ԳԵՆԵՐԱԼ ՄԱԿԱՐՈՎԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ
ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը Սանկտ-Պետերբուրգի արտադրական մի քանի ձեռնարկություններում ծանոթացել է ռազմական նշանակության էլեկտրոնային տեխնոլոգիաների ոլորտում ռուսական նորագույն մշակումներին:
Նրան ներկայացրել են ուղղաթիռների համալիր վարժասարքեր, որոնց միջոցով անձնակազմը հստակեցնում է գործողությունները ինչպես սովորական, այնպես էլ բարդ և վթարային թռիչքների տարբեր իրադրություններում ժամանակային և տարածական իրական պայմաններին համապատասխան:
Մակարովին ցուցադրել են նաև անօդաչու թռչող ապարատներ, ծովային նավիգացիոն վարժահամակարգեր, մոտոհրաձգային ստորաբաժանումների պատրաստության համար նախատեսված հրաձգային ինտերակտիվ համալիր:
Առաջին անգամ ցուցադրվել է վիրտուալ միացյալ մարտադաշտի տեխնոլոգիան: Դա տարբեր զորատեսակների մասնագետների ուսուցանման ժամանակակից վարժահամակարգերի ստեղծման ունիվերսալ մեխանիզմ է:
Մեծ էկրանի վրա իրական ժամանակով մոդելավորվում և ցուցադրվում են մարտական գործողություններ: Յուրաքանչյուր մարզման կառավարումը ավտոմատացված է, դրվագները խաղարկվում են` հաշվի առնելով խնդրի կատարման ընթացքը: Զուգահեռ աշխատում են մարտական տեխնիկայի տարբեր տեսակների վարժասարքեր:
Գեներալ Մակարովը ընդգծել է, որ համակարգում կիրառված տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս զարգացնել և ձևափոխել այն ըստ անհրաժեշտության:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան