ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Այս խորագրի ներքո տպագրում ենք Աբխազիայի Գուլրիփշի շրջանի Բագաժյաշտա եւ Նահա գյուղերի հայկական դպրոցների աշակերտների խոսքը` ուղղված հայ զինվորին:
Նախորդ եւ այս համարում տպագրված՝ հայ զինվորին ուղղված նամակները խմբագրությանն է տրամադրել Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջույն զինվորին
Չգիտեմ` ինչպես սկսեմ ծանոթությունս քեզ հետ: Զգացմունքներս ինձ խեղդում են: Ես հեռվից հետեւում եմ քեզ, ապրում քո ամեն օրով: Այս պահին չգիտեմ՝ ինչով ես զբաղված, բայց ես մտքում հեռակա զրուցում եմ հետդ: Երակներս լցվում են այն անբացատրելի հպարտությամբ, երբ դու «Պատվի առած» պատրաստ ես կատարելու հանձնարարությունը: Քո «Պատիվ ունեմ»-ը փոխանցվում է ինձ: Ստեղծել եմ քո պատկերը, դու իսկական հայ ես` հպարտ, սեւահեր, նաիրյան դիմագծերով: Դու պատրաստ ես ամենաթանկագին տարիներդ` պատանեկությունդ նվիրել մեզ, դրա մեջ կա ինքնագնահատում, խրոխտ ոգի, նվիրվածություն, ազնվություն: Ինձ համար անհայտ է, թե դու որտեղ ես ծառայում հայրենիքիդ, ես հեռվից հետեւում եմ քեզ: Դու երդվյալ զինվոր ես, կիսվիր ինձ հետ: Ես ուզում եմ լինել քո ընկերը, քեզ հետ կանգնել պահակակետում, ցրտին ու շոգին, արեւին ու անձրեւին:
Դու երեւի ունես սիրած աղջիկ, որը սրտատրոփ սպասում է քեզ, ինձնից նրան էլ բարեւիր:
Մեծ հպարտություն է, որ զինվորը պահպանում է սահմանները, անկախ նրանից, թե դա Հայաստանն է, թե Արցախը:
Ես քեզ հետ եմ, մտերիմը:
Անհամբեր կսպասեմ պատասխանիդ:
Սիրով` Մինասյան Լեւոն: XI դ
♦♦♦
Բարեւ, հա՛յ զինվոր
Քեզ նամակ ենք գրում հեռավոր Աբխազիայից: Չնայած մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքից` Հայաստանից հեռու, բայց գիտենք քո արիության ու ազնվության մասին:
Հա՛յ զինվոր, մենք հպարտ ենք, որ դու պատվով ծառայում ես քո հայրենիքին, պաշտպանում նրա սահմանները թշնամու ոտնձգություններից:
Մենք գիտենք 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, երբ դու եւ քո ընկերները հերոսաբար դիմադրեցիք անարգ թշնամուն, կասեցրիք նրա հարձակումը եւ ձեր կյանքի գնով պաշտպանեցիք Արցախի եւ արցախցիների ազատությունն ու անկախությունը:
Հա՛յ զինվոր, քեզ փառք ու պատիվ, առողջություն եւ բարեհաջող ծառայություն:
Մեր հայրենիքին` անամպ երկինք, խաղաղություն, հզորացում եւ բարգավաճում:
Ջերմ բարեմաղթանքներով`
Աբխազիայի Դուլրիփշի շրջանի Բագաժյաշտայի ոչ լրիվ միջնակարգ դպրոցի յոթերորդ դասարանցիներ
05.04.2017թ.
Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Բանակ և հասարակություն