ՁԵՌՔԸ ՍՐՏԻՆ ԴՐԱԾ
Ես հոդված էի «կառուցում» այն ժամանակ, երբ համալսարանում ինձ սովորեցնում էին, թե ինչ է «լրագողական պրոդուկտը»: Իմ դասախոսներից մեկը այդպես էլ ասում էր՝ լրագրողական պրոդուկտ, և իր բազմաթիվ գործընկերների հետ միասին սովորեցնում էր ինձ խոսք կառուցել… Եթե մի օր ես որոշեմ լրագրություն սովորեցնել ուսանողներին որևէ բուհում, նրանց հաստատ չեմ հորդորելու կառուցել, այլ խնդրելու եմ անկեղծ ու անկաշկանդ պատմել կյանքի մասին կամ բարձրաձայն մտորել՝ առանց հետևելու որևէ կանոնի: Ու առանց խելացի երևալու ձգտումի: Ինչո՞ւ գրեցի այս ամենը, որովհետև հիմա ես մի բան եմ ուզում պատմել, որը կառույց չէ, այլ մտորում՝ առանց կանոնների, ինչպես գրում եմ սովորաբար: Ու հենց սկզբից պիտի բացատրեմ, թե ինչու այս աղմկաշատ թոհուբոհում Եղեռնի հիշատակության օրերին բարձրաստիճան այրերի մասնակցությամբ միջոցառումները թողել, գնացել եմ «Ամենագետներ» նախակրթարան, որ տեսնեմ, թե ինչպես են փոքրիկ տղաներն ու աղջիկները երգում, պարում, արտասանում մեր համազգային ողբերգության հիշատակության օրը: Ու բոլորովին մեղքի զգացում չունեմ, որովհետև հանդիսավոր ու ներկայանալի միջոցառումների մասին հազար հոդված կգրվի այսօր, բայց հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ պատմի, թե ինչպես գույնզգույն, թոթովախոս փոքրիկները առերեսեցին դահլիճում նստած մեծերին սեփական կենսագրության հետ, ու թե ինչպես Եղեռնի հիշատակության օրը ես առաջին անգամ լաց եղա ոչ թե անզորությունից, այլ՝ հպարտությունից:
…Գուցե ես սա չպիտի ասեմ, գուցե զինվորական լրագրողը իրավունք չունի նման բան ասելու, բայց շատ վաղուց ապրիլի 24-ին միակ զգացումը, որ արթնանում է իմ հոգում, շփոթմունքն է, անհարմարությունը: Ես չեմ կարող մարդկային հոսքի մեջ կողքիններիս հետ զրուցելով, մի փունջ ծաղիկ ձեռքիս Ծիծեռնակաբերդ բարձրանալ. այդ ճանապարհը ես մենակ եմ անցնում: Ու ամեն անգամ ես հասկանում եմ, որ չկա ավելի ծանր բան, քան երկխոսությունը սեփական պատմության հետ: Ես չգիտեմ՝ ինչ անեմ այս ծանր բեռը, որ ազգովի տանում ենք արդեն մեկ դար իրար փոխանցելով, ու շատ եմ ուզում հավատալ, որ ինչ-որ մեկը՝ հայի մի սերունդ, մի օր այդ բեռը ցած կդնի: Անչափ երախտապարտ կլինեմ, եթե մի իմաստուն ինձ ասի, թե որպես պարտաճանաչ ու ազնիվ հայ, ես ի՞նչ զգացում պետք է ունենամ Եղեռնի հիշատակության օրը: Պարտությա՞ն: Հաղթանակի՞: Ամոթի՞: Հպարտությա՞ն: Ցավի՞: Վրեժի՞: Պիտի մեղադրե՞մ աշխարհին՝ իմ մորթված նախնիներին չօգնելու համար, թե՞ պիտի շնորհակալություն հայտնեմ, որ, այնուամենայնիվ, անգլիական նավերը…
