Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԼԻՆԻ



Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում են ապրում Մկրտչյանները։ Օրերս նրանք գնացել էին N զորամաս՝ մասնակցելու իրենց որդու՝ Նաիրի Մկրտչյանի զինվորական երդման արարողությանը։ Նաիրին Մոսկվայում է ապրում, սակայն վերադարձել է Հայաստան, որպեսզի հայրենիքին իր պարտքը տա։

-Ճանապարհը երկար էր, մենք՝ անհամբեր։ Ու ճանապարհը տասն անգամ երկար թվաց մինչեւ հասանք զորամաս, առաջին զինվոր թոռս է,- հպարտություն, կարոտ, հուզմունք իրար խառնած՝ պատմում է զինվոր Նաիրիի տատիկը՝ Գյուլնազ Մկրտչյանը։

Զորամասում տոնական տրամադրություն էր։ Կուռ, ամուր կանգնած էին զինվոր տղերքը՝ մեր հող ու ջրի պաշտպանները։ Եվ բոլորն անխտիր ուզում էին է՛լ ավելի խրոխտ երեւալ, է՛լ ավելի ձիգ. չէ՞ որ հեռվից ծնողներն էին նայում, հարազատները։ Ու երդվում էին զինվորները, եւ հատու ու ազդեցիկ արտասանվող ամեն բառից հետո հավատդ է՛լ ավելի էր ամրանում՝ հայրենիքը իրոք հուսալի պաշտպաններ ունի։

-Զինվորական համազգեստով տղաներն այնքան նման էին իրար, որ թոռանս չէի կարողանում գտնել,- շարունակում է զինվորի տատիկը,- մտածեցի, լա՛վ, թոռս բարձրահասակ է, բոյով կտարբերեմ, բայց բոյ-բուսաթով շատ զինվորներ կային, ու էլի թոռանս չկարողացա գտնել։ Վերջը պարզվեց, մինչեւ մենք էս ու էն կողմ գնալով փորձել էինք մեր զինվորին գտնել, ինքն արդեն երդվել էր ու ձիգ կանգնել շարքում։

Մկրտչյանները դրական տպավորություններով են վերադարձել. զորամասում կարգուկանոն էր, մաքրություն, սնունդը լավ էր, տեղի բնությունն էլ՝ շքեղ ու անկրկնելի։ Ու ամենակարեւորը՝ Նաիրին էլ գոհ է։

Զինվորի քույրը՝ Նարինեն, այնքան է ոգեւորվել, որ անկեղծանում է. «Երանի ես էլ տղա լինեի ու մեր բանակում եղբորս կողքին ծառայեի»։

Պատվով եւ արժանապատվորեն, պարզճակատ կծառայի Նաիրին, ու իր զինվոր ընկերների հետ կպաշտպանեն մեր հայրենիքը։

-Մեր բոլոր-բոլոր զինվորներին առաջին հերթին խաղաղություն եմ մաղթում։ Թող ամեն օրը բացվի խաղաղ եւ անփորձանք։ Որ խաղաղություն լինի, մնացած ամեն ինչ էլ կլինի։ Մեր զինվորներն էլ թող արժանապատվորեն ծառայեն, որ խաղաղությունն է՛լ ավելի հաստատուն լինի- բարեմաղթում է զինվորի տատը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Բանակ և հասարակություն


27/07/2011