Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ



ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ԱՄՓՈՓՈՒՄԳեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքների ամփոփում,  որին մասնակցում էին զորամիավորման ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարներն ու վարչակազմը: Քննարկվեցին մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային  ծառայության և զորքերի ծառայության հետ կապված մի շարք հարցեր:

Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանն իր զեկույցում խոսեց զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների շահագործման, անվտանգության կանոնների պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, պահակային ծառայության, տեսական ու գործնական պարապմունքների արդյունքների և այլնի մասին:

Նշվեցին առկա թերություններն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանն  անդրադարձավ անցկացված զորավարժություններին և ստուգումներին՝ կարևորելով մարտական հրաձգության ստուգարքների, ստորաբաժանումների ներդաշնակման, ֆիզիկական, կրակային պատրաստության պարապմունքների և միջոցառումների դերը:

Փաստվեց, որ անձնակազմը ստանում է գործնական և մեթոդական անհրաժեշտ օգնություն, նաև առկա է համապատասխան նյութատեխնիկական բազա:

Գնդապետ Կամո Գրիգորյանն էլ նշեց գիշերային պարապմունքների, ջոկերի ներդաշնակման, մասնագիտական  հավաքների օգնությամբ ձեռք բերվող փորձի կարևորությունը:

Արձանագրված հաջողությունների հետ մեկտեղ ներկայացվեցին նաև հանկարծակի ստուգումների ժամանակ ի հայտ եկած թերությունները և դրանց վերացման համար կատարվող աշխատանքները:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ԱՄՓՈՓՈՒՄԶորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանի զեկույցի թեման դաստիարակչական աշխատանքների և զինվորական կարգապահության ներկա վիճակն էր: Նա ընդգծեց այդ պատասխանատու գործընթացում զորամիավորման ողջ անձնակազմի, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների ներգրավվածության անհրաժեշտությունը: Այնուհետև նշեց զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանն ու իրավախախտումների նվազմանը նպաստող գործոնները:

Գնդապետ Գրիգոր Թորոսյանն անդրադարձավ անձնակազմի ու տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանմանը, հակահրդեհային պաշտպանության, զրահատեխնիկայի շահագործման ու նորոգման միջոցառումներին, հավաքակայանների համալրվածությանը: Խոսեց անհրաժեշտ նոր ավտոտեխնիկա ունենալու, եղածը նորոգելու, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ընթացքում հնարավոր անցանկալի պատահարներից խուսափելու մասին:

Գնդապետ Արամ Պողոսյանը նշեց ենթակա զորամասերում նյութական միջոցների ապահովվածության, զինծառայողների համապատասխան հանդերձավորման,  սննդամթերքի պատշաճ պահպանման, ճաշարանների սանիտարական վիճակի, կատարված շինարարական, վերականգնողական աշխատանքների արդյունքները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ գեներալ-մայոր  Տիգրան Փարվանյանը հանձնարարեց շուտափույթ վերացնել քննարկված հարցերի շուրջ արձանագրված թերությունները՝ գերխնդիր համարելով մարտական պատրաստության և պատրաստականության, զինվորական կարգապահության շարունակական ամրապնդումը: Այնուհետև առաջ քաշվեցին հաջորդ եռամսյակի խնդիրները, դրանց կատարման ուղղությամբ տրվեցին համապատասխան հրահանգներ:

Միջոցառման ավարտին զինվորական կարգապահության և մարտական պատրաստության լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողներն ու ստորաբաժանումները խրախուսվեցին:

Անցկացվեց նաև ռազմական խորհրդի նիստ, որը նվիրված էր ամրաշինական աշխատանքների կատարելագործմանը, պաշտպանունակության արդյունավետության բարձրացմանը:

 

ՍՈՒՍԱՆՆԱ  ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/04/2017