Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԼԵԳԵՆԴԸ



ՄԵՐ ՕՐԵՐԻ ԼԵԳԵՆԴԸԱյս հոդվածի հերոսը ներկայացվելու կարիք չունի: Բավական է, երկու  բառ դնել իրար կողքի, ու անմիջապես պարզ կլինի, թե  ում մասին է խոսքըԼեգենդար և համեստԵվ գուցե հենց այստե՞ղ է գաղտնիքը, որ նա, ում անունը անմիջականորեն զուգորդվում է Շուշիի ազատագրման որոշիչ գործողության հետ, ով կրում է Արցախի հերոսի պատվավոր կոչումը, այսքան մոտ է ժողովրդին, այսքան սիրելի է ու հարազատ: Գեներալմայոր Արկադի ՏերԹադևոսյանն օրեր առաջ բոլորեց իր 78-ամյակը: Սա ևս մի առիթ էր նրան հանդիպելու և լսելու:

 

ՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

  Սովետական իշխանության օրոք շատ քիչ բան գիտեի ցեղասպանության մասին:  Դրսում այդ թեման ընդհանրապես շրջանցվում էր, իսկ տանը՝ պապս, տատս, որ նույնպես խուսափում էին դրա մասին խոսելուց, մեզ սաստելու համար ասում էին. «Խելոք մնա, թե չէ` թուրքը կգա, ականջդ կպոկի, էս կանի, էն կանի»: Իմ մանկական հիշողության մեջ ցեղասպանության մասին միայն սա է մնացել: Իսկ թե ինչե՜ր են վերապրել նրանքՊապս որբ էր. նրա ծնողներին թուրքերն այրել էին: Ծնողներս նաև 37-ի արհավիրքն էին վերապրել

Ցեղասպանության, թուրքերի, կոմունիստական համակարգի մասին պատկերացումներս իմ մեջ հակասական զգացումներ էին առաջացնում: Զարմանում էի, որ տատիկս մեր տան շանը Ստալին էր կանչում: Մենք ընտանիքով սաստիկ հուզվել էինք, երբ «մեծ առաջնորդը» մահացավ: Բոլորս լաց էինք լինում, իսկ տատիկս ուրախանում էր: Մայրս ասում էր. «Մեռած մարդու ետևից լավ չէ ծիծաղելը»: Այնպես որ՝ ոչ մի վատ տրամադրվածություն չեմ ունեցել ո՛չ Ստալինի, ո՛չ էլ թուրքերի հանդեպ:

Ինչպես կարգն էր՝ սկզբում պիոներ էի, հետո կոմսոմոլ, ուսումնարանն ավարտելուց հետո կոմունիստ դարձա: Կյանքս շատ բազմազան ու բազմաշերտ էր. մի կողմից բռնագաղթված նախնիներս էին, մյուս կողմից՝ ես սովետական սպա էի, և որպես կոմունիստ ինձ ուղարկում էին «մեր սուրբ գործի առաջնագիծ»: Սկզբում մեկնեցի Գերմանիա` «սոցիալիզմն ամրապնդելու»: Տեսա, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, աչքերիս չհավատացիՆույնն էր Չեխոսլովակիայում. մեզ մոտ մի բան էին ասում, իրականում ուրիշ բան էի տեսնում: Մի խոսքով, հասկացա, որ մեծացել եմ ծուռ հայելիների աշխարհում: Սկսեցի կողմնորոշվել, հետևություններ անել ոչ թե զանգվածային լրատվամիջոցներով, այլ իմ աչքի տեսածով և «անդրկուլիսյան ԶԼՄներով», մարդկանց խոսակցություններով:

