ԲԱՆԱԿԸ ԹԵՎԱԿՈԽԵԼ Է ՀԶՈՐԱՑՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ. համոզված են «Աֆղանցիները»
«Աֆղանցիներին»՝ բարձրահասակ ու թիկնեղ այս տղաներին հեշտ է զանազանել հազարի մեջ, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ հեռվից ճանաչել։ Նրանք դեռեւս ամուր ու կորովի տեսք ունեն, թեեւ նրանցից շատերի քունքերը վաղուց սպիտակել են։ Շաբաթն առնվազն մեկ անգամ, հատկապես աշխատանքից ազատ օրերին, նրանք հավաքվում են Պուշկինի փողոցում գտնվող իրենց միության գրասենյակում՝ միմյանց տեսնելու, միմյանցից տեղեկանալու… Բայց, միեւնույն է, «աֆղանցի» վետերանների նման ամեն մի հանդիպում զուտ նրանց հուզող, այսպես ասած, առտնին խնդիրներից աննկատ վերածվում է պետությանը, հատկապես բանակին վերաբերող հարցերի քննարկումների։ Եվ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել. մեծ է նրանց ներդրումը բանակաշինության գործում, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում։ Այստեղ առանձին հպարտությամբ են տալիս նախկին «աֆղանցիներ»՝ Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի, գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցի (Աֆղանստանում գործող խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ), Արտյուշա Հարությունյանի, Բասենցի Ազոյանի, Կամո Քոչունցի, Ստեփան Միրզոյանի, Տիգրան Գասպարյանի եւ շատ ու շատ նվիրված ու հայտնի զինվորականների անունները եւ, որպես օրենք, վերջում վերհիշում Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ ասված 1998թ. օգոստոսին. «Ազգային բանակի հիմքում «աֆղանցիներն» են կանգնած եղել»։ Այնպես որ, այս քաջ ու հայրենասեր տղաներին միավորում են ոչ միայն բախտակից լինելը՝ մասնակցությունը Աֆղանական պատերազմին, Արցախյան ազատամարտին, այլեւ սերն ու մտահոգությունը սեփական ժողովրդի վաղվա օրվա հանդեպ, պետության եւ բանակի առաջընթացի ու զարգացման խնդիրները… «Դեռ վաղ է «աֆղանցիներին» դուրս գրել,- կատակում են նրանք,- մեր բազուկները դեռ ամուր են»։ Քանի դեռ սահմաններում անհանգիստ է, քանի դեռ հաշտություն կնքված չէ, քանի դեռ խաղաղ պայմաններում զինվոր է զոհվում, համոզված են նրանք, իրենք իրավունք չունեն ձեռքները ծալած նստելու եւ հայրենիքում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձություններին կողքից նայողի դեր ստանձնելու։ «Աֆղանցի» տղաների աչքերին նայելով, վերհիշելով նրանց անցած դժվարին ուղին՝ չես կարող, իրավունք չունես մազաչափ անգամ կասկածելու նրանց խոսքերին։
♦♦♦
ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունում նստած զրուցում եմ միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, պահեստի գնդապետ Արմեն Մխիթարյանի հետ։ Սեղանին օրվա մամուլն է։
