Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԳԻՐ



ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՍիրելի՛ աստվածասեր հայորդիներ,

Ամենազոր Աստծու մեծ ողորմությամբ ու սիրով մեր օրհնությունն ենք բերում ձեզ, բոլորիս  համար նվիրական մայիսյան հաղթանակների կապակցությամբ։   Այս տարի հոբելյանական է, քանի որ նշում ենք Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակը։

Դարեր շարունակ հայ ժողովուրդը բազում հերոսական եղանակներով ու մաքառումներով եւ աստվածային ներգործությամբ կերտել է իր փառապանծ հաղթանակներն ու նվաճումները։ Մեր նախնիները հայրենիքի, հողի պաշտպանությունն ընկալել են իբրեւ սրբազան առաքելություն եւ կոչում, ինչպես Աստվածաշունչ մատյանում Տիրոջ կամքով Մովսես մարգարեն դիմելով Հեսուսին՝ ասում է. «Զորացիր եւ քաջ եղիր, քանզի այս ժողովրդին դու պիտի  առաջնորդես այն երկիրը, որ Տերը խոստացավ նրանց, որ պիտի ժառանգեն։ Եվ քո առջեւից գնացողը նույն ինքը Տերն է, որ պիտի քեզ հետ լինի» Բ Օրինաց 31-7։ 8։ Ուստի  հողը Տիրոջից է տրվել եւ դարերի ընթացքում սրբագործվել մեր նախնիների արյամբ։

Երկնային զորակցությամբ ձեռք բերված մեր հաղթանակների մեջ իրենց ուրույն տեղն ունեն հատկապես մայիսյան հերոսամարտերը։ Արցախյան գոյապայքարով ու Շուշիի ազատագրմամբ կերտվեց եւ սկզբնավորվեց պաշտպանության բանակը, որի հետագա կայացումն ու զորացումը դարձավ մեր պետականության եւ ինքնության հզոր եւ անհաղթահարելի պատվարը։ Հայոց քաջորդիները հայացքներն առ Աստված՝ իրենց թիկունքին եւ սրտերում կրելով փրկչական խաչի նշանը, հաղթեցին օրհասական եւ անհավասար մարտերում։ Մեր նախնիներն ու հայրերը հաղթահարելով բոլոր մարտահրավերները, պատերազմեցին խավարի եւ բիրտ ուժի դեմ՝ ծածանելով քրիստոնեության հաղթանակը մահվան հանդեպ, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով հաղթված է մահը եւ մեր կյանքը պսակված Հրաշափառ Հարությամբ։

Սիրելի՛ զինվորներ, մեր հորդորն ու մաղթանքն է, որպեսզի աներկյուղ հետեւեք ձեր պապերի ու հայրերի հերոսական օրինակին, ունենաք ուժ ու կարողություն եւ անսասան հաստատակամություն հայրենիքի պաշտպանության սրբազան գործում։

Աղոթում եմ, որպեսզի ամենազոր Աստծու ողորմությամբ ու շնորհներով եւ մայիսյան տոների խորհրդի լույսի ներքո առավել ամրապնդեք ձեռք բերված հաղթանակները։

Սիրելինե՛ր, սրտի խոնարհումով աղոթք վերառաքենք առ Աստված նաեւ Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտերում զոհված մեր սիրասուն զավակների հոգիների հանգստության եւ նրանց անմահ հիշատակի համար։

Միասնաբար հայցենք Տիրոջ զորակցությունը՝ հայոց բանակի բոլոր սպաների ու զինծառայողների համար։ Ամենակալ Աստծու շնորհները թող բազմապատկեն նրանց ազգանվեր եւ եկեղեցանվեր ծառայությունը, եւ հեշտությամբ հաղթահարվեն բոլոր դժվարությունները ի զորացումն Հայոց հաղթանակած բանակի։ Ամեն։

Օրհնութեամբ՝

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամեան

ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ

Խորագիր՝ #18 (1189) 10.05.2017 - 16.05.2017, Հոգևոր-մշակութային


11/05/2017