Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Հայոց ցեղասպանությունից արդեն 102 տարի է անցել։ Ջարդերի, կոտորածների թեմաներից մեր ուշադրությունը սևեռեցինք հայ կանանց խնդրի վրա, որոնք բոլորովին անհայտ են ցեղասպանության համատեքստում։ Խանեի, Ֆաթիքեի, Զեյնեի, գյուղապետուհի Ֆաթմայի ու իր աղջկա, ինչպես նաև Հավեի պատմությունը ցույց է տալիս, թե պատերազմն ու ցեղասպանությունն ինչպես են մեկ այլ արհավիրքի վերածվում` կանանց մարմինների միջոցով։ Այս կանայք, որ չնայած ամեն բանի կարողացել են հաջորդ սերունդներին պատմել իրենց ապրածները, վկայությունն են, որ վերստին կինն է մշակութային հիշողության իրական կրողը։   

Թեև մեկ դար է անցել ցեղասպանությունից, Եղեռն, որին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ, այնուամենայնիվ, Միություն և առաջադիմություն կուսակցության թուրքական ազգայնական հարձակումներից ամենամեծ վնասը կրած հայերը դեռևս որևէ իրավունք չեն կարողանում պահանջել իրենց ունեցվածքի նկատմամբ, և ցայսօր հստակ հայտնի չեն, թե որտեղ են գտնվում նրանց եղբայրական գերեզմանները։ Ցեղասպանության հետքը փնտրեցինք Մարդինում, որը Եղեռնից առաջ մեծաքանակ հայ ազգաբնակչություն է ունեցել:

 

Խանեի եւ Ֆաթըքեի պատմությունը

Ցեղասպանությունից հետո է բացահայտվել երկու կանանց՝ Խանեի ու Ֆաթըքեի պատմությունը։ Սա այն հայ կանանց ցավալի պատմություններից է, որոնք գերեվարվում էին, բռնի իսլամացվում, այնուհետև կնության վերցվում՝ որպես սեռական շահագործման համար ստրուկ, երրորդ կամ չորրորդ կին։ Ֆաթըքեն դեռ գրկի երեխա էր, երբ ցեղասպանության ժամանակ մայրն իրեն տվել էր հարևանին՝ Էյնոյին, իսկ վերջինիս ամուսինը՝ Շեհմուսը, սեռական շահագործման ենթարկել նրան: Իսկ Պետոյի դուստր Խանեին գնել էին Դեր Զորի մարդկային քարավանների միջից և սեռական բռնությունների զոհ դարձրել Մարդինի Մազըդաղ գավառի Փիրան գյուղում։ Սեռական բռնությունների մասին այս պատմությունը հայ կանանց տառապանքով լի, գաղտնի պահված պատմությունների մի փոքր հատվածն է միայն։

Պատկերացրեք, թե ինչպես եք ձեր սեփական հողում հանկարծակի սկսված իրադարձություններից հետո մի վայրկյանում օտարական դառնում, ահա Ֆաթըքեի պատմությունն էլ է այդպիսին։ Նա ծնվել է այն ժամանակ, երբ Մարդինի Փիրան գյուղի հայ բնակիչների քարավանը կոտորում էին Նևալա Փիվազա կոչված լեռնոտ տարածքում, իսկ ինքը մոր գրկում իր փոքրիկ մարմնով տեղ էր զբաղեցրել շարասյան մեջ՝ դառնալով այն յոթերորդ անձը, որին, ով գիտի, որ մահմեդականն էր թրատելու՝ դրախտ ընկնելու փափագով:

 

«Թրատելիք կա» ասվեց թե չէ` դանդաղ քայլերթ էր սկսվում

Երբ զինվորները, դռները թակելով, ասում էին՝ «թրատելիք կա», նույն գյուղի մահմեդականները սրերն էին կապում, իսկ հայերն իրենց հայրենի տանն էին նայում ու ճանապարհ ընկնում։ Քանի դեռ նրանք իրենց իսկ սեփական փողոցներով միաշարք մահվան ճամփորդության էին դուրս գալիս, հետևում թողնված տները խլելուն անհամբեր սպասողների միջից, ո~վ գիտի, որ մեկն է ողբերգության զգացողություն ապրել։ Շարասյան մեջ գնացողներից մեկն էլ դեռ չանվանակոչված Ֆաթըքեն էր. ի՞նչ կարիք կար մի հաճելի անուն դնել, չէ՞ որ գերեվարված կանանց անուններն առանց այդ էլ իսլամացվում էին։ Երբ շարասյան մեջ մայրը, մի պահ մտածելով՝ «գոնե նա փրկվի», Ֆաթըքեին բարուրի մեջ իր հարևանին՝ Էյնոյին էր տալիս, եթե ենթադրեր, թե իր աղջիկը հետագայում ի~նչ փորձությունների միջով էր անցնելու, արդյոք դարձյալ Էյնոյին կվստահե՞ր։

