Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՍՊԱ ԼԻՆԵԼԸ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ Է, ԻՍԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ՝ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ»



ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հուլիսի 30-ին տեղի է ունեցել 308 շրջանավարտների լեյտենանտի կոչման հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, շրջանավարտների հարազատներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ ռազմական ինստիտուտի սպաները բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին: «Դուք, համալրելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, նոր ու հաստատուն քայլերով զարկ եք տալիս մեր բանակի հզորացմանը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները կայացել են ու լիարժեքորեն ծառայում են իրենց նպատակին:
Խոսելով հասարակության մեջ սպայի դերի ու նշանակության մասին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Սպա լինելը աշխարհայացք է, իսկ զիվորական լինելը՝ ապրելակերպ: Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է, պատասխանատու: Հավատացած եղեք, որ անբասիր ծառայությամբ աչքի ընկած հայրենիքի նվիրյալները հաստատուն քայլերով կբարձրանան վեր՝ լրացնելով հայ զորավարների փայլուն համաստեղությունը»:
Անդրադառնալով սպաների սոցիալական ապահովության հարցերին` պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հետայսու սպաների և նրանց ընտանիքների խնդիրները լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանն իր ելույթում նշել է. «Ռազմական ինստիտուտն արդեն 17 տարվա պատմություն ունի, այն զգալի ներդրում է ունեցել ՀՀ զիված ուժերում: Այս ընթացքում 3500 սպաներ համալրել են ազգային բանակը՝ շարունակելով Հայաստանի զիված ուժերի հավիտենական երթը»:

Խորագիր՝ Նորություններ


02/08/2011