Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ



ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐՃակատագրական զուգադիպությամբ՝ մայիսի 9-ը մեր հանրապետության համար երեք կարևորագույն հաղթանակների օր է դարձել:

1945թ.-ի մայիսի 9-ը նշանավորվեց ֆաշիստական Գերմանիայի հանդեպ միացյալ ուժերով տարած հաղթանակով: Տարիներ անց՝ 1992 թվականին, հենց մայիսի 9-ին հաջողությամբ պսակվեց Շուշիի ազատագրման օպերացիան՝ «Հարսանիքը լեռներում»: Եվ վերջապես, մայիսի 9-ին նշվում է նաև Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

 

Եռատոնի ամենակարևոր միջոցառումները քաղաքամայր Երևանում ավանդաբար տեղի են ունենում «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ վաղ առավոտից մինչև ուշ երեկո չի դադարում Հայրենական և Արցախյան պատերազմի վետերանների, հանուն մեր ազատության կռվածների, նահատակվածների գործն ու սխրանքը հարգելու եկող մարդկանց հոսքը:

Մայիսի 9-ի այս տարվա տոնական միջոցառմանը ներկա էին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը և վարչապետ Կարեն Կարապետյանը՝ օրենսդիր, գործադիր մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ: Միջոցառման սկզբում նրանք ծաղիկներ խոնարհեցին «Անհայտ զինվորի» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի և  Շուշիի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակին: Զինվորական շքերթից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը և վարչապետը մասնակցեցին վրաններում վետերանների համար կազմակերպված զինվորական ճաշին:

«Հաղթանակի» այգին հանդիպման յուրահատուկ վայր է հատկապես մեր վետերանների, ազատամարտիկների համար: Նրանք մայիսի 9-ին հավաքվում են, նշում իրենց հաղթանակները, հիշում պատերազմական օրերն ու իրենց զոհված ընկերներին:

ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐՀայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ զինված ուժերի պատերազմի վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանի համար սա հիշողությունների ու հպարտության օր է:  «Մենք փառավոր հաղթանակներ ենք նշում: 72 տարի առաջ հաղթեցինք ֆաշիզմին, այդ չարիքից ազատագրեցինք ոչ միայն Խորհրդային Միությունը, այլև ողջ աշխարհը»: Լեգենդար հետախույզը ժպիտով է հիշում  զինվորականի իր առաջին քայլերը: «Երիտասարդ էի, նոր էի ավարտել Թիֆլիսի հրետանային ուսումնարանը, երբ ինձ ուղարկեցին Մերձմոսկովյան շրջանի գյուղերից մեկը՝ Կուրսկյան Աղեղը: Մարտական մկրտությունս այնտեղ եմ ստացել: Դեռ շատ անփորձ էի, տաքարյուն ու մտածում էի, որ սպան միայն պետք է հրամաններ արձակի: Մի անգամ ամբողջ հասակով կանգնած և ձեռքս առաջ պարզած հրաման էի արձակում, երբ  խրամատում թաքնված հրամանատարներից մեկը զգուշացրեց, որ ինքս ինձ թիրախի եմ վերածում: Սա ինձ համար առաջին, շատ կարևոր դասը եղավ»: Այդտեղ առաջին անգամ վիրավորվել է: Ապաքինվելուց հետո համալրել ուկրաինական երրորդ բանակի շարքերը, որտեղից էլ սկսվել է նրա զինվորական առաջընթացը: Երեք անգամ վիրավորվել է, մասնակցել է ողջ Ուկրաինայի ազատագրման մարտերին: Հիշում է Դնեպրի գետանցումը: «Առավոտյան շուտ հրաման եկավ, որ գիշերը պետք է գետանցում կազմակերպենք: Գետը շատ լայն էր: Անտառից ծառեր կտրեցինք, լաստեր պատրաստեցինք: Գիշերով գետն անցնելիս, երբ արդեն կեսին էինք հասել, գերմանացիները մեզ նկատեցին: Զոհերի գնով, բայց կարողացանք անցնել մյուս ափը: Այնտեղից հրետանային կրակով լռեցրինք թշնամուն»:

Անմար կրակի մոտ «Մերգելյան» ջոկատի տղաներն են՝ Արմեն Վարդանյանը, Մարատ Սաֆարյանն ու Տիգրան Մխիթարյանը: «1992 թվականին «Աֆղանական» և «Ապավեն» ջոկատների հետ մասնակցել ենք Շուշիի ազատագրմանը,- պատմում է Արմենը: -Շատ անհավանական հաղթանակ էր… Հիմա ուրախ տրամադրությամբ ենք այստեղ, ցնծում ենք, բայց հոգիներումս մի մեծ տխրություն է. ի՜նչ ըկերներ ենք կորցրել: Եվ այսօր ուզում եմ հատկապես դիմել ու շնորհավորել այն մայրերին, ովքեր իրենց որդիներին են կորցրել մարտի դաշտում: Խորապես հասկանալով նրանց ցավը՝ ուզում եմ ասել, որ հերոս զավակներ են լույս աշխարհ բերել:

Անմար կրակի մոտ ծաղիկներ են դնում խորհրդային բանակի համազգեստով վետերաններ: Ռուսներ են, իրենց երեխաների հետ եկել են հարգելու նախնիների հիշատակը: Սիրով ծանոթանում են հայ վետերանների հետ, կիսվում տպավորություններով, հիշողություններով: Նրանցից մեկը՝ Անդրեյ Վլադիմիրովիչը, այստեղ է  կնոջ և որդու հետ: Ասում է, որ ընտանեկան ավանդույթ ունեն՝ փորձում են ամեն տարի Մեծ Հայրենականի մասնակից մի երկրում նշել այս տոնը: «Այս տարի որոշեցինք Հայաստան գալ, հայ ժողովրդի հետ նշել մայիսի 9-ը: Այստեղ երբեք չէինք եղել»: Հայրենական պատերազմի մասնակից նրա պապը հաճախ է ջերմությամբ պատմել իր հայազգի մարտական ընկերների մասին:

ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐՆրանց հետ զրույցի է բռնվել փոխգնդապետ Ռուբեն Քեյանը, որը 55 տարի ծառայել է քիմիական զորքերում: Արցախյան պատերազմի տարիներին արդեն որպես պահեստազորի սպա ստանձնել է զորքի ուսուցման գործը: Այնուհետև 15 տարի աշխատել է որպես զինղեկ:

Այստեղ է նաև գնդապետ Նիկոլայ Ավանեսյանը, որը մի քանի տարի անընդմեջ հանրապետության լավագույն զինղեկի կոչմանն է արժանացել: Վաստակած իրավունքով ասում է. «Մեր մատաղ սերնդին դաստիարակում ենք ռազմահայրենասիրական բարձր ոգով: Առյուծասիրտ տղաներ ունենք, հայրենիքին պաշտպան կանգնելու պատրաստ ապագա զինվորներ: Նման միջոցառումներին մասնակցելը, շփումը մեր ականավոր զինվորականների հետ էլ ավելի է ամրացնում նրանց կամքն ու ոգին»:

Արցախյան պատերազմի մասնակից, փոխգնդապետ Մարտին Հայրապետյանը եկել է երեքամյա թոռնիկի հետ: «Ամեն տարի ընտանիքով մասնակցում ենք այս միջոցառմանը: Մեր պարտքն է մեր մեծերի սխրանքը հիշելը և հաջորդ սերունդներին փոխանցելը»:

Խորագիր՝ #18 (1189) 10.05.2017 - 16.05.2017, Բանակ և հասարակություն


11/05/2017