 

7 տարեկանում շահագործումն սկսվում է

Հայ աղջկա՝ Ֆաթըքեի պատմությունը, որի իրական անունն անհայտ էր և Մուհամեդի աղջկա անունն էր, այսպես է սկսվում։ Երբ Էյնոյի ու Շեհմուսի որդեգիր Ֆաթըքեն 5 տարեկան է դառնում, մի քանի տարի անց իրենց տղայի՝ Խեթոյի հետ ամուսնացնելու համար օրորոցախազ (բաշիքյարթմա) են անում։ Ֆաթըքեն և Խեթոն, որ մինչ այդ որպես քույրեղբայր էին մեծացել, այսուհետ այդ փուլն ավարտելով՝ ամուսինների դեր էին ստանձնելու։ Ֆաթըքեի ողջ մանկությունը լռությամբ է պարուրվում, իսկ 7 տարեկանում իր կյանքի ամենադաժան օրերն է ապրում:

Ֆաթըքեն «բաշիքյարթմա» արած Խեթոյի հոր՝ Շեհմուսի կողմից շարունակ սեռական շահագործման է ենթարկվում, սակայն որևէ մեկին այս մասին չի կարողանում պատմել։ Երբ 12 տարեկան է դառնում, ցանկանում են նրան մանկահասակ տարիքում ամուսնացնել Խեթոյի հետ, սակայն Շեհմուսը դեմ է լինում։ Ամուսնությունը 3 տարի հետաձգվում է, և ի վերջո Խեթոն փախցնում է Ֆաթըքեին, որից հետո Շեհմուսը Էյնոյին պատմում է իր ոտնձգությունների մասին, իսկ Էյնոն հետ է բերում Ֆաթըքեին ու մանկահասակ աղջկան Շեհմուսի հետ ամուսնացնում։  Էյնոն, չկարողանալով ինքն իրեն ներել, լքում է գյուղն ու տունը և ապաստան փնտրում Մարդինի մոտակայքում՝ Քեսրա Հեսենե Քենջո բնակավայրում։ Մի քանի տարի անց Էյնոն տարածաշրջանի ամենահայտնի այլընտրանքային բժիշկն է դառնում և այստեղ բազմաթիվ հողեր գնում։ Պատերազմից հետո Թուրքիայում սով է սկսվում, և Էյնոն օգտվելով այն հանգամանքից, որ Շեհմուսը ևս սովի է մատնված, Ֆաթըքեին իր մոտ է տանում և միասին են ապրում:

 

Դեր Զորի շարասյան գերուհին՝ Խանեն

Պետոյի (Խանա Պետո) դուստր Խանեն վաճառքի համար նախատեսված այն կանանցից մեկն էր, որոնց խումբը տեղահանել էին` Անատոլիայի (Արևմտյան ՀայաստանիԱկունքի խմբ.) շարասյունների հետ միասին Սիրիայի Դեր Զոր անապատն ուղարկվելու պատրվակով ու զանգվածաբար կոտորել Մարդինի մոտակայքում։ Հեսենը, որը հայ դիակների կողոպտիչների կին միջնորդն էր, գնում է Խանեին, իսկ Խանեն պահանջում է, որ 10-ամյա եղբորը ևս իր հետ տանի։

Խանեին Փիրան գյուղում, որպես երկրորդ կին, Շեհմուսե Հեջիին են վաճառում, իսկ եղբորը Մուհամեդ անունն են տալիս։ Խանեն կենացմահու կռիվ էր մղում. մի կողմից փորձում էր քրդերեն սովորել, մյուս կողմից` ջանում ձերբազատվել իրեն օտարող կանանց վերաբերմունքից ու չենթարկվել նրանց ճնշումներին, մի կողմից էլ ամեն գիշեր «ամուսին» կոչված տղամարդու կողմից բռնաբարության էր ենթարկվում։ Խանեն, ինչպես գյուղացիներն են ասում, շատ գեղեցիկ ձայն ուներ՝ ճիշտ իր արտաքինի նման, և իր ողջ տառապանքները փորձում էր մեղմել հայերեն երգեր երգելով, մինչդեռ եղբայրը՝ Մուհամեդը, շատ փոքր էր՝ կատարվածը հասկանալու համար և նոր կյանք է սկսում նոր անունով ու նոր կրոնով։

