ՈՐԴԻՍ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Մեկ ամիս առաջ որդուս՝ Արմեն Սարգսյանին, ճանապարհեցինք ծառայության։ Իսկ այսօր գնում ենք մասնակցելու երդման հանդիսավոր արարողությանը։
Դեպի զորամաս ձգվող երկար ու ձիգ ճանապարհը թվում էր անվերջ ու անսահման։ Ընկել էի անցյալի հուշերի ու մտորումների գիրկը։ Փորձում էի վերհիշել անցած այն 20 տարիները, թե ինչպես մեծացավ որդիս։ Մեծացավ, հասունացավ, ավարտեց Երեւանի ճարտարագիտական համալսարանը եւ պատրաստակամություն հայտնեց ծառայելու հայրենիքին։ Զինվորագրվեց ու գնաց իր պարտքը կատարելու։
Կարծես երեկ էր։ Հավաքվել էին բարեկամներն ու հարազատները, ընկերները։ Եկել էին բարի ճանապարհ, բարի ծառայություն մաղթելու։ Արմենս մի տեսակ մոլորված էր, շփոթված։ Հավանաբար, դեռ չէր պատկերացնում այն մեծ պատասխանատվությունը, որ դրված էր իր ուսերին, չէր պատկերացնում իր առջեւ բացվող նոր ճանապարհի արժեքն ու կարեւորությունը։ Եվ երբ հաջորդ օրը մայրական ջերմ համբույրով ճանապարհեցի, զգացի, որ նրա աչքերում այլեւս շփոթմունք չկար. մի գիշերվա մեջ փոխվել էր որդիս ու դարձել իսկական տղամարդ։ Ձեռքերով սրբեց արցունքներս ու հուսադրող աչքերով նայելով ինձ` ասաց, որ բարձր կպահի ընտանիքի պատիվը։
-Գնա՛, որդի՛ս, իմ զինվո՛ր բալա, գնա՛ ու պաշտպանի՛ր հայրենիքդ։ Չմոռանաս, որ տանը անհամբերությամբ ու կարոտով քեզ են սպասում ծնողներդ, եղբայրդ, քույրդ, պապիկդ, տատիկդ եւ բոլոր մյուս հարազատներդ։
Շուտով երեւաց երկար ու ձիգ ճանապարհի վերջը։ Հասանք զորամաս, որը տեղակայված էր մի մեծ լեռնաշղթայի ստորոտում։ Դեռ հեռվից նկատեցինք զորամասի հրապարակում շարք կանգնած զինվորներին։ Զենքը ձեռքներին կանգնած էին քաջ։
-Դե արի՛ ու գտի՛ր քո զինվոր որդուն։
Հանդիսավոր շքերթից հետո սկսվեց երդման արարողությունը։ Արալեռցի արծիվ-զինվորների խրոխտ ձայնը դղրդաց լեռներում ու գուցե հասավ մինչեւ թշնամուն՝ մեկ անգամ եւս հավաստելով, որ արթուն ու զգոն են հայ զինվորները։
Զորամասի սպայական անձնակազմը ամեն ինչ արել էր տոնի հանդիսավորությունն ապահովելու եւ զինվորների պատրաստվածությունը լավագույնս ցուցադրելու համար։ Մեղմ քամու տակ ծփացող եռագույնը հպարտությամբ էր տոգորում բոլորիս սրտերը։
Ավարտվեց երդման արարողությունը։ Քիչ հետո գտա որդուս, փարվեցի, համբուրեցի արեւակեզ դեմքը ու առաջին անգամ զգացի զինվորի արեւոտ բույրը։ Արցունքներս զսպեցի, որովհետեւ հպարտության զգացումն ավելի էր։ Հպարտ էի, որ որդիս առնական զինվոր է, հպարտ էի, որ ես զինվորի մայր եմ։ Նայեցի վերեւ, աչքերս հառեցի անսահման կապույտին ու հոգուս խորքում շշնջացի. «Փա՛ռք քեզ, Տեր Աստված, դու պահապան եղի՛ր այս քաջ զինվորներին։ Տո՛ւր նրանց ուժ, կորով ու զորություն, որ նրանք խաղաղ ու անփորձանք ծառայեն եւ վերադառնան իրենց ընտանիքները։ Շենացնեն իրենց օջախները, նոր ընտանիքներ կազմեն եւ բազում արի զավակներ պարգեւեն հայրենիքին։
Փա՛ռք քեզ, Տեր Աստված»։
Մայրական օրհնանքս թող հասանելի լինի բոլոր զինվորներին, սպայական անձնակազմին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը անմնացորդ նվիրաբերել են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։
Զինվորի մայր՝
ԱՐՈՒՍՅԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