ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԷԼԻ ԶԻՆՎՈՐ Է ՊԵՏՔ
Զրույց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ
-Պարոն Մանուկյան, անվիճարկելի է, որ այսօր Հայաստանն ունի բարձր պոեզիա, լավ բանաստեղծություն, բայց… չունի իր Պոետին՝ շքեղ, վառ, շռնդալից, անկասելի…Ու զարմանալի չէ, որ մեր իրականության գույները խամրած են, չկա խանդավառ կարմիրը, ցնծուն դեղինը, հեքիաթի կապույտը: Իսկ մեկը, որի պոեզիան առանց երկմտելու կարելի է դնել բոլոր ժամանակների լավագույն արժեքների կողքին, գրում է.
Ես վաղուց խնդասիրտ չեմ երգել
Իմ սրտի շրխկան բառերով.
Հետևում ցավեր են ու վերքեր,
Առջևում՝ հայացքներ են խռով…
-Բանաստեղծները ապագայից եկած առաքյալներ են, որ շանթարգելի պես կանխեն աղետները, բարձրացնեն գորշ ու գետնամած ժամանակները՝ տանելով ոգեղենության տիրույթներ, արթուն պահելով կյանքի հեքիաթը, բարու, վեհի, գեղեցիկի կարոտ հուշելով մարդկանց: Վահագն Դավթյանն ասում էր՝ եթե չլինեն պոետները, երկիրը կկործանվի:
-Որովհետև առանց Պոետի մեռնում է կյանքի պոեզիան՝ վեհությունը, ազնվությունը, ինքնանվիրումը, խիզախությունը: Սերը: Առանց Պոետի մեռնում է ճշմարտությունը:
Ինչ խորհուրդներ մեզ մնացին
Ճշմարտության ափից հեռու,
Մեր անկշիռ խարիսխները
Զուր ենք ջրի մեջ նետելու:
Փշրվում են ալիքները
Սիրուց լքված ավազներին,
Մենք վաճառված երազներ ենք
Մեզ էլ ոչ ոք չի օրորի:
-Դուք զինվորական եք ու շատ լավ գիտեք, թե որտեղ պիտի փնտրել Հայաստանի վեհությունը, ուժը, արժանապատվությունը…Գիտեք նաև, թե որտեղ են ծնվում մեր իրականության ասքերն ու հեքիաթները: Պոետ չունեցող երկիրը չէր կարող այսքան արժանավոր սերունդ ունենալ՝ այսքան հզոր, հայրենասեր ու քաջ զինվոր: Այնտեղ, որտեղից սկսվում են Հայաստանի սահմանները, հզոր շնչառություն կա, որը նաև Պոետի հևքն է: Ես հասկանում եմ՝ Դուք խտացնում եք գույները՝ Պոետին ավելի վառ, հզոր ու կարող տեսնելու ցանկությամբ: Ու չեմ կարող չհամաձայնել, որ Պոետի ձայնը պետք է ավելի բարձր հնչի Հայաստանում:
-Սուրում են, շաչում են,
Պայթում են արկերը,
Պարելով բերում են
Կրակ ու մահ…
Բայց քաջի ոգու դեմ
Մահը պապանձվել է.
Մահվանը հաղթել է
Զինվորը հայ:
Ես գիտեմ, որ այս բանաստեղծություները ծնվում են նաև զինվորների հետ Ձեր անմիջական շփումների ժամանակ: Ի՞նչ եք փնտրում դիրքերում: Ի՞նչ են տալիս իրար ու ի՞նչ են առնում իրարից Պոետն ու Զինվորը:
-Ես հաճախ եմ լինում դիրքերում: Բագրատ Սրբազանի հետ Նոր տարվա օրերին դարձյալ սահմանին էինք: Ես ուժ եմ առնում զինվորից, ոգեշնչվում եմ, հավատով եմ լցվում: Սահմանին Իմ զինվորն է, որը պատրաստ է ոչ միայն մեռնելու, այլև ապրելու հայրենիքի համար, ինչը շատ ավելի դժվար է, որովհետև ապրել նշանակում է ապրեցնել կողքիններին, ոչ թե մեկ անգամ, այլ անվերջ նվիրաբերվելով:
-Հիմա, երբ որդիդ սահմանին է,
Հիմա, երբ ռումբեր են պայթում,
Երբ ամեն զինվորի վերքից
Նաև քո արյունն է կաթում…
Ապրիլյան պատերազմի օրերին, երբ իմացա, որ Ձեր զինվոր որդին էլ է կռվում, մտածում էի, տեսնես՝ ի՞նչ է զգում հայրենիքի փոշին աշխարհի հետ չփոխող (Ձեր բառերն են) պոետը: Հայրենիքի փրկության և սեփական որդու կյանքի խաչմերուկում (հարցս շատ անսիրտ կթվա) ո՞ւմ է տալիս նախապատվությունը:
-Չեմ ուզում ճռճռան բառեր ասել, բայց Ձեր նշած քառատողի մեջ ասվում է՝ ամեն մի զինվորի վերքից նաև քո արյունն է կաթում….Երբ սահմանին 18-20 տարեկան զինվորները կյանքի գնով պաշտպանում են երկիրդ ու փակում են թշնամու ճանապարհը, յուրաքանչյուր զինվոր քո որդին է դառնում: Ու նույնիսկ կարիք չկա հարցնելու, թե ում ես տալիս նախապատվությունը:
Իմ երկու տղաներն էլ՝ Վաչագանն ու Արամը, բանակից վերադարձել են գերատեսչական մեդալներով: Կրտսեր որդուս կրծքավանդակին ոսկորների ձևախեղում կա, ինչը որոշ չափով ազդում է նաև սրտի աշխատանքի վրա, բայց տղաս ոչ մի գանգատ չներկայացրեց զորակոչային հանձնաժողովի բժիշկներին ու գնաց առաջնագիծ: Արամը բանակից վերադարձավ «Գարեգին Նժդեհ», իսկ Վաչագանը՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով…
-Հետևում գյուղն է,
Իր սուրբ մատուռն է,
Ինքը սահմանն է հայրենիքի,
Հսկում է որպես իր մեծ տան դուռը,
Ուր ամեն ոսոխ պիտի ծնկի…
Պարոն Մանուկյան, ի՞նչ պետք է անել, որ բարձրացող սերունդը՝ ապագա զինվորը, դառնա սահմանը հայրենիքի… Որ հայրենիքը պաշտպանելու պարտքը լինի բոլորի, հասարակության բոլոր խավերի հոգու պարտքն ու պատվի խնդիրը:
– Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ հասկացել, թե ինչ է ռազմահայրենասիրական դաստիարակություն ասվածը: Շատ պարզ բանաձև կա՝ կրտսերը սովորում է մեծից, բարձրացող սերունդն ընդօրինակում է ավագ սերնդին, մարդուն սովորեցնում է իր ժողովրդի պատմությունը, եթե կտրված չէ մարդու և իր արմատի կապը, եթե մարդը իր ակունքից է սնվում… Երբ ավագներիդ օրինակը «ռազմահայրենասիրական» չէ, քեզ ոչ մի քարոզ չի փրկի:
…Երբ զինվոր էի, զորամասի գրադարանից մի գիրք վերցրի` ռուս պոետների՝ բանակին ու զինվորին նվիրված բանաստեղծությունների ժողովածու էր: Այդ գիրքը կարդալուց հետո սիրեցի բանակն ու իմ ծառայությունը: Ես հավատում եմ խոսքի ուժին: Ես սկսել եմ հայրենիքը սիրել Համո Սահյանի «Հայաստան ասելիս այտերս այրվում են» բանաստեղծությունը կարդալուց հետո: Դիրքերում մի ֆրանսահայ ասաց, որ Շիրազի պոեզիան է իրեն Հայաստան բերել:
Երկու տղաներս էլ արդեն զորացրվել են, բայց, երբ իմացան, որ բանակի թերթին հարցազրույց եմ տալու, խնդրեցին իրենց կողմից շնորհակալություն ասել վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարտուն Այվազյանին և դիրքի ավագ, ավագ սերժանտ Էրիկ Հովսեփյանին: Սա է ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
Այս պահին ամենալավ ռազմահայրենասիրական դաստիարակությունը կլինի այն, որ մենք ձեռք չբարձրացնենք մեր արժեքների վրա, այնպիսի կերպարների վրա, որոնք մարմնավորում են քաջության, հայրենիքին նվիրաբերվելու, ինքնազոհության մասին մեր պատկերացումները: Որովհետև հայրենիքի պաշտպանին արժեզրկելով՝ մեզ ենք թալանում ու աղքատացնում:
-Ոչինչ, որ ճար չունես իմ բաց վերքին,
Վաղուց անհաղորդ ես ցավիս, դողիս,
Գոնե ձեռքդ քաշիր, Հայրենի՛ք իմ,
Ու մի սեղմիր մատդ շնչափողիս….
Բայց նաև՝
Մաշկիդ տակով սողոսկում եմ, երկի՛ր,
Քո մարմինն եմ դառնում, քո արյունը:
Թե կրակի մատնեն, սարքեն մոխիր,
Վերջին շնչավորն էլ թե ինձ լքի,
Մեկ է, ոչնչի հետ ես չեմ փոխի
Անգամ մայթի փոշին հայրենիքիս…
Ես տեսել եմ, թե Դուք ինչպիսի ցավով ու զայրույթով եք խոսում հայրենիքից արտագաղթողների մասին, բայց ով, եթե ոչ Դուք պիտի հասկանաք այս երկու հայրենիքների արանքում մնացած հայի ողբերգությունը: Վարդգես Պետրոսյանն ասում էր՝ հայրենիք, քո սերը կրակե շապիկ է, հագնում եմ՝ այրվում եմ, հանում եմ՝ մեռնում եմ….