 

Զեյնեն, գյուղապետուհի Ֆաթման ու նրա դուստրը

Անցնենք Զեյնեին ու նույն քարավանից նոր անվամբ Ֆաթմայի և նրա փոքր աղջկա՝ Ալիսի պատմությանըՆրանք, գերեվարվելով իրենց սեփական հողում, գնվում են միևնույն ընտանիքի հոր ու տղայի կողմից, իսկ մարաշցի Զեյնեն ոչնչացված կյանքից հետո մի նոր կյանք է սկսում։

Քննելու ենք Քրդստանի քրդախոս 7 գյուղերի և առհասարակ Թուրքիայի առաջին կին գյուղապետ Ֆաթմայի, ինչպես նաև իր երեխաների հետ կրոնի դասեր ստացող Հավեի կերպարները։ Դեր Զորի շարասյունից մարաշցի Ֆաթման՝ որպես ծախու կին, համառ պայքար էր մղում այդ աշխարհագրական տարածքի մարդկանց հետ, որոնց լեզուն անգամ չգիտեր, ինչպես նոր անվան, այնպես էլ կին լինելու համար, իսկ Հավեն ստիպված էր Ղուրան կարդալ ու թզբեհ քաշել, պարտադրված ամուսնանալ հոգևորական Շեյխ Օմերի հետ, 3 որդի ունենալ և նրանց ևս մեծացնել որպես հոգևորական։ Նրանց պատմությունները ցեղասպանության հայկական հետքերից մնացած մոխիրներից են։

 

Ցեղասպանության ստրուկները

Ֆաթման և դուստրը՝ Ալիսը, ընտանիքի անդամների աչքերի առաջ «թրատվելիք» շարասյան մեջ էին, երբ Մուսթաֆան գնում է նրանց, որը տարիներ շարունակ իրենց տանն էր եղել՝ որպես Ֆաթմայի ամուսնու ընկեր։ Այս անձի կողմից էր թալանվել նաև նրանց տունը։ Մուսթաֆան Ալիսին իր որդու՝ Ռեսուլի համար էր գնել։ Կարծես Ֆաթմայի ու Ալիսի տառապանքները քիչ էին՝ Մուսթաֆայի երեխաներն էլ նրանց ամեն օր անտանելի ֆիզիկական խոշտանգումների էին ենթարկում։ Մայր ու աղջիկ ձմռան օրերին բռնի սարալանջի վրա էին բանեցվում, իսկ ամռան ամիսներին ժամեր շարունակ դաշտում աշխատելուց հետո գիշերը բռնաբարվում էին` իրենց գնած տղամարդկանց կողմից և այս կերպ ստիպված գոյատևում։

 

Վրեժը կնոջ մարմնի միջոցով է լուծվում

Ժամանակի ընթացքում երեխաների ատելությունը բոլոր բռնություններին դիմակայող Ֆաթմայի նկատմամբ մեծանում է, և մի օր կրկին դաշտում աշխատելիս նրանք քարերով ջարդում են Ֆաթմայի գլուխն ու դիակը քարակույտի մեջ թաքցնում։ Մուսթաֆայի բոլոր փնտրտուքներն ապարդյուն են անցնում, իսկ երեխաներն իրենց հորը չեն պատմում կատարվածի մասին։ Միայն ամիսներ անց, երբ քարակույտի միջից գտնում են դիակը, երեխաները խոստովանում են իրենց մեղքը, մինչդեռ հայրը վրեժը նորից փոքր աղջկանից է լուծում։ Մուսթաֆան տիրանում է Ալիսին, որին որպես Ռեսուլի գնած ավար էր դիտում, և ամուսնանում նրա հետ:

Իսկ կատարվածից հետո, երբ վրեժը կնոջ մարմնի միջոցով են լուծում, Ալիսի ահասարսուռ պատմությունը շարունակվում է այտեղից, որտեղ կանգ էր առել, միայն թե անձինք են փոխվում։

Շարունակելի

 Թարգմ.՝ ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇՅԱՆԸ

Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Պատմության էջերից


24/05/2017