Բոլորը գիտեին, որ Սովետական ժամանակներում իմ պապն ու տատը ռեպրեսիաների են ենթարկվել, գիտեին, որ հայրս գերության մեջ էր, որ իսկական ազգանունս ՏերԹադևոսյան էր, բայց դարձրել էի Թադևոսյան: Եվ իմ կյանքում ոչ մի սարսափելի բան չէի տեսնումՄեջս ոչ մի վախ չկար, թե՝ ստալինյան ռեժիմ է, եթե մի անզգույշ բան ասես, կնստեցնեն: Գուցե նրանից էր, որ պարզապես ոչ մի «վատ բան» չէի անում ու ասում, բարեխղճորեն ուսումնասիրում էի ՄարքսիզմԼենինիզմը ևհառա~ջ, կեցցե՛ Կոմունիզմը: Դարձա Սովետական բանակի սպա, երդում տվեցի:

 

ԱՌԵՐԵՍՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 1987-ին Հայաստան վերադարձա ու դարձա զինվորական ամբիոնի դասախոս: 1988-ին, 89-ին իմ բոլոր ուսանողները փախչում էին դասերից, գնում էին միտինգի, իսկ ես արգելում էի: Սովետական կադրային սպայի ուղեղում ո՞նց կարող էր տեղավորվել այն միտքը, որ Հայաստանը անկախություն է պահանջումՍովետից: Կնոջս հանրահավաքների գնալը մեր տանը վեճերի առիթ էր դառնում:

Բայց այս ամենը՝ բոլոր համոզմունքներս, հավատամքներս մի օրում այնքան հեշտությամբ հօդս ցնդեցին…1990-ն էր: Մարգարյան հիվանդանոցից բժիշկները դեղորայք էին տեղափոխելու Ստեփանակերտ, նրանց զինվորական ուղեկցորդ էր պետք: Ոչ ոք չհամաձայնեց: Իսկ ինձ հետաքրքիր էր. ռադիոյով մի բան էի լսում, մարդիկ այլ բան էին պատմում, պետք էր ճշմարտությունն իմանալ: Գնացի, և այն, ինչ տեսա, ինձ համար վայրագություն էր: Ստեփանակերտում դեղորայքը հանձնեցինք, իսկ հիվանդ, վիրավոր կանանց ու երեխաներին պետք էր շտապ Երևան տեղափոխեինք:  Մի 14-ամյա տղա կար, որի մոտ ոտքի փտախտ էր սկսվել, սարսափելի վիճակում էր, շտապ օգնություն էր պետքԲայց օմօնականները թույլ չտվեցին նրան տեղափոխել Երևան: Լկտիաբար ասացին. «Սա կգնա, կառողջանա, կգա, մեր դեմ կկռվի»: Աչքիս առաջ օմօնականները քաշքշում էին կանանց, դաժանաբար ծեծում էին տղամարդկանցԲաքվում սովորածս տարիների ինտերնացիոնալիստական  գաղափարներիցս ոչինչ չմնաց: Այդ գազանացած մարդկանց տեսնելով՝ հասկացա, որ եթե մերոնք զենքը ձեռքները չառնեին, մեր վիճակը շատ վատ էր լինելու: Մերձբալթիկան, Վրաստանն ու մենք միաժամանակ սկսեցինք շարժումը: Սակայն ինչոր պատճառով, ինչ լինում էր, մեր վրա էին բարդում:

 

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՍ

Ուրիշ է, երբ լսում ես այդ ամենի մասին, և ուրիշ է, երբ սեփական աչքերով ես տեսնում: Վերադառնալով՝ խնդրեցի, որ ինձ անհապաղ զորացրեն և գնացի տղաների մոտ: Դավիթաշենում փոքրիկ այգի ունեի, որի մոտակայքում «Սասունցի Դավիթ» ջոկատի շտաբն էր: Տղաները զենք էին վերցրել, բայց դրա հետ վարվել չգիտեին: Ուրեմն, ես պետք էի նրանց: Տանը երկտող թողեցի. «Ես պետք եմ այնտեղ» ու ջոկատի հետ մեկնեցի Արցախ:

