Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ



ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԹանգարանների միջազգային օրվա առթիվ գեներալմայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերի զինվորներն ու սպաները մայիսի 18-ին այցելեցին 1948 թվականին բացված Գորիսի հնագիտական, երկրագիտական թանգարան:

Զինծառայողներն այստեղ  ծանոթացան Սյունյաց աշխարհի հերոսական պատմությանը, պատմական անցուդարձերին, ռազմական, քաղաքական եւ մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը, ինչպես նաեւ ներկայացվեց Զանգեզուրի ազատագրական պայքարը, հաղթանակի գործում  Զորավար Անդրանիկի եւ Գարեգին Նժդեհի հսկայական դերն ու առաքելությունը:

Ակսել Բակունցի տունթանգարանի տնօրեն, հնագետ Վարդան Սարգսյանը զինծառայողներին ներկայացրեց  թանգարանի ստեղծման պատմությունը, պատմեց  տարածաշրջանի մշակութային հարուստ ժառանգությունը վկայող հնագիտական շուրջ 500 ցուցանմուշների, պեղումների ընթացքում գտած բրոնզե զենքերի, զարդերի, արձանիկների ծագման եւ հայտնաբերման պատմությունը:

Հայրենիքի պաշտպաններն իրազեկվեցին Սյունիքի տարեգրության  պատմական փաստաթղթերին, հին գորիսեցու կենցաղային եւ սոցիալական կեցությունը բնորոշող պարագաներին, բացօթյա սրահի տարածքում տեղակայված տարբեր տեսակի հուշարձաններին, տապանաքարերին եւ այլն:

Զինծառայողներն ուշադրությամբ դիտեցին այնպիսի  յուրահատուկ ցուցանմուշներ, ինչպիսիք են 18-րդ դարի վիշապագորգը, հինգգլխանի հեթանոսական ժամանակաշրջանի քարը, ուրարտական շրջանի առյուծի բրոնզե արձանիկը, կավե կուլաները:

Նույն օրը զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սպարտակ Խաչատրյանի ուղեկցությամբ անձնակազմի զինծառայողները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մոմավառությունից հետո այցելեցին Ակսել Բակունցի տունթանգարան:

Մեծ արձակագրի տունթանգարանում զինծառայողները  հաղորդակցվեցին գրողի կյանքն ու գրական գործունեությունը ներկայացնող մասունքներին:

Տունթանգարանի գիտաշխատող Անահիտ Հարությունյանը զինծառայողներին «Ստալինյան բռնաճնշումների հետեւանքները հայ մտավորականության վրա» թեմայի շրջանակներում ներկայացրեց  Ակսել Բակունցի ապրած ժամանակաշրջանը:

Ապրիլյան պատերազմի, մեր քաջ զինվորների հերոսական սխրանքների մասին պատմեցին քաղաքի պետական համալսարանի ուսանողները:

Զինծառայողները լավագույն տպավորություններով վերադարձան զորամասեր:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին զորամիավորման

թղթակցական կետ

Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Բանակ և հասարակություն


24/05/2017