ՆՇԱՆԱԿԱԼԻ ՀՈԲԵԼՅԱՆ
«Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական–երիտասարդական կենտրոնը շատերին է հայտնի: Հայտնի է նաեւ, որ նրա հիմնադիր Գեւորգ Գեւորգյանը 14 տարեկանից կամավորագրվել է արցախյան ազատամարտին: Նրա հիմնադրած կենտրոնի մասին բազմիցս գրվել ու խոսվել է, փաստագրական ֆիլմ եւ տեսաֆիլմեր են նկարահանվել: Զինադադարի կնքումից հետո էլ Գեւորգին հանգիստ չեն տվել մտորումները մարտարվեստի ազգային ակունքների մասին: Նա եկել է այն եզրահանգման, որ, ինչպես արեւելյան մյուս մարտարվեստների դեպքում է, հայկական այբուբենի տառերը նույնպես հուշումներ են մարդու մարմնի, մտքի եւ հոգու եռամիասնության, ներդաշնակ զարգացման հնարավորությունների մասին: Այսպես հիմնվեց հայկական Գեւորգյան մարտարվեստը, որն այսօր արդեն բազմաճյուղ ուսուցման համակարգ է: Այստեղ բուն` հայկական մարտարվեստի ուսուցման դասընթացներին զուգահեռ` ուշադրություն է դարձվում մատաղ սերնդի ֆիզիկապես ամուր եւ ճկուն, ազգային ոգով դաստիարակությանը, անցկացվում են մարտական–ռազմական, առողջարարական դասընթացներ, որոնցում սաներն ստանում են մարտավարական բազմակողմանի գիտելիքներ ու հմտություններ, առողջ ապրելակերպի ուղենիշներ:
Այսօր արդեն հայկական Գեւորգյան մարտարվեստին ծանոթանալու, այս կենտրոնում ուսանելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան են ժամանում բազմաթիվ այլազգիներ եւ հաճույքով ներգրավվում դասընթացներին:
Մայիսի 23-ին «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական–երիտասարդական կենտրոնը նշեց իր հիմնադրման 5-րդ տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մկրտչյանը, Արցախի հերոս Արկադի Տեր–Թադեւոսյանը, ռազմական եւ հասարակական մի շարք անվանի գործիչներ:
Հյուրերը շրջեցին կենտրոնի տարածքով, ծանոթացան դրա առանձնահատկություններին եւ հնարավորություններին, այնուհետեւ դիտեցին «Գեւորգյան մարտարվեստի դպրոցի» մասին պատմող տեսահոլովակները: Կրթահամալիրի սաները պատվավոր հյուրերին ցուցադրեցին իրենց կենտրոնի հնգամյա գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները:
Ողջունելով սաներին ու միջոցառման մասնակիցներին` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարեւորեց կենտրոնի դերը առողջ ապրելակերպով եւ ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտասարդների ձեւավորման գործում: Շնորհակալություն հայտնելով կատարված հետեւողական աշխատանքի համար` Վիգեն Սարգսյանը մասնավորապես նշեց. «Շատ կարեւոր է, որ բոլոր ուղղություններով կարողանանք միջազգայինի համայնապատկերում տեսնել ու առանձնացնել մեր ազգայինը եւ դրա վրա կառուցել սերունդների դաստիարակությունը: Սա հենց այն է, ինչ անում է այս մարտարվեստի դպրոցը: Մենք կքննարկենք այս փորձը ինչպես ռազմահայրենասիրական դաստիարակության, այնպես էլ երիտասարդ սերնդի ֆիզիկական պատրաստության կազմակերպման գործում ավելի լայնորեն կիրառելու հնարավորությունները»:
Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց դահլիճում, որտեղ «Ազգ–բանակ» կոնցեպտի շուրջ ծավալված քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց գաղափարի շրջանակներում մշակված ծրագրերն ու դրանց նպատակները: ՀՀ պաշտպանության, գիտության եւ կրթության նախարարները պատասխանեցին հանդիպման մասնակիցների հարցերին:
Ք. Թ.
Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Բանակ և հասարակություն