսի արվարձաններից մեկում, որից ավելի շատ մարդիկ սպանվեցին, քան Իդլիբում: Օբաման շատ մոտ էր Սիրիայի դեմ պատերազմ սկսելուն՝ սխալմամբ կարծելով, թե Սիրիայի կառավարությունն անցել է իր հայտարարած «կարմիր գիծը»: Եվ երբ նա իմացավ, որ Դամասկոսի մոտ քիմիական հարձակումը կազմակերպել էին Թուրքիան և նրա ահաբեկիչ դաշնակիցները՝ Միացյալ Նահանգներին Սիրիայում ռազմական միջամտության դրդելու համար, Օբաման չիրականացրեց Սիրիային հարվածելու իր պլանը: Չպետք է մոռանալ նաև, որ 2003թ. ամերիկյան պաշտոնյաները «հետախուզական» կեղծ ապացույցներ ներկայացրին աշխարհին՝ պնդելով, թե Սադամ Հուսեյնը տիրապետում է զանգվածային ոչնչացման զենքի՝ դրանով իսկ արդարացնելով ամերիկյան ներխուժումը Իրաք:

Որքան էլ տարօրինակ է, Կոնգրեսի հանրապետական շատ անդամներ, որոնք այժմ ողջունում են Սիրիայի վրա հարձակվելու Թրամփի որոշումը, այն ժամանակ խստորեն քննադատեցին Օբամայի վարչակարգը՝ համանման հարձակման ծրագրի համար: Իսկ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ արեց Օբամային չհարձակվելու Սիրիայի վրա: Այն ժամանակ Թրամփը կարծես չէր էլ մտահոգվում «գեղեցիկ սիրիացի մանուկների» համար, ինչպես հիմա…

Թե՛ Սպիտակ տունը, թե՛ ամերիկյան լրատվամիջոցների բազմաթիվ ինքնակոչ փորձագետներ, որոնք վերջին տարիներին բացահայտ կեղծիքներ են տարածում Սիրիայի շուրջ կատարվող դեպքերի եւ իրադարձությունների մասին, այժմ պնդում են, որ քիմիական զենքի ոչնչացումը Սիրիայում բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից: Նաև պնդում են, որ քիմիական զենքերն արգելված են միջազգային պայմանագրերով, և դրանց կիրառումը միջազգային իրավունքի խախտում է:

Ընդունելով այդ հայտարարությունների ճշմարտացիությունը՝ տեղին է հարցնել.

1) Ինչո՞ւ քիմիական հարձակման առնչությամբ ոչ մի հետաքննություն չիրականացվեց մինչև ամերիկյան հրթիռների արձակումը:

2) Ի՞նչ իրավունքով է Թրամփն իրեն կարգել միջազգային իրավունքի դատավոր և աշխարհի ոստիկան: Միջազգային իրավունքը, ըստ սահմանման, այն հարցն է, որը վերաբերում է ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև ամբողջ աշխարհին: Միջազգային իրավունքի նմանատիպ խախտումների հետաքննության, դատապարտման և պատժի սահմանման պատշաճ վայր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ ոչ թե Սպիտակ տունը: Բացի այդ, ինքնիշխան պետության վրա հարձակումը ինքնին միջազգային իրավունքի խախտում է:

3) Հարձակվելով Սիրիայի վրա և ոչնչացնելով նրա ռազմական ինքնաթիռները՝ Թրամփը, փաստորեն, խրախուսում և զորացնում է ԻՊ ահաբեկիչներին, քանզի նրանք տեսնում են, որ ամեն անգամ իրենց կողմից քիմիական զենք օգտագործելուց հետո Արևմուտքը մեղադրում է նախագահ Ասադին և թիրախավորում Սիրիայի տարածքը: Բացի այդ, թուլացնելով Ասադին, Թրամփը ռիսկի է դիմում՝ ստեղծելու այնպիսի քաոս, ինչպիսին Իրաքում և Լիբիայում է: Ի՞նչ երաշխիք, որ Ասադին փոխարինողը ԻՊ-ը չի լինի:

Բոլոր նրանք, ովքեր մտահոգ էին, թե Թրամփը կարող է իր անխոհեմ որոշումներով սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության համար, ցավոք, ականատեսը եղան նրա առաջին նման քայլին վերջինիս նախագահության 100 օրվա ընթացքում: Մնում է հուսալ, որ Թրամփը չի նախաձեռնի լայնածավալ հարձակում Սիրիայի նկատմամբ:

Վերջապես, ի՞նչ եղան Թրամփի՝ «Սկզբում Ամերիկան» և «Ես Միացյալ Նահանգների նախագահն եմ և ոչ թե աշխարհի» հավակնոտ հայտարարությունները:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Տարածաշրջան


19/04/2017