-Որքան հզոր է տպագիր խոսքը,- հայացքը թերթերին՝ ասում է միության նախագահը։ -Նորից ծանոթանալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովում հանրապետության նախագահի եւ պաշտպանության նախարարի ելույթներին՝ ես համոզվեցի, որ իսկապես մեր երկիրն ու բանակը այսօր թեւակոխում են զարգացման ու հզորացման որակական նոր փուլ։ Այդ փուլը նշանավորվում է երիտասարդ սպաների՝ նոր սերնդի դերի ու պատասխանատվության խոր գիտակցումով։ Կարդամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ընդամենը մի քանի տող, որը ես հատուկ ընդգծել եմ. «Սպայակազմը պետության ողնաշարն է: Այն ամուր է եւ ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմը: Որեւէ երկրի ողնաշարը ջարդելու մի ճանապարհ կա` ոչնչացնել սպայակազմը: Սա նշանակում է, որ դուք մտավորականության այն թեւն եք, որ թշնամու առաջին թիրախն է: Այսպիսով, դուք եք հայրենիքի առաջին պատվարը, եւ մենք` իշխանություն ու ժողովուրդ, գիտենք դա: Գիտենք եւ ձեզ համար պատրաստ ենք անելու հնարավորն ու անհնարինը: Առաքելություն իրականացնելու առումով դուք մեր հասարակության ամենապատրաստված շերտն եք` թե՛ հոգեբանորեն, թե՛ գիտելիքներով, թե՛ ֆիզիկապես»։ Սերնդափոխությունը բանակում արդեն անառարկելի փաստ է, եւ այդ փաստը մեր բանակի հասունության, հզորության ցուցիչն է։ Իմ կարծիքով՝ այդ միտքն է կարմիր թելի պես անցնում նախագահի եւ պաշտպանության նախարարի ելույթներում։ Սա է, կրկնեմ, իմ կարծիքով, ամենագլխավորը այդ հավաք-կոնֆերանսում, իսկ արծարծված մյուս խնդիրները թերեւս կարելի է օրակարգային համարել։ Օրինակ…
Նրա խոսքն ընդհատում է բացվող դռան ձայնը։
-Սպասենք տղաներին, հիմա մեկ-մեկ կգան-կհավաքվեն։ Հետաքրքի՞ր չէ նրանց կարծիքն էլ իմանալ։
Գլխով եմ անում։ Ծանոթանում եմ Վարդան Ավետիսյանի հետ։ Ծառայել է Աֆղանստանի Ղազնի նահանգում, հատուկ նշանակության դեսանտային զորքերում։ Զորացրվել է 1988թ.։ 1989-ին արդեն «Աֆղանցիներ» ջոկատում կռվել է Կոռնիձորում, Շուռնուխում։ Հպարտ է նախ Շուշիի ազատագրման մարտերին մասնակցություն ունենալու եւ ապա՝ պատերազմից հետո Վազգեն Սարգսյանի առաջարկով նորաստեղծ բանակում ծառայության անցնելու համար։
-Տանել չեմ կարողանում բոլոր նրանց, ովքեր տեղի-անտեղի քննադատում են բանակը։ Ով տեսել է մեր բանակի կազմավորման դժվարին ընթացքը, թե ինչ տառապանքով, ինչպիսի տղաների ջանքերով է ստեղծվել, ինչ հերոսական մարտեր է տվել ու հաղթել, լեզվին չի տա։ Մեր բանակը մեր ընկած ընկերների արյան գնով է ստեղծվել…
-Մենք խոսում ենք բանակի այսօրվա եւ մանավանդ վաղվա օրվա մասին։ Դու լսեցի՞ր պաշտպանության նախարարի ելույթը,- փորձում է Վարդանի եռանդուն խոսքն ուղղորդել միության նախագահ Արմեն Մխիթարյանը։