Նոր միայն սկսեցի հասկանալ, թե ուր եմ եկել: Ազատամարտիկներն այն մարդիկ էին, ովքեր զենք վերցրած գնում էին Սովետական Միության ու դրա կազմի մեջ մտնող Ադրբեջանի դեմ և պատրաստ էին մեռնելու: Ես պարզապես վարակվեցի նրանցից: Տղամարդ եմ, մրցակիցներս էլ տղամարդիկ են,- այսպես էի մտածում, բայց սրանք ուրիշ տեսակ էին. սկսեցի տղամարդու մի նոր տեսակ ընկալել՝ իմ մարտական ընկերները

 

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՈՐՈՇԻՉԸ

Զինվորականի համար հաղթանակի երկու կարևոր հենարան կա. մարդիկ և տեղանքը. ուժեղ, բարոյական բարձր ոգի ունեցող մարդիկ՝ ղարաբաղցիները, և Արցախի անանցանելի լեռները: Մենք սիրում ենք լեռները, լեռներում կողմնորոշվում ենք, ինչպես տանը, իսկ ադրբեջանցիներին ավելի շատ արոտավայրերը, հարթավայրերն են հարազատ: Մեր ազգի մեջ կա պաշտպան լինելու գենը: Պատերազմում գիտե՞ք՝ ինչն է որոշիչ՝ խուճապի կմատնվե՞ս, թե՞ ոչ: Ադրբեջանցիք շուտ են տրվում խուճապին: Իսկ մեզ կյանքն ստիպել է արագ կողմնորոշվել բարդ իրավիճակներում: Եվ, բացի այդ, ճիշտ է այն բանաձևումը, թե. «Ամեն հայ մտածում է, որ ինքը գեներալ է»: Խաղաղ ժամանակ սա իհարկե շատ դժվարություններ կարող է հարուցել: Բայց պատերազմի համար սա հայի բնավորության հրաշալի գիծ է. երբ մարտիկը ոչ միայն ինքնուրույն որոշումներ կարող է կայացնել, այլև՝ իր ետևից տանել մյուսներին: Թուրքերի մոտ այդպես չէ. հրամանատարին սպանեցին՝ վե՛րջ, բոլորը այս  ու այն կողմ կփախչեն:

 

ԱՅՆՏԵՂ՝ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ, ԻՐՈՔ ՀՐԱՇՔՆԵՐ ԷԻՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Այս հրաշքները հաճախ վերագրում են ինձ, բայց ես շատ եմ ասել ու էլի եմ ասում. սրանք համախմբված ճիգերով գործված հրաշքներ էին՝ շատ հստակ գործողություններՀենց այդպես էլ իրականում ամեն ինչ եղել է. քսանվեց ու կես ժամում այդ ԽԵՆԹԵՐԸ ետ վերցրին Շուշին: 

Այ, պատմում են, որ տակտիկական հետաքրքիր հնարքներ ենք բանեցրել. ալյուրի մասին են պատմում, որ շաղ ենք տվել Շուշիի վրա: Իսկ իրականում այն ժամանակ ղարաբաղցիք սոված էին. ալյուրը գրամներով էին բաժանում, որ սովից չմահանան: Խնդրեցինք, ասացինք, որ այսպիսի բան ենք պլանավորում, Հայաստանից ուղարկեցին: Ժողովուրդը այդ ալյուրից հաց թխեց, կերավ

