Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ



ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՀրետանավորների դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ուսումնական տարվա ընթացքում զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն անցկացվում են ճամբարային հավաքներ: Օրերս հրետանավորների մասնագիտական հերթական վարժանքը մեկնարկեց գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում:

Զորամիավորման հրամանատարն իր խոսքում ընդգծեց հրետանու կարևոր նշանակությունը մարտի ելքը կանխորոշելու հարցում: Ապա նշեց մասնագիտական գիտելիքներն անընդհատ զարգացնելու անհրաժեշտությունը.

-Նորակոչիկների մեծ մասը ծառայության հիմնական վայրեր են տեղափոխվել ուսումնական կենտրոններից և ունեն հրետանավորի հարուստ գիտելիքներ, սակայն նրանց մոտ բացակայում է գործնական հմտությունը: Հենց այստեղ, այս ճամբարում է նաև ձևավորվում հայ զինվորի մարտական բնավորությունը, դաշտային վարժվածությունը, կոփվածությունը, կարգապահությունը, ինչը փոխանցում և վերահսկում են մեր փորձառու զինծառայողները:

Գեներալ-մայոր Փարվանյանը պատասխանատու սպաների հետ միասին շրջեց ճամբարային ավանում, ծանոթացավ ուսումնական գործընթացի ապահովման համար ստեղծված պայմաններին և փաստեց՝ ամեն ինչ պատրաստ է հրետանավորների դաշտային պարապմունքների լիարժեք անցկացման, մարզական, մշակութային միջոցառումների, հանգստի ու ժամանցի կազմակերպման համար:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


16/05/2017