-Չէ, չեմ լսել, բայց կարդացել եմ եւ համաձայն եմ, որ վաղվա օրը երիտասարդության ձեռքերում է։ Հեշտ չէ հրամանատարների նոր սերունդ մեծացնել-դաստիարակել։ Սերնդափոխության հարցը միշտ էլ դժվարին հարցերից մեկն է։ Սակայն, իմ կարծիքով, պատերազմ տեսած տղաների փորձը, վճռականությունը, կոփվածությունը մեզ դեռ շատ երկար են պետք գալու։ Այդ տղաները գիտեն, թե ինչ է պատերազմը, ուրեմն եւ գիտեն բանակի գինը։ Հանրապետության նախագահը իր ելույթում այսպիսի ակնարկ արեց, հիշո՞ւմ եք, ասում էր, որ թշնամին ձեզնից վախենում է, որովհետեւ աչքի առաջ ունի ձեր հայրերի եւ ավագ եղբայրների օրինակը: Մեր ժողովուրդն ամեն ինչ միանգամից է ուզում։ Միանգամից եւ առանց թերությունների։ Բոլորն ուզում են, բայց ոչ մեկը չի հարցնում, թե դու ինքդ բանակին ի՞նչ ես տվել…
-Տվել է ամենաթանկը՝ իր որդուն,- հնչում է մեկի ձայնը։
Շուռ ենք գալիս ձայնի ուղղությամբ։ Վետերանների միության նախագահը ծանոթացնում է. «Զալիբեկ Առաքելյանն է, նախկին սերժանտ։ Ծառայել է Աֆղանստանի Բաղրամ նահանգում»։
-Շնորհակալությո՞ւն ասենք,- նույն՝ անառարկելի տոնով շարունակում է Վարդան Ավետիսյանը՝ ուղիղ նայելով Զալիբեկի աչքերի մեջ։ -Այդ քո ասած տղան բանակ է գնում նաեւ ի՛ր տունը, ի՛ր հորը, մորը, ընտանիքը պաշտպանելու։ Բա նրա փոխարեն ո՞վ պետք է ծնողներին պաշտպանի… Չէ՜, մեր ժողովրդի մտածողությունը պիտի փոխվի։
-Իմ կարծիքով, որքան խստանա կարգուկանոնը, որքան առաջին պլան մղվի օրենքը, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ու պատասխանատվությունը, այնքան կպակասի քննադատական խոսքը,- զրույցին միանում է ՆԳ փոխգնդապետի ուսադիրներով նախկին «աֆղանցի» Սամվել Սմբատյանը։ -Մենք բոլորս ծառայել ենք, կռվել ենք, պատերազմել եւ մեզնից լավ ոչ ոք չգիտե, թե ինչ բան է զինվորական կարգուկանոնը։ Կարգուկանոն ամեն տեղ է պետք՝ թե՛ տանը, թե՛ ընտանիքում, թե՛ պետության մեջ եւ թե՛, մանավանդ, բանակում։ Այստեղ բոլորի ձեռքին զենք կա, իսկական կրակող զենք։ Օրենք եւ կարգուկանոն պետք է լինի։ Կարգուկանոնը բանակի հիմքն է։ Պաշտպանության նախարարն իր ելույթում շատ հստակ ասաց, որ ամեն ինչ արվելու է կարգապահությունը բանակում ամրապնդելու եւ խորացնելու համար։ Կարծեմ` նույնիսկ խոստացավ բոլոր այն սպաներին, որոնք «Կարգապահության ամրապնդման կիսամյակում» աչքի են ընկել, պարգեւատրել։ Հրաշալի բան է, հրաշալի նախաձեռնություն. սա չի կարող դրականորեն չանդրադառնալ ամբողջ բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման վրա։ Սակայն, իմ կարծիքով, կարգապահական խնդիրները բանակում չպետք է սահմանափակվեն որոշակի ժամանակահատվածով՝ կիսամյակով, անգամ տարով։ Կարգապահությունը, օրինավորությունը պետք է լինեն ամենօրա եւ ամենժամյա ուշադրության առարկա, մեկընդմիշտ։ Այնպես որ՝ եկեք չքննադատենք իր զինվոր որդու համար մտահոգվող, անհանգիստ ծնողին։ Զինվորը, ինչպես դիպուկ նկատեց նախարարը, բանակի ամենամեծ արժեքն է, եւ բոլորը՝ ավագ հրամանատարից մինչեւ կրտսերը, պետք է դողան զինվորի մազի համար՝ ծնողի պես։ Թույլ տվեք մի բան էլ ասեմ…
-Ո՛չ, թույլ չենք տալիս։ Դու թույլ տուր, որ մի բան էլ մենք ասենք։ Մի գլուխ օրենքից ես խոսում։ Սպան էլ, զինվորն էլ ամենից առաջ մարդ են։ Մարդկությունից խոսիր։ -Ծանոթանում եմ եւս մի «աֆղանցու»՝ Էդվարդ Վարդանյանի հետ։ Նա 1983-84թթ. ծառայել է Աֆղանստանի Շենդանտ քաղաքում։ -Եթե սպան, հրամանատարը մարդկային չեղավ՝ խիղճ, բարոյականություն չունեցավ, ո՛չ մի խստություն, ո՛չ մի օրենք չի փրկի։ Մենք ազգովի պետք է բարձրացնենք ուսադիրով մարդու պատիվը։ Այդ մարդը պետք է իմանա, որ ինքը պետության դեմքն է եւ պետության առաջ պատասխանատու է։ Երբ սպան տեսավ, որ ինքը միավոր է, արժեք ունի, պետության մեջ կարեւոր դերակատարություն ունի, գնահատված է, հաստատ լավ կծառայի։ Թե չէ՝ օրենք հա օրենք։ Հայ սպային մենք պետք է բարձրացնենք, պետական արժեք դարձնենք։ Նա պետք է գնահատվի թե՛ պետության, թե՛ հասարակության կողմից…
-Ինչպե՞ս…
-Շատ հանգիստ։ Հազար ու մի միջոց կա։ Հասարակությունը բացի ղեկավար, բարձրաստիճան սպայակազմից, ուրիշ ո՞ւմ է ճանաչում։ Ոչ մեկին։ Ինչպե՞ս ճանաչի, եթե նրան չեն ներկայացնում, ցույց չեն տալիս։ Նրա մեծադիր նկարը փողոցների, խաչմերուկների ամենաերեւացող տեղում չեն փակցնում։ Ես նկատի չունեմ ինչ-որ վերացական զինվորի կերպարը, այլ կոնկրետ սպայի՝ հասցեական, անունով-ազգանունով։ Ո՞վ գիտի, ասենք, մեր ընկերոջ՝ նախկին «աֆղանցի» Գեւորգ Գեւորգյանի մասին, որն այս էլ քանի տարի լուռ ու մունջ, առանց դժգոհելու սարերի գլխին սահման է պահում։ Ախր, այդ մարդն էլ է մահկանացու, ընդամենը մի կյանք ունի ու այդ կյանքն անցկացնում է տնից, ընտանիքից հեռու… Եկեք նրա նկարը փակցնենք գովազդային վահանակների վրա. մի՞թե Գեւորգը մի լղարիկ, ծվծվան ձայնով երգչուհի չարժե՞։ Թող Գեւորգի մասին ֆիլմ նկարահանեն ու ժողովրդին ցույց տան։ Թող ժողովուրդը տեսնի, թե ինչ բան է սահման պահելը, ով է հայրենիքի իրական պաշտպանը, եւ ընդհանրապես ի՞նչ ասել է հայ սպա։ Գեւորգի նման քանի՞ սպա կունենանք։ Համոզված եմ՝ շատ։ Ռուսները ցույց են տալիս, թե ինչպես է իրենց սպան առանց հոգնելու տասնյակ կիլոմետրեր վազում՝ իր բեռն ուսած, զենքը ձեռքին, ո՛չ ջրում է խեղդվում, ո՛չ հրդեհում վառվում, չի ընկնում, չի կոտրվում, ոչնչից չի ընկճվում, չի պարտվում։ Ժողովուրդը տեսնում եւ հասկանում է, թե ինչ ասել է՝ իսկական սպա՝ ռուս սպա։ Իսկ մենք մեր ժողովրդին ի՞նչ ենք ցույց տալիս՝ անճաշակ սերիալներ, գիշեր-ցերեկ զորամասում անգործ թրեւ եկող զինվորներ, որոնք պարապությունից կամ իրար գլխի, կամ հրամանատարի գլխին «փոստեր» են անում։ Հրամանատարներն էլ՝ կիսագրագետ, թերուս, մի քիչ էլ հաստագլուխ… Բա մեր հաղթական բանակում մի կարգին սպա ու հրամանատար չկա՞, բա մեր բանակը մի կարգին, լուրջ ֆիլմի արժանի չի՞։ Բա ո՞ւմ օրինակով ենք ուզում սերունդ դաստիարակել։ Ես կուզենայի, որ պաշտպանության նախարարն իր ելույթում նաեւ այդ մասին խոսեր։ Բա հասարակությունն ինչպե՞ս իմանա, որ սպան արժեք է, այն էլ՝ մեծ։