…Երբեմն իմ գլխում արտառոց մտքեր են ծնվում: Օրինակ՝ ես կարծում եմ՝ ոչ մի ազգ պարտավոր չէ օգնել մեկ ուրիշ ազգի: Եվ կա մի ճշմարտություն միայն՝ ուժն է ծնում իրավունք: Նույնիսկ ատելու իրավունքը միայն հզորներին է տրված, որովհետև ատելուց առաջ պիտի հիշես՝ եթե ատելությունդ չպարպվի, քեզ է ներսից խարխլելու: Ու եթե չես կարող ատելությունդ պարպել, ուրեմն՝ մի՛ ատիր, ուրեմն՝ փակի՛ր պատմության այդ էջը: Ավելին՝ պատմության գզրոցներից հանիր բարի թուրքերի մասին վկայություններ, ու եթե դրանք չկան, ինքդ հորինիր, որպեսզի կարողանաս ապրել: Հիմա հասկանո՞ւմ եք, որ այս տրամադրությամբ ու մտքերով ամենահարմար ընտրությունը «Ամենագետներ» հանրակրթարան գնալն էր: Ու հենց այդտեղ էլ ես նշեցի Մեծ եղեռնի հիշատակության օրը:
Նախակրթարանի տնօրեն Մելիքյան Գայանեն ինձ դուր եկավ առաջին հայացքից և ոչ այն պատճառով, որ նա գեղեցիկ, սիրալիր ու կիրթ կին էր; Պատճառն այլ էր: Ինձ հավուր պատշաճի ներկայացրին նրան, համեստություն անելով՝ չգիտեմ իմ մասին ասվածը, բայց այդքանից հետո Գայանե Մելիքյանն ընդհատեց մեր զրույցը, ասելով՝ ներեցեք, բայց հիմա պիտի գնանք. հանդեսն սկսելու ժամն է, չի՛ կարելի սպասեցնել փոքրիկների ծնողներին: Ես անմիջապես հավատացի նրան:
…Բեմում սգո ոչ մի խորհրդանիշ չկար, սա տրամադրությունս բարձրացնող հաջորդ իրողությունն էր: Բեմում միջոցառման կազմակերպիչ Անահիտ Ղազազյանն էր պարուսույց Վալենտինա Նիկողոսյանի եւ դաշնակահար Հռիփսիմե Հովհաննիսյանի հետ, ու ալ կարմիր հագած փոքրիկները, «Դլե յամանը» չհնչեց, ոչ ոք չասաց՝ մորթեցին ու բռնաբարեցին: Փոքրիկ, անուշ ձայները թոթովելով, տառերի մի մասը կուլ տալով՝ մեկը մյուսի հետևից սկսեցին պատմել՝ առասպելներն ու իրականությունը միահյուսելով: Մենք գնացինք սկիզբ: Փրկվեցինք Նոյի ջրհեղեղից: Արարելով ու պայքարելով շարժվեցինք առաջ, եկանք հասանք քրիստոնեությանը, հետո վանքեր ու եկեղեցիներ կառուցեցինք, կրթական ու լուսավորչական կենտրոններ, միասին խաչքարեր կերտեցինք, ձեռագիր մատյաններ, փառահեղ ճակատամարտերում հաղթեցինք, պարտվեցինք նաև, մեր երկիրը մեծացրինք ու փոքրացրինք, կորցրինք ու գտանք, այդ ընթացքում երգեցինք ու «Յարխուշտա» պարեցինք, հետո սահուն եկանք-հասանք Եղեռնին: Նույն հանգով հիշեցինք Եղեռնն ու առաջ անցանք, ոչ ոք չծնկեց, ոչ մի կերկերուն ձայն չհնչեց բեմից, շատ արագ, շտապելով հասանք հայոց բանակին, որ նրան հզոր ասենք ու հիշենք, թե նա ինչպես հաղթեց Արցախյան պատերազմում, և ինչպես հերոսացավ ապրիլյան քառօրյա կռվի օրերին,….Հետո նորից պարեցինք ու երգեցինք:
Երբ միջոցառումն ավարտվեց, ես Անահիտ Ղազազյանին չհարցրի, թե ինչու բեմում մեր ամբողջական պատմությունն էր, ոչ թե միայն Եղեռնն՝ իր ողբերգական անցուդարձով: Չհարցրի, թե ինչու էին մեր բռունցքները բարձր, և մեր դրոշները խոնարհված չէին, որովհետև առանց հարցնելու էլ ամեն ինչ պարզ էր: Ես միայն հարցրի այն, ինչը չէի հասկացել
-Ինչո՞ւ երեխաները ձեռքը սրտին բարձրացան բեմ, ու ձեռքը սրտին հեռացան, դա ի՞նչ էր խորհրդանշում:
Անահիտ Ղազազյանը այնպիսի հայացքով նայեց ինձ, իբր՝ ի՞նչ կա չհասկանալու, ու ասաց.
