Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՀայոց բանակի զինվորը հերոս է ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող հայ փոքրիկների համար: Աշխարհի տարբեր երկրներում ծնված հայ մանուկները, որոնցից շատերը երբեւէ Հայաստանում չեն եղել, իրենց նամակներում, նկարներում Հայ զինվորին մարմին են տալիս՝ ապավինելով իրենց վառ երեւակայությանը՝ համեմված հայրենասիրական ելեւէջներով ու կարոտի, հպարտության գույներով:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի աշակերտների նամակներից ընթերցելով պատառիկներ, որոնք ուղարկվել են ՀՀ սփյուռքի նախարարություն՝ hայոց բանակի զինվորներին փոխանցելու համար, ոչ միայն հուզվում ես, այլեւ հպարտանում, որ հայրենիքից հեռու ապրող հայ փոքրիկի հայացքն ուղղված է դեպի Հայաստան, դեպի այն երկիրը, որի սահմանների անառիկությունը պաhպանում է այն զինվորը, որի համար ինքը ամեն օր աղոթում է եւ սպասում, որ մի օր նա կպատասխանի իր նամակին:

12-ամյա Դանիելը  գրում է. «Զինվո՛ր, քո քաջությունը, ուժը, սերը մեր սքանչելի երկրի հանդեպ ինձ շատ է հուզում, ես շատ շնորհակալ եմ, որ դու ամեն օր կյանքդ վտանգի մեջ ես դնում մեր Հայաստանի համար, չեմ կարող բացատրել, թե որքան  հպարտ եմ քեզնով»:

Փոքրիկ Լիլին հայ զինվորի կողքին է իր ամենօրյա աղոթքներով. «Բարեւ՛, զինվոր, ես  մի հայ աղջիկ եմ, ով ամեն օր աղոթում է, որ դու ապահով ու անվտանգ ծառայես։ Դուք՝ բոլոր հայ զինվորներդ, մեր հայրենիքի եւ ժողովրդի պաշտպաններն եք։ Ամեն մարդ հանգիստ, ուրախ  եւ ապահով է ապրում, քանի դեռ հայ զինվորն իր կյանքի գնով գիշեր – ցերեկ,  սառնամանիքի ու փոթորկի մեջ անգամ զենքը ձեռքին մեր սահմաններն է պաշտպանում: Այս մասին մտածելով՝ շատ անհանգիստ եմ. ուզում եմ, որ աշխարհում միշտ խաղաղություն լինի, որ  ոչ մի թուրք ոչ մի հայ զինվորի չսպանի։ Ես աղոթում եմ, որ բոլոր հայ զինվորները վերադառնան իրենց ընտանիքներ։ Հայ զինվորն աշխարհի ամենակարեւոր, ամենահավատարիմ եւ ամենաքաջ զինվորն է»:

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՄանուկ Առնեի կարծիքով՝ Հայաստանի գոյությունը պայմանավորված է հայ զինվորի գոյությամբ: «Դուք Հայաստանի համար ամենակարեւոր մարդիկ եք, չլինեք դուք, Հայաստանն էլ չի լինի։ Բոլոր հայերը ձեզ գնահատում են եւ ցանկանում են, որ հաղթանակով տուն՝ ձեր մայրերի մո՛տ վերադառնաք:  Ես էլ  եմ ուզում, որ մի օր հայոց բանակի զինվոր դառնամ  եւ օգնեմ հայ ժողովրդին, եթե վտանգի մեջ լինի»:

Օտար ափերում անգամ փոքրիկ Մարկի մեջ արմատավորված է հային բնորոշ հյուրընկալությունը. «Զինվո՛ր, շատ շնորհակալ եմ եւ հպարտ, որ քեզ նման զորավոր զինվորը ծառայում է մեր երկրին։ Երբ վերադառնաս ծառայությունից, հիշի՛ր, խնդրում եմ, մեր տան դռները միշտ բաց են քեզ համար»:

Իսկ փոքրիկ Ալեքսանդրան որոշել է հայ զինվորի եւ հայրենիքի պատիվը բարձր պահել՝ իր մայրենին լավ սովորելով. «Շատ բան գիտեմ հայոց քաջ հերոս զինվորների ու բանակի մասին։ Օտար երկրում ապրելով՝ աշխատում  եմ ավելի լավ սովորել, մնալ հայ եւ բարձր պահել մեր հայ զինվորի ու Հայրենիքի պատիվը»:

Մի ուրիշ երեխա էլ, հավատալով զինվորի գերբնական ուժին, ասում է. «Զինվո՛ր, թույլ տուր, որ արեւը նորից բարձրանա։ Դու այն պտուղն ես, ով ծառայում է իր ազգին, ամեն մի շարժումով նոր սերմ ես ցանում, եւ ցանածդ յուրաքանչյուր սերմ ինչ-որ մեկի կյանքն է փրկում: Դու Հայաստանի նուռն ես, քաջ եւ զորավոր՝ ինչպես  նռան կեղեւը, սիրտդ անուշ է՝ ինչպես նռան սիրտը»:

Փոքրիկ Նատալին ասում է. «Կյանքիս ամենահիշարժան օրերն անցկացրել եմ Հայաստանում, եւ երբ լսում եմ, որ Մայր Հայրենիքը վտանգված է, ինքնակառավարումս կորցնում եմ։ Գիտեմ, որ դժվար է բանակում ծառայելը, սակայն, վստահ եմ, որ հաճելի է, երբ Հայաստանն եք պաշտպանում այնպես, ինչպես կպաշտպանեք ձեր երեխային։ Ձեզ բարի ծառայություն եմ մաղթում»:

Դիանան հպարտ է առաջնագծում ծառայող իր երկու զարմիկներով, շնորհակալ է նրանց եւ բոլոր հայ զինվորներին, որոնք այդքան մեծ գործ  են անում  հայ ժողովրդի համար:

Սփյուռքահայ փոքրիկ աղջնակներից մեկը ցանկանում է զորակոչվել եւ հայ զինվորի կողքին լինել. հետո ի՞նչ, որ աղջիկ է:

Փոքրիկ Մայքլն իրեն մտահոգող հարցեր ունի. «Զինվո՛ր, չգիտեմ, թե ինչպես ես ճաշ ուտում, երբ ես քնում, եթե հաճախ հրետանու կրակի տակ ես լինում: Դուք բոլորդ շատ քաջ եք, որ կարողանում եք ռազմադաշտերում կռվել ու հաղթել:

Բոլոր երեխաները հպարտ են հայ զինվորով, այն զինվորով ով երկիրը տանում է դեպի խաղաղություն: Փա~ռք  ու պատիվ հայ զինվորին…»:

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խորագիր՝ #17 (1188) 03.05.2017 - 09.05.2017, Բանակ և հասարակություն


06/05/2017