-Պաշտպանության նախարարն իր ելույթի վերջում, իմ կարծիքով, այդպիսի նկատառում հայտնեց, ասելով՝ մենք անելու ենք հնարավորը, որ հայ սպայի կերպարը՝ գործն ու վարքագիծը ամենադրվատելին ու օրինակելին լինեն,- միջամտում է միության նախագահ Արմեն Մխիթարյանը։ -Բայց դու ճիշտ ես ասում՝ մեր ժողովուրդն իր լավագույն սպաներին դեմքով չի ճանաչում։ Երկրորդական կարգի դերասանին, միջակ սերիալի միջակ դերասանին ճանաչում են փողոցում, մատով ցույց տալիս, բայց ազգ ու պետություն պահող հերոս սպային չգիտեն։
Ես նախարարի ելույթի կարեւոր շեշտադրումներից եմ համարում ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հատվածը։ Նախարարը խոստացավ, որ կրթական բարեփոխումները բանակում առաջիկայում է՛լ ավելի կընդլայնվեն եւ կապահովեն բազմաստիճան ռազմական կրթություն։ Մեր բանակի ապագան իսկապես պետք է լինի բարձր, եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն ունեցող սպաների ձեռքում։ Մեր բանակը ղեկավարելու պետք է գան նոր մտածողություն ունեցող, եվրոպական չափանիշներով կրթված ու դաստիարակված, երեկվա՝ հին մտածողության բեռը, որ արդեն խանգարում է, թոթափած սպաները…
-Եվրոպայի անունը, ի սեր Աստծու, մի տվեք։ Մանկո՞ւրտ դաստիարակենք…
-Ինչո՞ւ մանկուրտ, մա՛րդ դաստիարակենք, բարձր կարգի սպա դաստիարակենք։ Մենք պարտավոր ենք համաքայլ ընթանալ աշխարհին։ Իսկ աշխարհը շատ առաջ է գնացել։ Նոր սերնդին նոր երգեր են պետք, իսկ մենք դեռ հին երգերն ենք կրկնում։ Մենք կարող ենք, թերեւս, մեր տնտեսությունը ոտքի կանգնեցնել, բայց, նախ, մեր մտածողության մեջ պետք է փոփոխություն արվի։ Համաեվրոպական արժեքներին, չափանիշներին հետեւել չի նշանակում՝ անցյալը մոռանալ։ Եվրոպական մի փոքրիկ քաղաքի քաղաքապետարանում ինձ ցույց տվեցին քաղաքապետի աթոռը, որի վրա մոտ 200 տարի նստում են իրար հետեւից անցնող քաղաքապետերը, եւ ոչ ոքի մտքով չի էլ անցնում այդ աթոռը նորով փոխարինել։ Միայն ամեն անգամ հերթական քաղաքապետի անունն է փորագրվում այդ փայտե մաշված աթոռի թիկնակին։ Սա, ինչ է, հիշողության կորո՞ւստ է։ Չգիտեմ։ Ես մեր բանակի վաղվա օրը տեսնում եմ լավ, պրոֆեսիոնալ կրթություն ստացած երիտասարդ սպաների ձեռքերում։ Նրանք իրենց հետ կբերեն նոր գիտելիք, նոր մտածողություն։ Նախարարն իր ելույթում հստակորեն տվեց մեր բանակի վաղվա օրվա պատկերը, եւ մեր բանակն իսկապես զարգացման նոր փուլ է մտնում։
…Այսպե՛ս է (մտորում եմ ինքս ինձ). ոչ մի եվրոպական կրթություն չի փրկի մեզ, քանի դեռ մենք սեր չենք դրել մեր գործի մեջ, քանի դեռ մենք իսկական, ճշմարիտ սիրով չենք սիրել մեր հայրենիքը, մեր բանակը։ Միայն այս դեպքում մենք կունենանք այն բանակը եւ այն հայրենիքը՝ հզոր ու անպարտ, որի մասին երազում ենք ամեն օր, ամեն ժամ… Այդպես չէ՞։
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր
Լուս.` ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