ԴՐԱԽՏ ՄՈՐԱՔՈՒՅՐԸ
Հաճախ մարդու անունն արտահայտում է իր կրողի էությունը: Սրա լավագույն ապացույցը Դրախտ մորաքույրն է՝ Դրախտուհի Մինասյանը, որ 1999 թվականից աշխատում է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ճաշարանում՝ որպես խոհարարուհի, բայց նա պարզապես խոհարար չէ. ճաշարան այցելող բոլոր տղաները նրա համար իր հարազատ զավակների պես են: Այդպես էլ խոսում է նրանց մասին՝ «իմ տղաները, իմ էրեխեքը»…
-Բարև, բարով ես եկել, աղջի՛կս,- ճաշարանի շեմքից իր լուսավոր ժպիտով ինձ է դիմավորում Դրախտ մորաքույրը: Առանձնապես խոսքեր չի շռայլում հյուրին սրտաբաց ընդունելու համար: Ամեն ինչ ինքնաբուխ է ստացվում:
-Դրախտուհին ոչ միայն մեր ամենալավ խոհարարներից է,-ներկայացնում է ճաշարանի պետը՝ Վահե Մաթևոսյանը,- այլև հրաշալի մարդ է՝ միշտ հասնող, օգնող, մի խոսքով՝ մեր պահապան հրեշտակն է: Նրա հետ հաստատ կարելի է «կռիվ գնալ»: Նորեկ կուրսանտներին նա է ընդունում, ճանապարհում: 1999 թվականից մինչև օրս բոլորի համար տիկին Դրախտն է սնունդ պատրաստել: Նա նաև մայրաբար զրուցում է հետները, խորհուրդներ է տալիս, բոլորի հետ լեզու է գտնում:
-Գուգոս, Սիմոնս, …- անուն առ անուն հիշում է Դրախտ մայրիկը: -Շատ լավ զինվորներ եմ ունեցել, հպարտանալու տղաներ են: Այս տարի հունվարի 1-ին իմ զինվորներից ինձ առաջինը զանգեց, շնորհավորեց Ռոբս, որն այստեղ՝ ինձ մոտ է խոհարարություն սովորել: Նշանվել էր՝ առաջինը ինձ զանգեց, տղա ունեցավ, էլի ինձ աչքալուսանք տվեց: Նախկին զինվորներ ունեմ, օրինակ՝ Միսակս, որոնց ընտանիքների հետ մինչև հիմա կապ եմ պահում: Խաշ են դնում, կանչում են, մի համեղ բան են սարքում, նորից են հրավիրում: Տղաներիս այնքան էի սիրում, որ հարազատ աղջիկներս լուրջ-լուրջ խանդում էին: Երեք հրաշք աղջիկ ու երեք լավ փեսա ունեմ, վեց թոռ: Հայկ թոռնիկս, մեռնեմ նրան, հիմա զինվոր է: Ասում է, երբ իմանում են՝ ով է տատիկս, ասում են, «Հա՜, մեր Դրախտ մորաքրոջ թոռն ես, ուրեմն»:
-Զինվորներից մեկը խնդիր ուներ. թեթև կակազում էր,- պատմում է գործընկերուհին,- Դրախտուհին ամեն ինչ անում էր, օգնում, որ տղան չբարդույթավորվի, փորձի շատ խոսել: Եվ խնդիրը վերացավ: Տղան զորացրվեց, տուն գնաց, մայրը աչքերին չէր հավատացել, որ տղան այլևս չի կակազում: Եկել էին Երևան՝ Դրախտին շնորհակալություն հայտնելու:
-Կուրսանտներս ինձ ասում են՝ «Իսկական Դրախտ մորքուր ջան»: Շատ լավ էրեխեք եմ ունեցել, շա՜տ: Քառօրյա պատերազմում իմ տղաներից քանիսի՜ն կորցրի,- հուզվում է:- Շատ ծանր եմ տարել այդ դժոխային օրերը: Իմ էրեխեքը… Չկա մեկը, որ չճանաչեմ: Ալիկս… Այ, էստեղ էլ նստում էր… Օր չկար, որ ինձ հետ մի երկու բառ չփոխանակեր… Եղոյան Բենիամինս՝ տանկիստը, նույնպես մեր կուրսանտներից էր… Բոլորի տան հոգսերը գիտեի, հետս կիսվում էին, անգամ իրենց գաղտնիքներն էին պատմում, ես էլ ուրախանում էի կուրսանտներիս համար, նրանց առաջադիմությամբ… Զոհված սպաներից շատերը մեր 2012-2013 թթ. շրջանավարտներից էին: Շա՜տ ափսոս, շա՜տ,- հառաչում է Դրախտ մորաքույրը: -Մեր ֆոտոգրաֆի՝ Արթուրի տղան էլ զոհվեց… 4 տարի մեզ մոտ սովորել էր: Հրա՜շք տղա էր Մերուժս՝ ժպիտը միշտ դեմքին… Նոր էր ավագ լեյտենանտը ստացել, նշանված էր…
-Բոլորն այստեղ մերն են, սա մի մեծ ընտանիք է,- Դրախտին օգնության է հասնում Վահեն: -Առավոտյան ժամը յոթից մինչև ընթրիք, պիտի վստահ լինենք, որ բոլորը կուշտ են, նոր միայն հանգիստ տուն գնանք: Դրախտը՝ մեր Դրոն, մեր փրկությունն է: Առավոտ ժամը 4-ը լինի, թե գիշերվա ժամը 1-ը, եթե նրա կարիքը զգացվեց, չի սպասի, որ խնդրենք, անմիջապես կգա:
-Բա, հո, տղաներիս սոված չե՞մ թողնի,- ժպտում է Դրախտ մորաքույրը:
Նրա հյուրասիրությունից ինձ էլ է բաժին հասնում: Իր ձեռքով պատրաստած ծիրանաչիր է հյուրասիրում:
-Տնական սարքած է, անուշ արա, ցա՛վդ տանեմ,- համոզում է:
Հետո խնամքով անձեռոցիկի մեջ է փաթաթում մնացածը ու դնում հետս: Հակաճառելն անօգուտ է՝ կնեղանա:
Դրախտ մորաքրոջից հնարավոր չէր առանց ժպիտի բաժանվել, որովհետև նա էլ անընդհատ ժպտում է՝ լույս ու բարություն տարածելով իր շուրջը: Նրա քաղցր ձայնը միշտ կմնա հիշողությանս մեջ:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Ազգային բանակ