Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ



ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանով հուլիսի 7-26-ը հրետանային ուսումնական զորամասի բազայի վրա ճամբարային հավաք է կազմակերպվել Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրս փոխադրված կուրսանտների համար։ Այստեղ կուրսանտներն ապրում են զորամասային լիարժեք կյանքով, ուսումնասիրում զինվորական առօրյան, մասնակցում բուժծառայության աշխատանքների կազմակերպմանը։

Մանրամասնորեն պարզաբանելով հավաքի կազմակերպման նպատակները, ռազմաբժշկական ֆակուլտետի պետ գնդապետ Սամվել Գալստյանն ասաց.

-Այս հավաքից անմիջապես հետո անցկացվելու է «Ամառ-2011» բժշկամարտավարական զորավարժությունը, եւ մենք ձգտում ենք, որ մեր կուրսանտներն իրենց տեսական գիտելիքները վերածեն գործնական հմտությունների եւ դրանք կիրառեն հիշյալ զորավարժության ընթացքում։ Ասեմ,- շարունակեց գնդապետը,- որ զորավարժության ժամանակ կուրսանտները ներկայանալու են որպես զորամասերի բուժծառայության պետեր, բուժկետի պետեր, սանհրահանգիչներ եւ նման այլ ղեկավար ու պատասխանատու ծառայողներ։ Կարեւորվում է տարբեր իրադարձություններում՝ խաղաղ ժամանակաշրջանում, զորամասի տեղաշարժերի ընթացքում կամ պատերազմի պայմաններում բուժաշխատողների գործողությունների համադրումը զորամասի խնդիրների կատարմանը, բուժաշխատողի զեկույցները զորամասի հրամանատարին, վերջինիս հրամանների կատարումը եւ տարբեր իրադրություններում բուժծառայության պետի որոշումների ընդունումը։ Համոզված ենք (մենք երկրորդ անգամ ենք նման զորավարժություն անցկացնում), որ միջոցառումը շատ կարեւոր է փորձ, վստահություն, որոշումներ կայացնելու համարձակություն ձեռք բերելու գործում։ Ուսումնական հաստատությունից զորամասեր գնացող բժիշկներն ամբողջովին պետք է տիրապետեն իրավիճակին, ունենան որոշակի փորձ եւ անհրաժեշտության դեպքում հանդես բերեն նախաձեռնություն։ Հենց այդ նպատակով էլ ծրագրել ենք հաջորդ տարվանից համալսարանի մեր ֆակուլտետ ընդունված առաջին կուրսեցիներին գործուղել այստեղ, որպեսզի նրանք անցնեն, ուսումնասիրեն երիտասարդ մարտիկի ուսումնական ծրագիրը, ծանոթանան զորամասային ծառայությանը եւ զինվորի կյանքով ապրելու փորձ ձեռք բերեն։ Զորամասի հրամանատար գնդապետ Արմեն Հարությունյանն արել է ամեն ինչ, որ մեր կուրսանտների համար խնդիրներ բոլորովին չլինեն, եւ նրանք ճամբարային հավաքի ծրագիրը կատարեն հաջողությամբ։

♦♦♦

Լսարանում հերթական դասախոսությունն էր ընթանում։ Ռազմական թունաբանության, ճառագայթաբանության եւ բժշկական պաշտպանություն առարկայից բժշկական հագեցվածության եւ բժշկական պաշտպանության միջոցներն ու օգտագործումը թեմայով դասախոսությունը վարում էր կապիտան Լուսինե Հովհաննիսյանը։ Կուրսանտներն առաջին անգամ էին փորձարկում հակագազը եւ պաշտպանական մյուս միջոցները։ Կապիտան Լ. Հովհաննիսյանը նրանց պարզաբանում էր պաշտպանական միջոցների կառուցվածքն ու թունավորված միջավայրում մարդուն մաքուր օդով ապահովելու հնարավորությունը։ Թեմայի պարզաբանմանը եւ օգտագործվող միջոցների փորձարկմանն ակտիվորեն էին մասնակցում կուրսանտներ Վահան Վարդանյանը, Նարեկ Սահակյանը, Արմենակ Արմենակյանը, Գեւորգ Հարությունյանը, Նարեկ Շահսուվարյանը, Գեւորգ Միրզոյանը, Բագրատ Հովհաննիսյանը, Մխիթար Հարությունյանը, Արմեն Ղազարյանը..

-Տղաներից գոհ եմ, բոլորը ձգտում են սովորել, յուրացնել առարկայի նրբությունները։ Կարեւորն այն է, որ գիտակցում են ազգային բանակի սպա լինելու իրենց պատասխանատվությունը, այսինքն՝ սպային անհրաժեշտ գիտելիքներ, պատրաստվածություն ունենալ, տիրապետել համազորային եւ մյուս կարեւոր առարկաներին,- ասաց կապիտան Լուսինե Հովհաննիսյանը։

♦♦♦

Զրուցեցինք նաեւ կուրսանտական վաշտի հրամանատար կապիտան Հովհաննես Խուրշուդյանի հետ։

-Մեր ապագա բժիշկներն ապրում են զորամասի օրվա կարգացուցակով։ Առավոտյան վերկացին բոլորը մեկ մարդու պես դուրս են գալիս, վազում, կատարում լիցքային վարժություններ, այնուհետեւ նախաճաշում։ Ֆիզիկական եւ շարային պատրաստության պարապմունքներին հաջորդում են մասնագիտական առարկաները, որոնք արդեն անցկացնում են ֆակուլտետի դասախոսները։ Պարապմունքները տեւում են մինչեւ 17.00-ն, որից հետո տղաները զբաղվում են ինքնապատրաստությամբ։ Մեր կուրսանտները կարգապահ են, ֆիզիկապես պատրաստված եւ հաջողությամբ են հաղթահարում պարապմունքների ծանրաբեռնվածությունը,- ասաց վաշտի հրամանատարը։

Ա. Ն.

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/07/2011