Իրականում մեզ օգնեց այն, որ ուսումնական կենտրոն էինք ստեղծել: Պատերազմելուն զուգահեռ` սովորեցնում ու հետն էլ սովորում էինք: Առանց ռազմական գործի իմացության կռվելն անհնար է: Ես ինքս այնտեղ «պատճենահանող սարքի» էի վերածվել: Ոչինչ չէի հորինում: Իմ գիտելիքները, գրքերը, ամեն ինչ անմիջապես գործի էր դրվում: Որպես ռազմական մասնագետ՝ գիտեի, թե որ տեղեկությունը որտեղից կարելի է քաղել, իսկ մեր մարտիկները սպունգի նման կլանում էին ամեն ինչ: Այնքան արագ էին յուրացնում, տեսականն ու գործնականը միասին այնպիսի՜ վստահություն էին տալիս մեր զինվորին:  Վախը սովորական երևույթ է՝ ճի՞շտ է: Իսկ մենք մարտադաշտում սովորեցինք մեր վախը հաղթահարել: Սա էր մեր ազատամարտիկների  հերոսականության գաղտնիքը: Ես միշտ հիացել եմ նրանցով, խոնարհվում եմ նրանց առջև: Գրեթե բոլոր լավագույն տղաները հիմա Եռաբլուրում կամ այլ տեղերում են հանգչում: Նրանց հիշատակը երբեք չի կարելի մոռանալ կամ ուրանալ: Իհարկե, կուզենայի ասել` «Ես սա՛ արեցի, ես նա՛ արեցի», բայց սա՛ է ճշմարտությունը:

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ «ՇԱՐԺԻՉԸ»

Տող գյուղը երկու մասի էր բաժանված: Մի կողմում 200 սովետական զինվոր, 50 օմօնական ու դեռ ադրբեջանցի զինված գյուղացիներ էին: Իսկ մյուս կողմում՝ գյուղի մեր հսկողության տակ գտնվող հատվածում, մերոնցից կանգնած էր Էդիկը՝ իր մի ատրճանակով և 8 փամփուշտով: Արդեն Հադրութը հայաթափել էին` 24 գյուղ, իսկ Տողը 25-րդն էր: Ահա ուժերի այսպիսի հարաբերակցություն էր, երբ Սերժ Սարգսյանի հրամանով իմ քսան մարտիկներով եկա Տողի ինքնապաշտպանությունը կազմակերպելու: Այստեղ էր, որ հանդիպեցի Դավիթ Սարապյանին՝ «Դևին», որի ջոկատում այդ ժամանակ ընդամենը 4 հոգի կար: Որպես խելացի, ուսյալ զինվորական, սկսեցի թվարկել, թե մեզ ինչ է հարկավոր: Իսկ նա ինձ ասում է՝ «Արկա՛դի Իվանիչ, պաշտպանությունը մահվան է հավասարազոր: Եթե հիմա  պաշտպանական դիրք գրավենք, ադրբեջանցիները նորից ու նորից մարդիկ կուղարկեն, կկորցնենք գյուղը: Պետք է վերցնենք, ու վե՛րջ»: Հետո մեզ միացավ նաև Ժաննա Գալստյանը տղաների մի խմբի հետ ու խոսքները մեկ արած՝ պնդեցին՝ գյուղը վերցնել է պետք: …Երբ ազատագրեցինք Տողը, իմ մեջ այսպիսի մի գաղափար հասունացավ ու բյուրեղացավ՝  պաշտպանվելով ոչնչի չես հասնի: Սա հիմա արդեն կյանքիս նշանաբանն է. պաշտպանական քաղաքականությունը կործանարար եմ համարում: …Ստեփանակերտում էինք, չորս կողմից շրջափակման մեջ: Ու այդ իրավիճակում նստած պլան էինք մշակում՝ թե ինչ հերթականությամբ, ոնց ենք ազատագրելու շրջակա գյուղերը

Մարտի դաշտում մի միասնական մտածողության էինք վերածվել: Ես իմ ռազմական գիտելիքները չափում, ձևում ու հարմարեցնում էի այն ամենին, ինչն առաջարկում էին մարտիկներս: Որոշումները համատեղ էինք կայացնում:

 

ԻՄ ՀԱՎԱՏՆ ԱՌ ԱՍՏՎԱԾ

Խորհրդային տարիներին շատ հեռու էինք Աստծուց: Իմ ավետարանը մարքսիզմլենինիզմի գրքերն էին: Երբ ես Արցախ եկա, ինձ Պարգև սրբազանի մոտ տարան: Նա մի հարց տվեց միայն. «Ինչո՞ւ ես եկել»: Ես էլ պատասխանեցի՝ «Ղարսը վերցնելու…»: Ինձ գրկեց, և ես զգացի այն, ինչ մինչև այժմ զգում եմ այդ մարդու հանդեպխորը հարգանք ու վստահություն: Հենց նրա միջոցով ես համաձայնության եկա իմ Աստծու հետ: Այն էլ ասեմ, որ մարտի դաշտում մենք երբեք սեղան չէինք նստում, քանի դեռ Տեր Գրիգորը չէր օրհնել մեր սեղանը:

Քանի որ հոգևորականի թոռ եմ, մեր տանը միշտ առաջնահերթ է եղել հանդուրժողականությունը. չնայած բոլոր այն ցավերին, որ բաժին են ընկել նախնիներիս, մենք վրեժխնդրության երբեք չենք ձգտել: Հայրենական պատերազմի բովով անցած հորս մեջ ազգային խտրականության զգացում չկար: Նա հավասարապես կարող էր ընկերություն անել թե՛ ադրբեջանցու, թե՛ ռուսի, թե՛ հրեայի, թե՛ ղազախի հետ: Նրա համար կարևորը մարդն էր՝ իր բնավորության գծերով: Գուցե սա է պատճառը, որ իմ մեջ հավատը երբեք չշաղկապվեց մարդ կոչման հետ: Իմ մեջ ադրբեջանցիների հանդեպ երբեք ատելություն չի եղել և չկա: Ընդհանրապես, երբ ես նստում եմ անծանոթ մարդու դիմաց, արդեն գիտեմ՝ յուրաքանչյուրը նախ իր բնավորության լավ գծերն է ուզում ցույց տալ: Դե, հո չես նստի ու անծանոթ մեկին պատմի քո վատ գծերից: Բայց երբ մեկը շատ է խոսում իր լավ կողմերի մասին, ուրեմն ինչոր բան այն չէ, ուրեմն նախ ինքն իրեն է փորձում համոզել, որ ինքը լավն է:

 

ՄԵՆՔ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ

 Հիմա մեծ ուրախությամբ եմ գնում դպրոցական բոլոր միջոցառումներին, երբ ինձ հրավիրում են: Մենք պարտք ունենք մեր երեխաների հանդեպ: Երբ համեմատում եմ իմ մանկությունն ու նրանցը, հասկանում եմ, որ այս երեխաների ուսերին դժվարություններ ենք դրել, որ ինքներս չենք ունեցել: Կարծում եմ՝ իմ խնդիրն է փորձս իրենց փոխանցելը, նրանց վստահեցնելը, որ մենք հզոր ազգ ենք: Ապրիլյան իրադարձությունները շատ բան ցույց տվեցին, վկայեցին, որ մենք հրաշալի դպրոց ունենք: Խոնարհվում եմ մեր ուսուցիչների առջև: Այս հանդիպումներում միակ բանը, որ չեմ սիրում, այն է, երբ ինձ փառաբանող ճառեր եմ լսում

 

ԴԻՐՔԱՊԱՀ ՏՂԱՆԵՐ ՋԱՆ, ԳԻՏԵ՞Ք,  ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՔ

Սիրելի՛ տղաներ, այն դժվարությունները, որ ծանրացած են ձեր ուսերին, ձեզ դարձնում են մարդ, որին մենք հավատում ենք, որի շնորհիվ վստահ ենք, որ կապրենք խաղաղության մեջ: Այն բարոյական ոգին, որ դուք ունեք, համայն աշխարհին համոզում է, որ մեր գործն արդար է, որ մենք կանգնած ենք հանուն մեր հողի, մեր ժողովրդի, և այս ամենի երաշխավորը հենց դո՛ւք եք: Որպես դժվարին տարիներով անցած մի մարդ՝ որպես ձեր պապիկը, անչափ հիանում եմ ձեզնով: Բոլորիդ ցանկանում եմ առաջին հերթին ամուր առողջություն, հպարտորեն գրկում, համբուրում եմ ձեզ: 

Գրի առավ ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Ազգային բանակ


31/05/2017