– Ես ցավում եմ, որ հայ մարդու կապը իր արմատի հետ կարող է հարազատ հողը լքելու չափ թույլ լինել: Ու եթե մեղադրում եմ, առաջին հերթին մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր մարդուն օտարում են իր ակունքից, նպաստում են, որ խարխլվեն մարդու կենսաբանական ու հոգևոր կապերը: Եթե մարդը լքում է իր ծննդավայրը, ուրեմն նրա հոգում և նրա շուրջ մեծ ավերումներ կան: Ես այդ ավերումների համար եմ ցավում: Զինվորը երկրի սահմանն է, զինվորի թիկունքում էլի զինվոր է պետք, որ երկիրն անպարտ լինի: Սահմանը պիտի զգա երկիրը սիրող մարդկանց ուժը: Մարդիկ, որոնք ասում են՝ եթե չստացվեց հաղթել, կզոհվեմ քեզ հետ….
-Հին կարպետի պես խամրած գույներով
Օրերն են կախվում կյանքի փեշերից…
Հուշերի քանի կանթեղներ վառեմ,
Որ ծանոթ նախշը շոշափեմ նորից:
Ի՞նչ կար ծանոթ նախշի ծալքերում, ի՞նչը չեք գտնում այս օրերի մեջ:
-Սիրո, վեհության, մեծ կարոտների, մեծ ապրումների շունչը կար: Մեծ սիրո երկիր ունենալու երազանքը կար, որի լույսը կհերիքեր բոլորին: Գուցե իմ ցանկություններն ավելի անհամբեր են, քան թույլ է տալիս հնարավորությունը, բայց ես ուզում եմ, որ զինվորականությունը լինի մեր ազգի ամենաազնվացեղ տեսակը: Ու չեմ կարող հավատալ այն պաշտոնյային, որի որդին առաջնագծի ամենաառաջին դիրքում չի կանգնած:
-Նորից լեռներդ զվարթ կպարեն,
Նորից հայացքս ծովից ծով կանցնի,
Ու մեր երազը կիջնի քո ուսին՝
Որպես զորավոր ու անհաղթ արծիվ….
Ո՞րն է այս լավատեսության աղբյուրը, ո՞ւմ վրա եք հույս դրել: Մի այսպիսի տող էլ ունեք՝ կհաղթենք մնացած լավերով…Ովքե՞ր են մնացած լավերը:
-Կան: Օրինակ՝ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Նրա տեսակը: Հանճարեղ ու հայրենասեր, ազնիվ ու անկոտրում, ըմբոստ՝ ամեն ուժի ու խոնարհ հարազատ ժողովրդի առաջ: Այս տեսակը կա և՛ բանակում, և՛ մտավորականների, և՛ իշխանավորների, և՛ հասարակ ժողովրդի մեջ: Ես վստահ եմ, որ մի օր մեր պետական հիմնը կլինի Ուժի, Հավատի ու Սիրո մասին:
-Աստղի պես մարմրեց
Ու աչքով արեց ինձ
Երկնքից՝
Աստղափայլ մի կին էր….
Եթե ավելի համարձակ լինեի, մեր այս զրույցը բացառապես կնվիրեի Ձեր սիրո պոեզիային՝ համոզված, որ այն ավելի հայրենասեր կդարձներ մեր զինվորին ու սպային, բայց պիտի բավարարվեմ միայն մեկ հարցով՝ Ձեր սիրային բանաստեղծություններում անընդհատ հանդիպում ես Աստղափայլ կնոջը: Ո՞վ է նա:
– Նա եթերային, չնվաճված, անըմբռնելի, իր պարզության մեջ առեղծվածային, երազանքի պես թեթև, երկնքի պես ցանկալի, աստղի նման պայծառ կին է… չավարտվող սիրո խորհրդանիշ:
-Քեզ ըստ գրքերի չսիրեցի,
Քեզ չսիրեցի ուղղորդումով,
Մոմի պես քո դեմ չհալվեցի,
Չպաշարեցի սուտ երդումով…
Իսկ ինչպե՞ս սիրեցիք Տիրոջը: Ինչո՞ւ է Ձեր Աստվածը այսքան մարդեղեն:
– Ես Աստծուն փնտրելիս երբեք վերև չեմ նայել, այլ խոնարհել եմ հայացքս, թակել եմ դռները, որ ներքևում են: Աստծու ամենամեծ երկրպագությունը նրան քո մեջ գտնելն է կամ գտնելը քո այն ես-ին, որն Արարչաստեղծ է, Արարչապատկեր՝ Աստվածատուր առաքինություններով: Մեր բոլոր բարի գործերը ապաշխարություն են, աղոթք, Աստծու փնտրտուք….
-Ուզում եմ մեր զրույցն ավարտել մի բանաստեղծությամբ՝ առանց մեկնաբանության:
Հավատն է մարում իմ հոգում խռով,
Գոնե ինձ մի քիչ քո լույսից մնար,
Որ չլինեի լքված ու մոլոր,
Երանի Աստծուն, որ իր հետ ես, Մա՛յր…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Հոգևոր-մշակութային