-Սիրտը հայրենիքի խորհրդանիշն է, ձեռքը սրտին նշանակում է սիրել հայրենիքը, ամուր պահել, սեղմել տաք ափով, գուրգուրել:
…Հետո ինձ ալ կակաչների մի մեծ փունջ նվիրեցին: Սովորաբար կակաչները մի քիչ գլխահակ են լինում: Իմ կակաչները ուղիղ, գլուխները ցից կանգնած էին այն ժամանակ, երբ իմ հայրենակիցները խոնարհված, ծաղիկները ձեռքին Ծիծեռնակաբերդ էին բարձրանում:
… Այս տարի էլ ես ապրիլի 24-ին չայցելեցի Եղեռնի հուշարձան, չտեսա խոնարհված սյուները (ատում եմ խոնարհված ամեն բան), խոնարհված ծաղիկները: Այդ օրը ես մեր տուն հրավիրեցի զինվորական ու լրագրող ընկերներիս: Մենք սևամորթ Ռիհաննայի երգերի տակ խոսում էինք այն մասին, որ մենք էլ սովորական ազգ ենք, բոլոր ազգերի նման: Ու ամենատառապածը չենք, ոչ էլ ամենաանհաջողակը: Որ հայրենիքը մի բուռ չի լինում, որովհետև հայրենիքը ձգվում է ոչ թե տարածության, այլ ժամանակի մեջ: Մենք սովորական ազգ ենք, մյուս ազգերի պես: Եղել է՝ նվաճել ենք, դարձել ծովից ծով, եղել է՝ կորցրել ենք, ինչպես կորցրինք Արևմտյան Հայաստանը, եղեռն ենք տեսել, հետո մեր հողերն ազատագրել ենք Արցախյան պատերազմում… Մենք սա ասում էին առանց ավելորդ հույզերի և չէինք փոխարինում Ռիհաննայի երգերը Անուշ և Ինգա Արշակյանների հայրենասիրական պոռթկումով, որովհետև մենք վստահ էինք, որ մի օր (չգիտեմ երբ) էլի ծովից ծով ենք լինելու, լեռից լեռ կամ օվկիանոսից օվկիանոս: Մենք ո՛չ հայրենիքի կենացը խմեցինք, ո՛չ էլ Եղեռնի զոհերի, որովհետև հայրենիքը մեզ համար դուրս է կենացի տիրույթից: Հետո ես նրանց համար բառ առ բառ կրկնեցի «Ամենագետներ» նախակրթարանի դաստիարակ Անահիտ Ղազազյանի խոսքերը.
-Սիրտը հայրենիքի խորհրդանիշն է, ձեռքը սրտին նշանակում է…
…Ռիհաննան լռել է, Պատրիսիա Կասն է երգում՝ «Եթե հեռանաս ինձնից…»: Մենք զինվորական ու լրագրող ընկերներով երգում էինք նրա հետ, սիրո մասին էինք երգում, երգում էինք ձեռքը սրտին դրած: 2017 թվականի ապրիլի 24-ին: Մեր անկախ հայրենիքի մայրաքաղաքում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #16 (1187) 26.04.2017 - 02.05.2017, Հոգևոր-մշակութային