ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՐԱՆՏ ԴԻՆՔ
ՕՇԻՆ ՉԻԼԻՆԳԻՐ
Դինքի սպանությունից որոշ ժամանակ անց՝ 2007 թ. փետրվարի 16-ին, Օշին Չիլինգիրը՝ Հրանտ Դինքի մտերիմ ընկերը, հոդված էր հրապարակել, որտեղ Հրանտ Դինքին համեմատում է Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից սպանված փաստաբան, գրող և պատգամավոր Գրիգոր Զոհրապի հետ: Հոդվածը, որոշ իմաստով, ոչ վաղ անցյալի պատմության վերլուծություն-խրատ է:
Մոտ 100 տարի անց Հրանտ Դինքն արժանացավ Գրիգոր Զոհրապի ճակատագրին: Այս երկու մտավորականների առաքելության, գաղափարների և գործունեության նմանությունը շշմեցուցիչ է: Առավել զարմանալի է նրանց բնավորության նմանությունը՝ զգացմունքային, ուրախ, անվախ, ամբողջովին անկեղծ:
Ամեն անգամ, երբ հիշում եմ Գրիգոր Զոհրապին, մշտապես աչքերիս առաջ է գալիս Միջագետքի այդ անծայրածիր հարթավայրը: 1915թ. հուլիս: Ձիավոր զինվորների խմբի հսկողությամբ աքսորյալների մի խումբ ծանր-ծանր քայլում է այս հարթավայրի վրա, փոշու ամպը ուղեկցում է քարավանին:
Քարավանը հոգնած, լուռ և սարսափած է: Տապը բազմապատկում է այս վախը, մարդուն զրկում է բանականությունից, մահը գերիշխում է մտքին ու բանականությանը: Իրավիճակը կարելի է արտահայտել Նազըմ Հիքմեթի գլուխգործող համարվող Շեյխ Բեդրեդդինի դեստանից վերցված հետևյալ տողերով.
Տապը տաք էր,
Տապը ծայրն արյունոտ կույր դանակ էր…
Միջագետքի հարթավայրով առաջ ընթացող այս քարավանից փրկվածներն իրենց ողջ կյանքում չմոռացան Ստամբուլի պատգամավոր Գրիգոր Զոհրապի արյունարբու սպանությունը: Ո՛չ ատրճանակ, ո՛չ սուր և ո՛չ էլ ծայրն արյունոտ կույր դանակ: Զոհրապին սպանեցին` քարերով գլուխը ջախջախելով: Միություն և առաջադիմություն կուսակցությունը, նկատի ունենալով, որ զոհը մտավորական է, Զոհրապի համար արժան էր համարել սպանության ամենաարյունարբու և անմարդկային ձևը:
Գրիգոր Զոհրապի մարդասպանի՝ Չերքեզ Ահմեդի երեխաներին և թոռներին՝ որպես ժառանգություն, մնացել է այս սպանության պատմությունը: Իսկ Զոհրապից մնացել են իր ապրած ժամանակաշրջանի մասին վկայող պատվավոր մտավորականի հոգևոր արժեքները:
1915թ. ուղիղ 92 տարի անց արևոտ հունվարյան մի օր Ստամբուլի սրտում, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ սպանվեց մեկ այլ հայ մտավորական՝ Հրանտ Դինքը: Հանցագործը Չերքեզ Ահմեդի հոգևոր ժառանգ 17-ամյա Օգյուն Սամասթն էր: Այս երկու հանցագործության որոշում կայացնողը նույն ոճրագործության ցանցն էր՝ Միություն և առաջադիմության կուսակցության երակը:
Ինչպես Գրիգոր Զոհրապից, այնպես էլ Հրանտ Դինքից մնացել են իր ապրած ժամանակի մասին վկայող անվախ, պատվավոր և նրբանկատ մտավորականի հոգևոր արժեքները: Տեսնում ենք, որ 20-րդ դարի առաջին տասնամյակում սպանված Զոհրապից մինչև Դինք ձգվող արժեքները միմյանց լրացնում են, նման են իրար: Թույլ տվեք քննելու այս հոգևոր արժեքների առանցքային կետերը:
Զոհրապի և Հրանտ Դինքի ինքնությունը երեք տարրերի սինթեզ է: Միմյանց լրացնող այս տարրերից առաջինը համայնքի խնդիրներին ունկնդիր լինելու առանձնահատկությունն է, որը բնորոշ է երկուսին էլ:
Կարծես այս երկու մտավորականներից յուրաքանչյուրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որը տարված էր իր համայնքում լուսավորություն տարածելու առաքելությամբ: Զոհրապը Օսմանյան կայսրության ժողովուրդների խճանկարը կազմող հիմնաքարերից մեկի՝ հայերի ներկայացուցիչն էր և պատվով էր կատարել իր ստանձնած պարտավորությունը տարբեր միջավայրերում: Մոտ մեկ դար անց նույն առաքելությունն ստանձնում է Հրանտ Դինքը: Ժամանակի ընթացքում, ոչ իր կամքով, դառնում է համայնքի աշխարհիկ ներկայացուցիչն ու առաջնորդը:
Զոհրապը կառավարման, կրթական, կրոնական, արվեստի և էթիկայի բնագավառում պայքարում էր, որպեսզի փոխվեն այն պայմանները, որոնցում հայտնվել էր իր համայնքը: Լավատեսությունը նրա գաղափարախոսության և գործունեության հիմնական մղիչ ուժն էր:
Մոտավորապես մեկ դար հետո Հրանտը պայքար էր մղում նույն խնդիրների դեմ: Նա իր ուսերին էր վերցրել համայնքի հարյուրամյա մենությունն ու գոյության հիմնական խնդիրները: Մի կողմից պայքարում էր հայկական ինքնությանն առնչվող խնդիրների դեմ, մյուս կողմից էլ գնում էր թալանված համայնքի անշարժ գույքերի հետքերով:
Երկու մտավորականի այս անձնական հատկանիշները կարելի է նկատել համայնքային հասարակական և քաղաքական միջոցառումների ժամանակ, ինչպես նաև հոդվածներում և ստեղծագործություններում ընդգծված հասարակական և քննադատական, իրատեսական դիրքորոշման մեջ:
Գրիգոր Զոհրապի ինքնության մյուս հիմնական տարրը օսմանյան մտավորականի կեցվածքն էր: Ընտրվել էր հայ համայնքի տեղական խորհրդի անդամ, Օսմանյան խորհրդարանի երեք նստաշրջանի պատգամավոր էր: Ձերբակալվել ու բանտարկվել էր բռնատիրության դեմ արտահայտվելու պատճառով:
Հրանտ Դինքը ներկայացված չէր ո՛չ համայնքի ղեկավար պաշտոններում և ո՛չ էլ խորհրդարանում: Իր պատմական առաքելությունը կյանքի էր կոչել` «Ակօս» թերթը քաղաքացիական հարթակի վերածելով: Բռնատիրության, չարաշահումների և հակաժողովրդավարական կիրառումների դեմ պայքարի պատճառով կյանքի տարբեր ժամանակներում ձերբակալվել, բանտարկվել և կտտանքների էր ենթարկվել:
Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում՝ որպես օսմանյան մտավորական, Գրիգոր Զոհրապի որդեգրած դիրքորոշումը ցույց է տալիս, որ նա շրջահայաց քաղաքական գործիչ էր: Զոհրապն այն կարծիքին էր, որ հայ համայնքի և կայսրության խնդիրները չի կարելի իրարից անկախ քննել:
Եթե հաշվի չառնենք տարբեր պարագաները, ապա այս հարցում Հրանտի դիրքորոշումը գրեթե համընկնում է Զոհրապի դիրքորոշման հետ: Նա նույնպես իրարից չէր առանձնացնում Թուրքիայի և համայնքի խնդիրները: Օրինակ՝ պնդում էր, որ հայ համայնքի համար ամենաիդեալական լուծումն ընկած է Թուրքիայի ժողովրդականացման հիմքում:
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net
Խորագիր՝ #17 (1188) 03.05.2017 - 09.05.2017, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում