ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
4-րդ բանակային զորամիավորման 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ օրերս զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվեց ենթակա զորամասերից մեկի գումարտակային ցուցադրական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Զորավարժության թեման էր՝ «Գումարտակի բերումը մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի: Գումարտակի անցումը պաշտպանության հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Զորաշարժային պաշտպանության վարումը, անցումը պաշտպանության նոր բնագծում և մասնակցումը նոր հակագրոհին՝ մոտեցող պահեստուժի հետ»: Ուսումնական նպատակներն էին՝ կատարելագործել զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների ունակությունները մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությունների պլանավորման, նախապատրաստման և անցկացման հարցերում, ցուցադրել գումարտակների հրամանատարներին և նրանց տեղակալներին գումարտակի հրամանատարի և շտաբի աշխատանքը մարտին նախապատրաստվելիս և կատարվող աշխատանքները համակողմանի ապահովելիս, ստուգել մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերվելու ունակությունները: Հընթացս ստուգվեց ստորաբաժանումների ներդաշնակումը պաշտպանության անցման ժամանակ, պատասխանատուներն ստացան պաշտպանական մարտի կազմակերպման ու վարման, ռազմերթի իրականացման, կրակի և զորաշարժի զուգակցման գործնական փորձ: Իսկ մասնակից զինծառայողները կատարելագործեցին իրենց դաշտային վարժվածությունը, բարոյակամային հատկանիշները մարտական գործողություններին մոտ պայմաններում:
Զորավարժության սցենարի համաձայն՝ գումարտակը, ինչպես նաև հրետանային, մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկ մարտկոց և դասակ բերվեցին մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Իրականացվեց երթ դեպի կենտրոնացման շրջան, որտեղ մասնակից ստորաբաժանումներն անցան պաշտպանական մարտի կազմակերպմանը: Երկրորդ փուլում կազմակերպվեց գումարտակի և տրված ստորաբաժանումների հրամանատարների՝ պաշտպանողական մարտի վերաբերյալ որոշման ունկնդրում, անցկացվեց տեղազննում, որոշվեց փոխհամագործակցության կարգը, որից հետո էլ առաջադրվեցին համապատասխան խնդիրներ: Ստորաբաժանումները զբաղեցրին պաշտպանության շրջանը և կրակային դիրքերը, ստեղծեցին կրակի համակարգ և կահավորվեցին ինժեներական առումով: Բացազատված ցուցադրական կետերի ղեկավարների զեկույցներից հետո սկսվեց պաշտպանական մարտը: Ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրին հակառակորդի հարձակումը՝ նրան պատճառելով առավելագույն կորուստներ, այնուհետև նախապատրաստական գործողություններից հետո իրականացրին հաջող հակագրոհ, վերականգնեցին պետական սահմանը և անցան պաշտպանության:
Վերլուծելով և ամփոփելով արդյունքները՝ զորամիավորման հրամանատար՝ գնդապետ Վ. Քոչարյանն իր գոհունակությունը հայտնեց՝ մատնանշելով ձեռք բերված հաջողությունները. նախորդ ցուցադրական զորավարժություններից անհրաժեշտ հետևություններ արվել են: Նաև տվեց համապատասխան ցուցումներ բացթողումների վերացման ուղղությամբ:
Զորամիավորման հրամանատարը շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին զորավարժությունը բարձր մակարդակով անցկացնելու համար, ապա եւ հենց «մարտի դաշտում» էլ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսեց պատվոգրերով, շնորհակալագրերով, կրծքանշաններով և կարճաժամկետ արձակուրդով:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